Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Օսկար Ուայլդ․ Սոխակն ու վարդը

- Նա ասաց, որ կպարի ինձ հետ, եթե բերեմ կարմիր վարդեր, - բացականչեց երիտասարդ ուսանողը, - բայց իմ պարտեզում ոչ մի վարդ էլ չկա:

Նրան լսեց Սոխակն ու զարմացած դուրս նայեց սաղարթից:

- Ոչ մի կարմիր վարդ չկա իմ պարտեզում, - շարունակեց տրտնջալ ուսանողն, ու նրա գեղեցիկ աչքերը լցվեցին արցունքով:

- Ա՜խ, ինչ հաճախ կարող է մի դատարկ բանից կախված լինել մեր երջանկությունը: Ես կարդացել եմ իմաստուն մարդկանց բոլոր գրքերը, ուսումնասիրել եմ փիլիսոփայության բոլոր գաղտնիքները, իսկ կյանքս խորտակվում է լոկ այն պատճառով, որ ես չունեմ կարմիր վարդ:

- Ահա, վերջապես տեսա իսկական սիրահարի,- ինքն իրեն խոսեց Սոխակը, - ես օր ու գիշեր երգում էի նրա մասին: Չնայած նրան չէի ճանաչում, բայց ամեն գիշեր աստղերին նրա մասին էի պատմում: Վերջապես:

- Վաղը երեկոյան պարահանդես է, - շշնջում էր ուսանողը, - իմ սիրելին էլ է հրավիրված:

Եթե ես նրան բերեմ կարմիր վարդ, ապա մինչև լուսաբաց նա կպարի ինձ հետ: Եթե ես բերեմ նրան կարմիր վարդ, ապա կպահեմ նրան իմ գրկում: Նա կդնի գլուխն իմ ուսին և իմ ձեռքը կսեղմի նրա ձեռքը: Բայց իմ պարտեզում չկա ոչ մի կարմիր վարդ և ես ստիպված եմ մնալ մենակ: Նա կանցնի իմ կողքով, անգամ չի նայի ինձ և իմ սիրտը կփշրվի վշտից:

- Սա իսկական սիրահար է, - մտածեց Սոխակը, - այն, ինչի մասին ես սոսկ երգում էի, նա ապրում է, տառապում: Ճշմարիտ Սերն իրոք հրաշք է: Նա թանկ է բոլոր թանկարժեք քարերից: Այն չես գնի ոսկով ու չես վաճառի:

Միայն Սոխակն էր հասկանում երիտասարդի վիշտը: Նա որոշեց օգնել սիրահարին: Թռավ անտառի վրայով ու տեսավ մի գեղեցիկ Վարդի թուփ:

- Տուր ինձ մի կարմիր վարդ, ու ես ամբողջ գիշեր կերգեմ քեզ համար իմ ամենալավ երգը,- խնդրեց նրան սոխակը:

Բայց վարդի թուփը տխուր օրորեց գլուխը:

- Իմ վարդերը դեղին են, - պատասխանեց նա, - դեղին, ինչպես սաթե գահին բազմած յասամանի վարսերը:

- Գնա իմ քրոջ մոտ, որն աճում է ուսանողի պատուհանի տակ, նա կօգնի քեզ:

Ու եկավ սոխակը Վարդի թփի մոտ, որն աճում էր երիտասարդի պատուհանի տակ:

- Տուր ինձ մի կարմիր վարդ, ու ես կերգեմ քեզ համար իմ ամենալավ երգը, - խնդրեց Սոխակը:

- Ճիշտ է, իմ վարդերը կարմիր են և ես մեծ ուրախությամբ կտայի, բայց իմ բողբոջները ցրտահարվել են, փոթորիկները կոտրել են իմ ճյուղերը: Այս տարի ես ոչ մի վարդ չեմ ունենա, - տխուր պատասխանեց Վարդի թուփը:

- Ընդամենը մի Կարմիր Վարդ, - բացականչեց Սոխակը, - ահա թե ինչ եմ խնդրում ես:

- Իսկ դու գիտե՞ս, թե ինչպե՞ս կարող եմ ստանալ այն:

- Գիտեմ: Դու պիտի ստեղծես այն լուսնի շողերից ու քո երգի հնչյուններից: Պիտի տաքացնես նրան սրտիդ արյունով: Դու պիտի երգես ինձ համար՝ կրծքով սեղմվելով իմ սուր փշերին:

«Կյանքը թանկ է բոլորի համար: Սակայն կյանքից առավել թանկ է Սերը: Եվ ինչ-որ թռչնակի սիրտ չի կարող համեմատվել մարդկային սրտի հետ», - մտածեց Սոխակն ու համաձայնեց:

