Այսպէս է ասում Տէրը. «Ով մեղաւորին իր մոլորութեան ճանապարհից յետ է բերում, կը փրկի նրա հոգին մահուանից եւ կը ծածկի մեղքերի մի ամբողջ բազմութիւն» (Հակոբոս 5:20)

Մայր Սուրբ բարեխոսեա

Գրաբար
Մայր սուրբ սքանչելի լուսոյն, որ զԱստուածն ամենայն յաւիտեանց յորովայնի քում կրեցեր, եւ ցնծութիւն աշխարհի ծնար զԲանն Աստուած, աղաչեմք:
Մայր սուրբ բարեխօսեա՛:

Աղաչեա՛ վասն մեր զառ ի քէն զմարմնացեալն Աստուած, որ խոնարհեցաւ ի հայրական ծոցոյ, էառ մարմին ըստ մարդկային բնութեանս. առնել խաղաղութիւն յերկինս եւ յերկրի. աղաչեմք:
Մայր սուրբ բարեխօսեա՛:

Աղաչեա՛ վասն մեր զառ ի քէն զմարմնացեալն Աստուած, ներել մեզ, անտես առնել զյանցանս մեր, եւ տալ օգնականութիւն ընդդիմակաց լինիլ հակառակամարտի՛ցն ի պատերազմի. աղաչեմք:
Մայր սուրբ բարեխօսեա՛:

Աղաչեա՛ վասն մեր զառ ի քէն զմարմնացեալն Աստուած, զի լռեսցին պատերազմունք, դադարեսցին յարձակմունք թշնամեաց, տնկեսցի սէր եւ արդարութիւն ի յերկրի. աղաչեմք:
Մայր սուրբ բարեխօսեա՛:

Աղաչեա՛ վասն մեր զառ ի քէն զմարմնացեալն Աստուած աճեցուցանել յերկրի մերում զքաղցր բղխումն աղբերաց, զառատ պտղաբերութիւն բուսոց եւ տնկոց, առ ի զուարճալի լինիլ ամենայն հարկաւոր պիտոյից մերոց. աղաչեմք:
Մայր սուրբ բարեխօսեա՛:

Աղաչեա՛ վասն մեր զառ ի քէն զմարմնացեալն Աստուած, զի միաբանեսցէ զեկեղեցի իւր սուրբ, շինեալ ի վերայ հիման առաքելոց եւ մարգարէից, պահել անարատ մինչեւ յօր երեւելոյ գալստեան իւրոյ. աղաչեմք:
Մայր սուրբ բարեխօսեա՛:

Աղաչեա՛ վասն մեր Սրբուհի զՄիածին քո զորդին: Եւ վասն հոգւոցն հանգուցելոց, ընդունիլ յարքայութիւն երկնից եւ տալ մասն եւ բաժին ընդ սուրբս ամենայն. աղաչեմք:
Մայր սուրբ բարեխօսեա՛:

Աշխարհաբար
Սքանչելի Լույսի Սուրբ Մա´յր, դու, որ հավիտենական Աստծուն որովայնումդ կրեցիր և ծնեցիր աշխարհի ցնծությունը` Աստծո Խոսքը, աղաչում ենք,
Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր:

Աղաչի´ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, Նրան, Ով խոնարհվեց Հայրական ծոցից և մարմին առավ ըստ մարդկային բնության, որպեսզի խաղաղություն պարգևի երկնքին և երկրին, աղաչում ենք,
Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր:

Աղաչի´ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, որ ների մեզ, անտեսի մեր հանցանքները և օգնական լինի` դիմադրելու հակառակորդին պատերազմի ժամանակ, աղաչում ենք,
Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր:

Աղաչի´ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, որ լռեն պատերազմները, դադարեն թշնամիների հարձակումները, երկրի վրա սեր և արդարություն հաստատվի, աղաչում ենք,
Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր:

Աղաչի´ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, որ շատացնի մեր երկրում աղբյուրների բխումը, բույսերի ու տնկիների առատ պտղաբերությունը` ծառայելու մեզ հարկավոր ամեն պետքի, աղաչում ենք,
Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր:

Աղաչի´ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, որ միաբանվի առաքյալների և մարգարեների հիմքի վրա կառուցված Իր Սուրբ Եկեղեցին, անարատ պահի այն մինչև իր երևելի գալստյան օրը, աղաչում ենք,
Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր:

Աղաչի´ր մեզ համար, Սրբուհի´, քո Միածին Որդուն, նաև մեր հանգուցյալների հոգիների համար, որպեսզի ընդունի նրանց երկնքի արքայության մեջ և մաս ու բաժին հատկացնի բոլոր
սրբերի հետ, աղաչում ենք,
Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր: