Այսպէս է ասում Տէրը. «Եւ կամ ի՞նչ միաբանութիւն Քրիստոսի եւ Բելիարի միջեւ. կամ ի՞նչ առնչութիւն ունի հաւատացեալը անհաւատի հետ. կամ ի՞նչ նմանութիւն ունի Աստծու տաճարը մեհեանների հետ։ Արդարեւ, կենդանի Աստծու տաճար էք դուք» (Կորնթացիներ 6:16)

Գեղարդավանքի պատմությունը

ԳԵՂԱՐԴԱՎԱՆՔ, Այրիվանք, ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղից հյուսիս-արևելք, Ազատ գետի Գողթ վտակի ձորալանջին: Հիմնել է Գրիգոր Ա Լուսավորիչը IV դ. սկզբին, հեթանոս. սրբավայրի տեղում: Վանքի համար նախապես օգտագործել են բնական քարայրերը (այստեղից էլ՝ մենաստանի առաջին՝ Այրիվանք անունը): IV դ. Գեղարդավանք է այցելել կաթողիկոս Ներսես Ա Պարթևը: Գեղարդավանքը եղել է կացարան կաթողիկոս Սահակ Ա Պարթևի համար:

VIII դ. 1-ին կեսին Գրիգոր Գռզիկը դարձել է Գեղարդավանքի միաբան և ծավալել երաժշտ-ստեղծագործ. բեղմնավոր գործունեություն, հիմնել Այրիվանքի դպրոցը: Կաթողիկոս Հովհաննես Դ Ովայեցին, 841-ին թողնելով հայրապետական թոռը, հաստատվել է Գեղարդավանքում: X դ. կաթողիկոս Հովհաննես Ե Դրասխանակերտցին, խուսափելով արաբ ոստիկանի հետապնդումից, ապաստանել է Գեղարդավանքում, ապա անցել Սևանի վանք: Արաբները 926-ին ներխուժել են Գեղարդավանք, գանձերի տեղն իմանալու համար տանջել միաբաններին, սպանել շատերին, կողոպտել վանքը (ներառյալ ձեռագրերը) և հրդեհել շինությունները:

Սելջուկյան արշավանքներից հետո, XIII դ. կեսից Գեղարդավանքում կրոնական կյանքը վերակենդանացել է:

Գեղարդավանքի պահպանված հնագույն Ս.Աստվածածին կիսաժայռափոր եկեղեցու հարավային պատին Աղվանից Ստեփանոս կաթողիկոսի 1181-ի արձանագրությունն է՝ վանքին ս. Անդրեասի մասունքները նվիրելու մասին: XII դ. Գեղարդավանքը ստացել է բազմաթիվ նվիրատվություններ՝ հողեր, այգիներ, դրամ: 1190-ին վանքում գրվել է Տոնապատճառ ժողովածուն: XIII դարից Գեղարդավանք անցել է հայ իշխան, զորավար Իվանե Զաքարյանի իշխանության ներքո: 1213 ին Տիմոթ և Մխիթար կազմողները վանքում գեղաքանդակ խաչքար են կանգնեցրել:

1215-ին, Բարսեղ վարդապետի վանահայրության օրոք, սրբատաշ տուֆով կառուցվել է Գեղարդավանքի գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցին: Այն ներսից խաչաձև է, չորս անկյուններում ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն, հարավային ճոխ շքամուտքով, դեկորատիվ կամարաշարով և հարթաքանդակներով զարդարված գմբեթով:

Բազմաթիվ անձինք նյութապես օժանդակել են եկեղեցու առանձին մասերի (ավանդատներ, խորան, սալահատակ և այլն) շինարարությանը: Իշխան Իվանե Զաքարյանը Գեղարդավանք է այցելել 1219-ին և նրան նվիրել Բերդաղ գյուղը: 1215-25-ին Կաթողիկեի արևմտյան կողմին կից կառուցվել է կենտրոնակազմ, քառասյուն, շթաքարային մշակումով գմբեթով գավիթ: Այն հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան անկյուններում ունի երկհարկ ավանդատներ, որոնցից ձախակողմյան երկրորդ հարկինը նվիրված է Թադեոս առաքյալին: 1217 ին վանքի միաբանների ուժերով (Սարգիս նկարիչ, Աբել գրիչ և Ստեփանոս կազմող) գրվել է մանրանկարներով հարուստ, մեծադիր Ավետարան:

XIII դ. 40-ական թթ. Պռոշ իշխանը վանքը գնել է Իվանե աթաբեկի որդի Ավագից՝ տոհմական տապանատուն դարձնելու նպատակով: 1257-58-ին նորոգվել է Ս.Աստվածածին եկեղեցին, և ներսը ծածկվել որմնանկարներով: Խորանի կենտրոնում պատկերված է երկու կողքերին հրեշտակներով Աստվածածինը՝ մանուկ Հիսուսը գրկին, իսկ առաստաղին Պռոշ իշխանի և իր ընտանիքի խմբանկարն է:

