Այսպէս է ասում Տէրը. «Ոչ ոք ճրագ վառելով ծածուկ տեղ չի դնի, այլ կը դնի աշտանակի վրայ, որպէսզի մտնողը լոյս տեսնի։ Մարմնի ճրագը աչքն է. երբ աչքը առողջ է, ամբողջ մարմինը լուսաւոր կը լինի, իսկ երբ աչքը պղտոր է, մարմինն էլ խաւար կը լինի» (Ղուկաս 11:31-32)

Բակունցի նամակը բանտից

Ծա՜նր է, շա՜տ ծանր… Փաստը մնում է անշրջանցելի. ես մեկուսացված եմ: Այստեղից սկսվում է ամոթի տանջալի գիտակցումը, միլիոն անգամ բանտարկման փաստի վերապրումը: Մտածում ես մեկ ժամ, երկու, երեք, մեկ օր, երկու օր, մտածում ես՝ հիմարանալու աստիճանի, մինչև հիշողությունդ փուլ է գալիս, և չգիտես՝ գիշեր է, թե ցերեկ. միայն պարզ գիտակցում ես, որ կյանքը մնաց փակ դռան ետևում։ Մտքերը հեռու են գնում, ի՞նչ է սպասվում հետո… Երբ ես հարցնում եմ, թե ի՞նչ է լինելու հետո՝ հուսահատվում եմ, գիտակցությունս մթագնում է, ջղաձգությունները խեղդում են կոկորդս… Միտքս միշտ տանջալիորեն շաղափում է ֆիզիկական ցավի աստիճանի հասնող միեւնույն խոհը. ի՞նչ է լինելու ինձ հետ։ Արդյո՞ք ինձ հնարավորություն կտրվի գործով, այսինքն՝ գրական աշխատանքով ապացուցել, որ ես գրականության թշնամի չեմ։ Գոյության միակ նպատակը մնում է գրականությունը… Ինձ գրելու և կարդալու հնարավորություն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք…: