Այսպէս է ասում Տէրը. «Բայց պիղծ բաներից եւ սնոտի խօսքերից հեռո՛ւ մնա, քանի որ դրանց անձնատուր եղողները աւելի ու աւելի առաջ են գնում ամբարշտութիւնների մէջ, եւ նրանց խօսքերը քաղցկեղի նման ճարակ են գտնում» (Տիմոթեոս 2:16)

Սուրբ Նիկողայոս Հայրապետի վարքը

(ըստ Հայսմավուրքի)

Ս. Նիկողայոս հայրապետը 318 հայրապետներից էր, ովքեր հավաքվեցին Նիկիայի ժողովին Սաբելի և Արիոսի մոլորեցնող հերձվածների պատճառով, քանի որ Սաբելի աղանդը մոլորաբար միավորում և մեկ անձ էր համարում ամենասուրբ Երրորդությունը, որն (իրենց կարծիքով) ունի երեք անուն: Իսկ Արիոսը անօրինաբար բաժանում էր Հոր և Որդու և Ս. Հոգու միասնական երեքանձնյա Աստվածությունը: Այդ պատճառով սուրբ հայրերը հավաքվեցին Նիկիայում, մերժեցին Սաբելի և Արիոսի մոլորությունները և հաստատեցին Եկեղեցու դավանանքը: Միասնական ամենասուրբ Երրորդություն` Հայր և Որդի և Սուրբ Հոգի` 3 անձ և մեկ բնություն, մեկ Աստվածություն, ո´չ երեք Աստված, այլ մեկ Աստված, մեկ կամք, մեկ իշխանություն: Հայր` ծնող, Որդի` ծնունդ, Սուրբ Հոգի` բխող Հորից` էակից Հոր և փառակից Որդու:

Ս. Նիկողայոսը Լիկիայի Զմյուռին քաղաքից էր: Նրա հոր անունը Եպիփան էր, մորը` Նունե, ովքեր ուխտով խնդրեցին իրենց զավակին Աստծուց: Երբ ծնվեց Նիկողայոսը, նա երկու ժամ կանգնեց իր ոտքերի վրա, և քանի դեռ կերակրվում էր մոր կաթով, չորեքշաբթի և ուրբաթ օրերին մոր ստինքները բերան չէր առնում, այլ մնում էր անոթի: Մոր կաթից կտրվելուց հետո էլ այնպես մնաց և չարձակեց իրեն պահքի կերակրով սնվելուց մինչև իր կյանքի վախճանը: Մինչդեռ սնվում էր մոր կաթով ձախ ստինքը բերան չառավ, այլ միայն աջը: Յոթ տարեկան հասակում նրան տվեցին դպրոց` ուսանելու և սովորեցրեցին գրագիտություն: Մի կին չորացած ոտքերով աղաչեց մանուկ Նիկողայոսին առողջացնել իրեն: Ս. Նիկողայոսը, խաչակնքելով կնոջը, իսկույն բժշկեց նրան:

Տասնինը տարեկանում սրբի քեռին` Նիկողայոս եպիսկոպոսը, ձեռնադրեց նրան քահանա և նրան հանձնեց եկեղեցու հոգսը, և նա բարվոք հովվում էր այն: Գյուղում, որ մոտ էր սրբի վանքին, մի դիվահար կին ընկավ գյուղի աղբյուրը, խեղդվեց, և ջուրը ցամաքեց այն աղբյուրում: Նեղյալ ծարավից` գյուղի բնակիչները եկան Ս. քահանա Նիկողայոսի մոտ և աղաչում էին նրանց համար ջուր հանել: Ս. Նիկողայոսը ամբողջ ժողովրդով, խաչով և Ավետարանով գնաց այդ գյուղի վերին ծայրը և, ծնկի իջնելով՝ աղոթեց Աստծուն, և իսկույն ջուր ելավ` հորդառատ, սառը, բարեհամ: Եվ բոլորը, փառք տալով, մեծ ուրախությամբ գոհություն էին հայտնում Աստծուն: Երբ վերադարձավ սուրբն իր եկեղեցին, նրա մոտ հավաքվեց ժողովրդի և քահանաների բազմություն: Նա նստեցրեց բոլորին և, վերցնելով 3 հաց ու մի փոքրիկ կուժ գինի, տվեց նրանց` ուտելու և ըմպելու: Հավաքված բազմության մարդիկ տրտնջում էին մտքներում հացի և գինու սակավության պատճառով: Այնժամ սուրբը, վերցնելով հացն ու գինին, իր ձեռքով բաժանեց բոլորին` լի և առատ: Եվ մարդիկ, հագենալով, զարմացան ու գոհություն հայտնեցին Աստծուն:

Բերեցին երանելիի մոտ մի դիվահար մարդու` կապված կրկնակի շղթայով դևի չարության պատճառով: Սուրբը ձեթ վերցրեց կանթեղից, ցանեց դիվահարի վրա, և նա իսկույն բժշկվեց: Նույնպես և այսահար մի քահանայի բժշկեց և այսակիր մի հովվի սրբեց:

Մի օր Ս. Նիկողայոսը տեսավ Քրիստոսին և Ս. Աստվածածնին: Տերը տվեց նրան Ավետարան, իսկ Ս. Կույսը` զգեստ քահանայական: Եվ նույն օրը Ս. Նիկողայոսին ձեռնադրեցին Զմյուռին քաղաքի միտրոպոլիտ: Այդ պատճառով, երբ նկարում են սուրբ Նիկողայոսի սրբապատկերը, աջից պատկերում են Քրիստոսին` ձեռքը Ավետարան, իսկ ձախից` Ս. Աստվածածնին` ձեռքը զգեստ քահանայական:

Այն ժամանակներում Ասիայում սաստիկ սով եղավ, և կերակուր չէր գտնվում: Ս. Նիկողայոս հայրապետը երևաց մի նավապետի ծովում, տվեց նրան դեկան (փողի և ոսկու կշռի միավոր) երազում ու ասաց. «Արի Զմյուռին և լավագույնս կշահես»: Նավապետը, զարթնելով, տեսավ դահեկանները իր ձեռքում, օրհնեց Աստծուն, տարավ ցորենով իր նավը Զմյուռին և լավ շահեց: Եվ ամբողջ քաղաքը լիացավ հացով: Նավապետը պատմում էր բոլորին իր տեսիլքը, և գնաց սրբի մոտ, օրհնություն ստացավ նրանից:

Մի օր մի նավ մոտ էր խորտակվելու ծովի ալիքներից: Մարդիկ, որ նավում էին կանչեցին Ս. Նիկողայոսի անունը: Եվ նույն ժամին նրանց երևաց Ս. Նիկողայոս հայրապետը և փրկեց նրանց վտանգից:

Եղավ այնպես, որ Կոստանդիանոս թագավորը պատվեց չորս այրերի նրանց քաջության համար: Ոմանք, նախանձելով նրանց պատվին, տվեցին Եպարքոսին ոսկի, և նա զրպարտեց այդ այրերին ու ասաց թագավորին. «կամենում են քեզ սպանել»: Թագավորը բանտարկեց պատվավոր այրերին, և նրանք արտասուքով ապավինեցին Ս. Նիկողայոսի աղոթքներին: Այն գիշերը Ս. Նիկողայոս հայրապետը երևաց Եպարքոսին և թագավորին ու սաստիկ հանդիմանությամբ հրամայեց ազատել անմեղներին բանտից, ապա թե ոչ` շուտով կմեռնեք, ասաց: Եվ թագավորը արձակեց բանտարկյալներին, կանգնեցնելով իր առջև` հարցրեց.

- Մի այր երևաց ինձ այս գիշեր և հրամայեց ազատել ձեզ: Գիտե՞ք, արդյոք, թե ով է նա:
Նրանք ասացին.

- Արքա, հավիտյան ապրիր, Աստծո սրբին մենք ինչպես կարող ենք ճանաչել. կամ Աստծո հրեշտակն է, կամ ոմն սուրբ հայրերից:

Թագավորն ասաց.

- Դուք Աստծո սրբերից ո՞ւմ բերեխոսությունը խնդրեցիք առ Աստված:

Նրանք պատասխանեցին.

- Այո, Զմյուռնո Ս. Նիկողայոս հայրապետին աղաչեցինք և նրա աղոթքները բարեխոս ունեցանք առ Աստված` որպեսզի ազատի մեզ արքայի սպառնալիքներից: Քանզի մի օր Ձեր հրամանով, արքա, եղանք Զմյուռին քաղաքում և այնտեղ սքանչելի բան տեսանք. որովհետև մի մարդու անիրավ մահվանից ազատեց և Աստծո ներգործությամբ հանդիմանեց դատավորին, որ կաշառքի պատճառով կործանում էր անմեղներին: Նույնպես և մենք` անպարտ լինելով, դատապարտվեցինք արքայից և օգնության կանչեցինք Աստծուն և Ս. հայրապետի աղոթքները:

Թագավորն ասաց.

- Նկարագրեք ինձ սրբի կերպարանքը:

Նրանք պատասխանեցին.

- Այր ալևոր և ճաղատ, կարճամորուս և քաղցրատես, նուրբ և բարձրահասակ, ունի գլխին քցափ (կրոնավորի գլխարկ), հայրապետական զգեստ հագնված, ձեռքին` եղեգնյա գավազան:

Թագավորն ասաց.

- Ճշմարտապես, նա երևաց ինձ այս գիշեր և սպառնաց ինձ մահով, եթե ձեզ չարձակեմ:

Եվ նրանք, երկրպագելով, գոհությամբ փառք տվեցին Աստծուն: Արքան պատվական ընծաներ ուղարկեց ի պատիվ Աստծո քահանայապետի և իր թագավորության համար նրանից օրհնություն խնդրեց: Եվ ասաց, թե. «Երկրպագեք նրան իմ անունից և ասացեք. «Քո սրբությանդ կողմից մեզ հրամայվածը կատարեցինք, ընդունիր մեր կողմից այս ընծաները և հիշիր մեզ քո աղոթքներում»: Նրանք, ազատվելով բանտից, մեծ ուրախությամբ գնացին երանելիի մոտ և իրենց հետ ամեն պատահածը պատմեցին: Սուրբը, լսելով, փառք տվեց Աստծուն:

Կար մի ծառ` ահավոր և բարձր, քառասուն կանգուն բարձրությամբ, որտեղ բուն էին դրել դևերը և մարդկանցից պաշտամունք էին ընդունում` զարհուրելի և սարսափազդու երևույթների պատճառով, որ լինում էին ծառից և վախեցնում էին մարդկանց: Եվ մի օր, երբ Ս. հայրապետը անցնում էր նրա մոտով, խաչակնքեց այդ ահավոր ծառը և կործանեց այն և դևերին հալածեց այդտեղից:

Մի օր մի լուսնոտ կին ընկավ սրբի ոտքերը, և Ս. հայրապետը իսկույն բժշկեց նրան:

Իր փոխման օրը Ս. Նիկողայոս հայրապետը տեսավ Աստծո հրեշտակին և սկսեց աղոթել Աստծուն բոլոր հավատացյալների համար, մանավանդ` որ ուխտերով կատարեն նրա հիշատակը, ևս առավել նրանց համար, ովքեր հիշեն նրա անունը վշտերի և նեղությունների ժամանակ: Ապա հրեշտակների միջնորդությամբ ավանդեց իր հոգին Աստծուն:

Սրբի մահից հետո Հովհաննես անունով մի մարդ խորտակվում էր ծովում: Նա հիշեց Ս. Նիկողայոսին, և իսկույն երևաց Ս. հայրապետը, շուտով հանեց նրան ցամաք կենդանի:Եղավ այնպես, որ մի քահանա եկավ սրբի տապանի մոտ: Նրան գերի վերցրեցին արաբները և կամենում էին սպանել: Քահանան հիշեց Ս. Նիկողայոսին, և իսկույն երևաց սուրբը, հափշտակեց սուրը սպանողի ձեռքից, գցեց այն գետին և փրկեց քահանային ու նրանց, ովքեր իր հետ էին:

Մի մարդ նավով գնում էր Կոստանդնուպոլիս և, խորտակվելով ծովում՝ հիշեց սուրբի անունը: Իսկույն երևաց Ս. հայրապետը, հանեց այդ մարդուն ծովից և տարավ դրեց իր տանը` փակ դռներից ներս: Մարդը, ուշքի գալով, փառավորում էր Աստծուն և չգիտեր, թե որտեղ է: Այդ մարդու ընտանիքը, սրահից լսելով նրա ձայնը, դիմեց ներքև, կարծելով, թե գող է, տեսան իրենց տանտիրոջը` ջրաթաթախ, և զարմանքից ապշեցին: Իսկ մարդը հարցնում էր նրանցից, թե՝ ո՞րտեղ է ինքը: Նրանք ասացին՝ քո տանն ես, և նա պատմեց ողորմության մասին, որն արեց իրեն Աստված Ս. Նիկողայոսի միջնորդությամբ:

Ս. Նիկողայոսը նաև բազում ուրիշ սքանչելի գործեր արեց իր կենդանության օրոք և մահից հետո` նեղյալների և բանտարկյալների, գերյալների և խորտակվողների, ծնող կանանց և ամուլների համար, բարբարոսների պատերազմների և բոլոր վտանգների նեղության, ինչքի և անասունների կորստի ժամանակ:

Ովքեր կանչում են նրա անունը` արագ հասնում են փրկության և իրենց սրտերի փափագածին Տեր Աստծուց` բարեխոսությամբ արագահաս Նիկողայոս հայրապետի:

Նրա աղոթքներով և բարեխոսությամբ, Քրիստոս Աստված, ողորմի´ր այս գիրը կարդացողներին:

Թարգմանեց Աննա Կիշինևսկայան
Աղբյուր՝ Qahana.am