XIII դ. կեսից վանքում է պահվել ս.Գեղարդը՝ Քրիստոսի կողը խոցած նիզակի երկաթե ծայրը, որը, ըստ ավանդության, Հայաստան է բերել Թադեոս առաքյալը: Այդ ժամանակից վանքը կոչվել է Գեղարդավանք, իսկ ս. Գեղարդը մինչև XVIII դ. այստեղ պահելուց հետո տեղափոխել են Էջմիածին: 1260-ին Կաթողիկեից և գավթից հյուսիսային., ժայռի մեջ խցեր են փորվել: 1258-ին Պռոշ իշխանը ս. Գեղարդի համար դրվագված պահարան է պատրաստել տվել: Պահարանի արձանագրության սկիզբը սրբության մեծարանքի և նրա պաշտամունքի բանաստեղծ. արտահայտությունն է: XIII դարից Գ-ում են պահել նաև Նոյյան տապանի փայտի մասունք: Այս երկու սրբությունները մեծ հռչակ են բերել վանքին: Գեղարդավանքը XIII դ. դարձել է կրթամշակութային կարևոր կենտրոն, վերստին գործել է Այրիվանքի դպրոցը, որը 1279-ից գլխավորել է Մխիթար Այրիվանեցին: Նրա և Հովհաննես Գառնեցի վարդապետի օրոք Այրիվանքի դպրոցում ծաղկել է գրչության արվեստը (մեզ են հասել Գեղարդավանքում գրված բազմաթիվ ձեռագրեր), ստեղծվել է հարուստ մատենադարան: 1230-50-ին Պռոշ իշխանը կառուցել է Գեղարդավանքի գավթից մուտք ունեցող, երկու զույգ խաչվող կամարներով և շթաքարային հարդարանքով գմբեթով ու երդիկից լուսավորվող ժայռափոր առաջին եկեղեցին (ճարտարապետական՝ Գալձագ): Նրա հյուսիսային պատի տակ, ժայռից բխում է ավանդաբար հրաշագործ համարվող աղբյուր, որը պաշտվել է հեթանոսության ժամանակաշրջանից: 1283-ին Պռոշ իշխանը գավթի հյուսիսային կողմում շինել է ժայռափոր տոհմական տապանատունը և նրանից արևելյան՝ երկրորդ վիմափոր եկեղեցին: Տապանատան հյուսիսային պատին Պռոշյան իշխանների զինանշանի բարձրաքանդակն է՝ եզան գլուխ, որը պահում է շղթայակապ երկու առյուծի, նրանցից ներքև թևատարած արծիվ է՝ ճանկերում գառ բռնած: Եկեղեցին գմբեթավոր դահլիճ է, քանդակներով հարուստ:

1288-ին Պռոշ իշխանի որդի Պապաքը և նրա կին Ռուզուքանը Գեղարդավանքի համալիրի հյուսիսային կողմում, ժայռի վերին մասում շինել են քառասյուն, գմբեթից լուսավորվող խոշոր ժամատուն: Գեղարդավանքի ժայռափոր կառույցները միջնադարյան հայկական ճարտարապետության գլուխգործոցներ են: Մխիթար Այրիվանեցին կյանքի վերջին տարիներին ճգնել է Գեղարդավանքի արևմտյան կողմի քարայրերից մեկում և նրա պատին 1291-ին արձանագրություն թողել:

1387-ին Գրիգոր Խլաթեցին, ուխտի գալով Գեղարդավանք, ձեռք է բերել Մխիթար Այրիվանեցու 1287-ին կազմած ժողովածուն: XV դ. Այրիվանքի դըպրոցի ուսուցչապետ է դարձել Գրիգոր Տաթևացու աշակերտ Սիմեոն վարդապետը, որը կարգավորել է վանքի կանոնադրությունը: XV դ. Գեղարդավանքում բազմաթիվ ձեռագրեր են գրվել. 1459-ին գրված Մաշտոցում նշվել են «անօրենների»՝ հայ ժողովրդին պատճառած նեղությունները:

XV դ. Կաթողիկեի հվ. պատի տակ զույգ խաչքարեր են կանգնեցվել: 1603-ին Գեղարդավանքի Աստվածատուր և Հավուց թառի Մանվել եպիսկոպոսները Սպահանում բանակցել են Պարսից շահ Աբասի հետ, իսկ նրա կատարած՝ արևելահայության բռնագաղթի ժամանակ թաքնվել են Գեղարդավանքի մոտակա քարայրերից մեկում, սակայն 1605-ին սպանվել են Ամիրգունա խանի զինվորների ձեռքով: 1635-75-ին Գեղարդավանքի վանահայր է եղել Պռոշյան տոհմից Դավիթ վարդապետը, որի օրոք թիֆլիսցի Սուլե Չիթախյանը 1655-ին նորոգել է Կաթողիկեն և վանքին նվիրել արծաթե կանթեղ: 1679-ի հունիսի 4-ի Գառնիի երկրաշարժից Գեղարդավանքը ավերվել է, ժայռերից բեկորներ են թափվել և ծածկել շենքերը: 1684-ին Գեղարդավանքը մաքրել են փլվածքներից, նորոգել վնասված
շենքերը, կառուցել բուրգերով պարիսպը և նրան կից բնակելի ու տնտեսական շինությունները:

