Այսպէս է ասում Տէրը. «Իսկ վերին իմաստութիւնը նախ՝ սուրբ է եւ ապա՝ խաղաղարար, հեզ, բարեացակամ, լի ողորմածութեամբ եւ բարի գործերով, մաքուր խղճմտանքով, առանց կեղծաւորութեան: Արդարութեան պտուղը խաղաղութեամբ է սերմանւում նրանց համար, ովքեր խաղաղութիւն են անում» (Հակոբոս 3:17-18)

Մովսես Կաղանկատվացի

7-րդ դարի պատմիչ: Իբրև ականատես շարադրել է Արցախի և Ուտիքի պատմությունը: Հայտնի է նրա «Պատմություն Աղվանից աշխարհի» աշխատությունը, որի փաստերը անփոխարինելի աղբյուր են Աղվանքի իրական պատմությունը բացահայտելու համար։ Այս երկը ներառում է Դավթակ Քերթողի «Ջվանշիրի ողբը» պոեմը, որը հայկական աշխարհիկ պոեզիայի հիանալի նմուշ է:

*Նա, որ առատությամբ է սերմանում, առատությամբ էլ կհնձի:

*Մարդու կյանքի իմաստությունը առաքինության ծնունդ է, իսկ առաքինությունը աստվածապաշտության ամենալավ բարի մայրն է:

*Ինչպես որ պայծառ է երկինքը աստղերով ու երկիրը բուսականությամբ, այդպես էլ պատմիչի աշխատանքն է, որ ուրիշների նյութերով բոլորազարդվում է:

*Ինչպես որ քաղցր են ծնողները, այնպես էլ քաղցր է ծննդավայրը:

*Պետք է խուսափել մարդկանց գովեստներից՝ փախչելով փառամոլ ու սնապարծ ախտերից:

*Պետք չէ ճշմարտությունը ծածկել:

*Անմաքուր բաներ սիրողը ինչպե՞ս կարող է սուրբ լինել:

*Նկարիչների արվեստը լույս է, որովհետև թե ծերերը, թե մանուկները համահավասար դիտում են:

*Ամեն մի խոսքին բազմաթիվ ու հատու պատասխանելով՝ լույսը խավարի հանդեպ ճանաչեցեք՝ ավելի խոր քննելով:

*Եթե մենք որդիներն ենք մեր հայրերի, ապա և նրանց սովորեցրածը ամուր պետք է պահենք և ջուր չխառնենք կրի հետ՝ անարատ կաթին նմանեցնելով:

*Ամեն ինչ փորձեցեք, բայց բարին ընդունեցեք:

*Պետք չէ ճշմարտությունը ստության ու խաբեության հետ դեն նետել, այլ անհրաժեշտ է ստույգ կերպով քննել և ճշմարտությամբ վերահասու լինել:

*Բարու համար կռվողը այս կյանքում բարի էլ կանվանվի:

Աղբյուր՝ ՄԱԳԱՂԱԹ․am