- Ուրախացիր,- կանչեց նա ուսանողին, - ուրախացիր, դու կունենաս Կարմիր Վարդ, - ես այն կհյուսեմ իմ երգի հնչյուններից ու լուսնի լույսից: Փոխարենը մի բան պիտի խնդրեմ միայն՝ հավատարիմ եղիր Սիրուդ, քանզի որքան էլ իմաստուն լինի փիլիսոփայությունը, Սիրո իմաստնությունն ավելի մեծ է: Որքան էլ հզոր լինի իշխանությունը, Սերն ավելի զորեղ է: Սիրո շուրթերը քաղցր են, ինչպես մեղր, թևերը կրակի գույն ունեն, իսկ շնչառությունը խնկաբույր է:

Ուսանողը լսում էր Սոխակի անուշ դայլայլն ու մտածում.

- Այո, նա ձևի վարպետ է, դա նրանից չես խլի: Բայց ունի՞ արդյոք նա զգացմունք: Թե՞ նման է այն նկարիչներին, որոնք ունեն մեծ վարպետություն, իսկ անկեղծություն՝ շատ քիչ:

Ոչ, նա երբեք չի զոհի իրեն հանուն մեկ ուրիշի: Նա մտածում է միայն երաժշտության մասին: Է՜հ, բոլորը գիտեն, որ Արվեստը եսասեր է, - այսպես մտածելով նա գնաց իր սենյակ, պառկեց նեղ մահճակալին ու սկսեց մտորել իր սիրո մասին:

Երբ երկնքում փայլեց լուսինը, Սոխակը թռավ Վարդի թփի մոտ: Նստեց ճյուղի վրա ու սեղմվեց փշին: Ամբողջ գիշեր նա երգում էր Սիրո մասին: Իսկ փուշը ավելի ու ավելի խորն էր մտնում նրա կրծքի մեջ:

Սկզբից Վարդը գունատ էր առավոտվա մշուշի նման և արծաթագույն, ինչպես լուսաբացի թևերը: Սոխակն ավելի ամուր սեղմվեց վարդի փշին, որի սայրը վերջապես խրվեց նրա սիրտը: Անտանելի ցավը տարածվեց ողջ մարմնով: Գնալով ցավն ավելի տանջալի էր դառնում: Ավելի ու ավելի բարձր էր հնչում Սոխակի երգը: Քանզի նա երգում էր Սիրո մասին, որը կատարյալ է դառնում Մահվան մեջ: Երգում էր այն Սիրո մասին, որը երբեք չի մեռնում:

Եվ արշալույսի պես ալ կարմիր դարձավ չքնաղ Վարդը: Սոխակի ձայնը գնալով թուլանում էր: Հնչեց վերջին ելևէջը: Գունատ լուսինը, մոռանալով արշալույսի մասին, քարացավ երկնքում: Կարմիր վարդը զմայլանքի մեջ բացեց թերթերն իր առավոտի մեղմ զեփյուռի առաջ:

- Տես, - ուրախ բացականչեց թուփը,- կարմրեց վարդը:

Սոխակը ոչինչ չպատասխանեց: Նա անշնչացած ընկել էր խոտերի մեջ:

Կեսօրին ուսանողը բացեց պատուհանն ու դուրս նայեց:

- Ա՜խ, ինչպիսի երջանկություն: Ահա, նա՝ Կարմիր Վարդը: Կյանքում դեռ տեսած չկամ այսքան գեղեցիկ վարդ:

Նա շտապ պոկեց վարդն ու գնաց աղջկա մոտ:

- Դուք խոստացել էիք, որ այսօր կպարեք ինձ հետ, եթե բերեմ Ձեզ Կարմիր վարդ, - շշնջաց երիտասարդը, - ահա աշխարհի ամենակարմիր վարդը, որը կպատմի Ձեզ իմ սիրո մասին:

Աղջիկը մռայլվեց. «Այն չի սազում իմ հագուստին: Բացի այդ՝ սենեկապետի որդին ուղարկել է ինձ թանկարժեք քարեր: Բոլորին է հայտնի, որ գոհարեղենն ավելի թանկ է, քան ծաղիկները»:

-Ի՜նչ ապերախտն ես դու, - դառնությամբ բացականչեց տղան և նետեց Վարդն անցնող կառքի անիվների տակ:

- Ինչ անհեթեթություն է այդ սերը,- մտորելով տուն էր վերադառնում տղան: - Նրա մեջ ոչ մի տրամաբանական բան չկա: Նա ոչինչ չի ապացուցում: Միշտ խոստանում է անկարելին և ստիպում է հավատալ անհնարին: Զարմանալիորեն անգործնական է: Ու քանի որ մեր դարը գործնական է, ապա ավելի լավ է՝ ես վերադառնամ փիլիսոփայությանը և ուսումնասիրեմ մետաֆիզիկա: