Այսպէս է ասում Տէրը. «Բայց պիղծ բաներից եւ սնոտի խօսքերից հեռո՛ւ մնա, քանի որ դրանց անձնատուր եղողները աւելի ու աւելի առաջ են գնում ամբարշտութիւնների մէջ, եւ նրանց խօսքերը քաղցկեղի նման ճարակ են գտնում» (Տիմոթեոս 2:16)

Ո՞րն է եկեղեցու և վանքի տարբերությունը

Եկեղեցին, եթե շինությունը նկատի ունենք, աղոթավայրն է, որ կառուցված է հատուկ օրհնությամբ ու նվիրագործումով, օծումով և հաստատված է հավաքական կամ ընդհանրական աղոթքների, աստվածպաշտական արարողությունների համար: Եկեղեցիները լինում են բնակավայրերում` հավատացյալների հոգևոր կարիքների համար: Վանքերն առավելաբար լինում են նաև բնակավայրերից դուրս և նախատեսված են վանականների կեցության, վանականների աղոթական կյանքի համար: Վանքն ունենում է եկեղեցի` պաշտամունքային վայր, ինչպես նաև վանաբնակների համար հատուկ կացարաններ: Վանքերը հիմնականում շինության առումով վանական համալիրներ են, որտեղ բացի եկեղեցուց կան նաև վանական կյանքի համար անհրաժեշտ շինությունները, կացարանները, ուսումնարանները, դպրանոցները, գրադարանները և այլն: Այսպիսին են եղել միջնադարյան մեր զարգացած վանքերը:

Ցավոք սրտի, Հայոց Ցեղասպանության տարիներին, ինչպես նաև խորհրդային իշխանության աթեիստական տարիներին շատ եկեղեցիներ ու վանքեր ավերվեցին, վանական հաստատությունները դադարեցրին իրենց գործունեությունը, բազմաթիվ եկեղեցականներ, վանականներ սպանդի ենթարկվեցին: Այսօր աշխատանքներ են իրականացվում եկեղեցաշինության հետ մեկտեղ նաև վանքերը վերանորոգելու, վանական կյանքը հաստատելու, որտեղ վանականները մշտական աղոթք պիտի հնչեցնեն և կրոնական մտքի աշխատություններ պատրաստեն:

Ադամ քահանա Մակարյան

Աղվյուր՝ Ter-hambardzum.net