1687-ին պատրաստել են ս. Գեղարդի նոր, արծաթե պահարան՝ կրկնելով հնի արձանագրությունը: Պահարանի դռնակների վերևում «Ավետման» տեսարանն է, դիմացը՝ հրեշտակը, ներքևում՝ «Խաչելությունը», դիմացի փեղկին՝ Գրիգոր Ա Լուսավորիչը: Ոսկերիչ-քանդակագործներ Գրիգորը և Սարգիսը կերպարներին տվել են ասկետի տեսք՝ բնական շարժումներով ու կեցվածքով: 1698-ին քանաքեռցի ոսկերիչ Ավետը պատրաստել է պահարան՝ Գեղարդավանքում պահվող Նոյյան տապանի փայտից: Դռնակներին Հակոբ Մծբնացու և նրա դիմաց՝ հրեշտակի քանդակներն են: Գեղարդավանքի վանահայր Դանիել վարդապետը (Պռոշյան տոհմից) 1708-ին կառուցել է վանքի արմևմտյան կողմի կամարակապ դարպասը: 1715-ին հայ վաճառականները Գեղարդավանքին են նվիրել եպիսկոպոս. մարգարտաշար թագ: Վանահայր Պետրոս Ջահկեցին 1733-39-ին նոր հողեր է ձեռք բերել վանքի համար: XVIII-XIX դդ. Գեղարդավանք ունեցել է այգիներ, ջրաղացներ, ձիթհաններ, ընդարձակ կալվածքներ Նորագավիթ, Նորք, Տաճարաբակ գյուղերում, ստացել Գողթ գյուղի տարեկան բերքի կեսը: 1834-ին վանքը նորոգել է կաթողիկոս Հովհաննես Ը Կարբեցին: 1840-ի հուլիսի 2-ի մեծ երկրաշարժից վնասվել են Գեղարդավանքի Կաթողիկեն և խցերը: Նույն տարում վանահայր Օհան վարդապետը վանքի տարածքում մրգատու ծառերով մեծ այգի է տնկել: Միքայել Ձամոյան վարդապետը 1868-ին Գողթ և շրջակա մյուս գյուղերից նոր կալ-
վածքներ է գնել և շինել վանքի ճանապարհը:

Կաթողիկոս Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու հրամանով վանահայր Ռաֆայել Շիրակացին 1870-ական թթ. կառուցել է Գեղարդավանքի դպրոցը: 1932-ին Թ. Թորամանյանի ղեկավարած արշավախումբը Գեղարդավանքի արևմտյան կողմում, ժայռի թեք լանջին պեղումներով բացել և ուսումնասիրել է վիմափոր խոշոր դահլիճ՝ ուղղանկյուն հատակագծով, քանդակազարդ որմնասյուներով, 5 մ բարձրությամբ և մոտ 140 մ2 մակերեսով, որը Պռոշ իշխանի օրոք XIII դ. կառուցել է ոմն Մկրտիչ (1967-ին դահլիճը փլվել է): Կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի հայրապետության տարիներին վանքի բակի արևելյան կողմում աղբյուր է կառուցվել (1958, ճարտ.՝ Ռ. Իսրայելյան), 1960-ին վերակառուցվել է դարպասը, 1968-ին համալիրի արևմտյան հատվածում կառուցվել է վանատան երկհարկանի շենքը, և բարեկարգվել վանքի տարածքը: 1978-ին բացվել է վերակառուցված սեղանատունը, վերանորոգվել են պարսպին կից շինությունները, Կաթողիկեի խորանում տեղադրվել է նոր բեմասեղան (ճարտ.՝ Ս. Քյուրքչյան):

Պետության միջոցներով նորոգվել է Երևան-Գառնի-Գեղարդ խճուղին, և Գեղարդավանքի վիմափոր կառույցները ներթափանցող ստորգետնյա ջրերից զերծ պահելու համար վանքի հյուսիսային կողմում, նրա ողջ երկարությամբ, կառուցվել է թունելախորշ, որով ջրերը հավաքվում և թափվում են Գողթ գետակը: 1987-ին ավարտվել է Կաթողիկեի ու գավթի տանիքների՝ բազալտե քարերով սալարկումը: Հիմնադրման օրից Գեղարդավանքի ուխտագնացության օրերը Վարդավառի և Աստվածածնի Վերափոխման (տես Վերափոխումն Ս. Աստվածածնի) տոներին են:

Աղբյուր՝ Ter-hambardzum.net