Այսպէս է ասում Տէրը. «Իսկ վերին իմաստութիւնը նախ՝ սուրբ է եւ ապա՝ խաղաղարար, հեզ, բարեացակամ, լի ողորմածութեամբ եւ բարի գործերով, մաքուր խղճմտանքով, առանց կեղծաւորութեան: Արդարութեան պտուղը խաղաղութեամբ է սերմանւում նրանց համար, ովքեր խաղաղութիւն են անում» (Հակոբոս 3:17-18)

Խորհրդածություն

«Իմ ոչխարները լսում են իմ ձայնը»։ Լսելը մեր առաջին գործն է, Աստծուն և մերձավորին մատուցվելիք առաջին ծառայությունը, առաջին կերպը՝ տալու համար մյուսին – Աստծուն կամ եղբորը – նրա գոյության ակնհայտությունը, ակնհայտությունը, որ նա մեր համար կարևոր է։ Սիրելը նաև լսել է նշանակում։ Ամեն օր մի քիչ սիրտ և մի քիչ ժամանակ հատկացնել այն ձայնի ունկնդրմանը. «Քո վարդը կարևոր է, որովհետև նրան ժամանակ ես հատկացնում» (Անտուան Դը Սենթ-Էքզյուպերի)։

Բայց ինչպե՞ս ճանաչել Նրա ձայնը։ «Մարդիկ իրար կանչում են մի լռությունից դեպի մյուսը, իրար փնտրում են մի միայնությունից դեպի մյուսը։ Եվ յուրաքանչյուր ձայն գալիս է դրսից։ Բայց Դու, Դու մի Ձայն ես, որ հնչում է հոգու խորքում» (Գ. ֆոն Լը Ֆորտ)։ Խոսքը վերաբերվում է, ուրեմն, ամենայն խնամքով սիրտը պահպանելուն, որպեսզի, ինչպես ասում էին հները, սիրտն է աստվածների դուռը. որովհետև, ինչպես ասում է Աստվածաշունչը, սրտից է բխում կյանքը (Առկ 4, 23)։

Բազմաթիվ բարբառներում գոյություն անգամ չունեն «հնազանդվել», «ենթարկվել» բայերը, այլ՝ դրանք ամբողջովին փոխարինված են «լսել» բայով։ Քանի՜ անգամներ են ծնողների տրտունջները կրկնում. «Այս որդիս ինձ չի լսում», «Այս որդիս այլևս ոչ ոքի չի լսում»։ Եվ ուզում են ասել. «Չի հետևում ոչ ոքի խորհուրդներին»։ Աստծո միևնույն բողոքն է, որով լի է Աստվածաշունչը. «Լսի՛ր, Իսրայել»։ Լսել՝ նշանակում է հնազանդվել։

Ավետարանի այսօր ընթերցված հատվածում մի անհամաչափություն կա, ամբողջովին ի շահ մեր, այն բաների միջև, որոնք Հիսուսն անում է մեր համար, և այն բաների, որոնք մենք պետք է անենք՝ Իր պարգևին պատասխանելու համար։ Եվ ավելի կարևոր է, գոնե մի անգամ, կանգ առնել այն բաների վրա, որոնք Հիսուսը խոստանում է։ Չափազանց քիչ անգամներ ենք այսպես վարվում։

Բոլորն անդադար հիշեցնում են մեզ մեր պարտականությունները, մեր հանձնառությունները, ձիրքերը ծաղկեցնելու ջանքը, պատվիրանների գործադրումը, և բազմաթիվ քրիստոնյաներ վհատության եզրին են հասնում, որովհետև ավելին չեն կարողանում։ Եվ այդ ժամանակ լավ է, հոգու փրկություն է ներշնչել այն ուժը, որ ծնվում է Հիսուսի այս խոսքերից. «Ես նրանց տալիս եմ կյանքը»։

Աստծո կյանքը տրված է, մեր մեջ ներկա է որպես խոնարհ սերմնահատիկ, որը մեր սրտում գրեթե շարժվելու է սկսում այն ամեն անգամ, երբ Հիսուսին հպվում ենք մի քիչ ավելի մոտիկից (Ա. Լուֆ)։

«Ո՛չ ոք քեզ չի խլի իմ ձեռքից»։ Ո՛չ ոք, ո՛չ հրեշտակներ, ո՛չ մարդիկ, ո՛չ կյանք, ո՛չ մահ, ո՛չ ներկա, ո՛չ ապագա, ոչ մի բան երբեք չի կարող բաժանել մեզ Քրիստոսի սիրուց (Հռմ 8, 38)։

Այս բացարձակ բառի ուժն ու մխիթարությունը. «Ո՛չ ոք»։ Որն իսկույն կրկնապատկվում է. Չի խլի քեզ «երբե՛ք», «հավիտյա՛ն»։

Կա այս խոսքի մեջ մի բայ, որ գործածված է ո՛չ թե ներկա, այլ՝ ապառնի ժամանակով, մատնացույց անելու համար մի ամբողջ պատմություն, որն այնքան երկար է, որքան Աստծո ժամանակը։ Մարդն Աստծո համար է մի այնքա՜ն մեծ կիրք է, որ ի զորու է կտրել անցնել ողջ հավիտենությունը։

«Ո՛չ ոք, երբե՛ք, իմ ձեռքից». ձեռքեր, որ երկինքները տարածեցին և երկրի հիմքերը գցեցին, Եդեմի կավն աշխատող բրուտի ձեռքերը, արարիչ ձեռքերը խորը քուն մտած Ադամի վրա, որոնցից ծնվում է - իբրև Ադամի հափշտակություն - Եվան. խաչին գամված ձեռքեր, որոնք լայն տարածվել են մի գրկախառնության համար, որն այլևս երբեք չի ավարտվելու։ Ո՛չ ոք քեզ չի խլի այս ձեռքերից. սրանք խոսքեր են՝ մեզ քաջություն ներշնչելու համար։

Իբրև ճնճղուկներ, մեր բույնը Նրա ձեռքերի մեջ է։

Իբրև մանուկներ, մեր ողջ ուժով կառչում ենք այդ ձեռքից, որը չի թողնի, որ մենք ընկնենք մահվան դատարկության մեջ։

Իբրև խաչվածներ, կրկնում ենք. Քո ձեռքերի մեջ եմ հանձնում իմ կյանքը։

Հատված Հայր Էրմես Մ. Ռոնքիի « Շնչել Քրիստոսին »
Աղբյուր՝ Mashtoz.org