Այսպէս է ասում Տէրը. «Բայց պիղծ բաներից եւ սնոտի խօսքերից հեռո՛ւ մնա, քանի որ դրանց անձնատուր եղողները աւելի ու աւելի առաջ են գնում ամբարշտութիւնների մէջ, եւ նրանց խօսքերը քաղցկեղի նման ճարակ են գտնում» (Տիմոթեոս 2:16)

Քառասուն մանուկների վկայաբանությունը

Սուրբ և փառավորյալ քառասուն վկաների անուններն են` Դոմետիանոս, Կյուրղիոս, Վաղես, Եւտիդես, Հյուսիքոս, Նոյիկոս, Ելիանոս, Փլավիոս, Սպառագդոս, Քսանթիոս, Սիսիանոս, Ղևոնտիոս, Մելիտոն, Սևերիանոս, Փիլիկտիմոն, Անկեաս, Իրակլիաս, Եկդիաս, Կիպփոն, Ավետիս, Աղեքսանդրոս, Ակակիոս, Վաղերիոս, Նիկողայոս, Եւտիգես, Բիբիանոս, Հոհաննես, Քուդիմոս, Լուսիմաքոս, Գայիոս, Ագղիոս, Իլիոգոս, Գոմնիոս, Աթանասիոս, Պրիսկոս, Կանդիտոս, Սակերդոն, Գորգիանոս, Ադղավիդոս, Գրատիանոս, Թեոդուլոս, Թեոփիլոս:

Նրանք Կապադովկիայից էին: Եվ Լիկիանոս անօրեն արքայի գնդերից մեկում զորական էին կարգված: Հավատով քրիստոնյաներ էին: Այդ պատճառով անօրեն դատավորը նրանց բռնադատում էր ուրանալ Քրիստոսին, զոհ մատուցել կուռքերին և հեռանալ Քրիստոսի սիրուց: Եվ բազում ողոքումներից ու սպառնալիքներից հետո սրբերին նետեցին բանտ, որտեղ երևաց Քրիստոս ու քաջալերեց նրանց: Ութ օր հետո եկավ Կեսարիայի դուքսը և դատավորի հետ միասին ատյանի նստեց: Սրբերին տանելով կանգնեցրին նրանց առաջ ու հարցրին Քրիստոսի հավատքի մասին: ԵՎ նրանք միաբերան դավանեցին Քրիստոսին Աստված ու հանդիմանեցին կռապաշտների անաստված մոլորությունը: Իսկ դուքսը հրամայեց քարերով հարվածել սրբերի բերաններին: Բայց քարերը նրանց չէին դիպչում, այլ ետ գալով ` նետողներին էին հարվածում: Իսկ դուքսը ավելի մեծ քար էր ցանկանում նետել, բայց տալով ջարդեց դատավորի երեսը:

Եվ նորից բանտարկեցին նրանց: Իսկ գիշերը, երբ աղոթում էին սրբերը, երևաց նրանց նրանց Փրկիչն ու ասաց. «Ով հավատա Ինձ, թեպետև մեռնի` կապրի: Զորացե՛ք և մի՛ երկնչեք նրանց չարչարանքներից, քանզի դրանք ժամանակավոր են: սակավ համբերե՛ք և կընդունեք երկնավոր պսակը» : Եվ նրանք խոնարհվելով` երկրպագում էին Քրիստոսին, գոհանալով փառք մատուցում Նրան: Իսկ Տեր Քրիստոս, քաջալերելով նրանց, վերացավ երկինք:

Եվ հաջորդ օրը նորից սրբերին կանգնեցրին դատավորի առաջ` ստիպելով ուրանալ Քրիստոսին: Իսկ մանուկներն ասացին. «Ինչ որ անելու եք, շտապ արե՛ք, քանզի մենք Քրիստոսին չենք ուրանա ու ձեր կուռքերին զոհ չենք մատուցի»: Իսկ նրանք բարկանալով` սրբերի ձեռքերը պարանոցներին կապեցին և մերկացրած տարան նետեցին քաղաքի մոտ գտնվող լիճը: Իսկ սրբերը քաջալերում էին միմյանց և ասում. «Պի՛նդ կացեք, եղբայրնե՛ր, քանզի նրանք երեքով են մարտնչում մեր դեմ` սատանա’ն, դու’քսը, և դատավո’րը: Մենք` քառասունս, Քրիստոսի օգնականությամբ կհաղթե՛նք նրանց» :

Այսպես լճի մեջ օրհնում էին Աստծուն: Եվ օդի խստությունից սառեց ջուրը, և սառույցները պատռեցին սրբերի մարմինները: Գիշերվա առաջին պահից մինչև առավոտ հեղվեց նրանց արյունը, բայց սրրբերը աղոթելուց և Աստծուն փառաբանելուց չէին դադարում: Նրանցից մեկը չկարողացավ դիմանալ սաստիկ ցրտին և լճից ելավ ու մտավ բաղնիքը, որը նրանց գայթակղելու համար լճի եզրին պատրաստել ու ջեռուցել էին անօրենները: Եվ որոշ ժամանակ անց նա բաղնիքի ջերմությունից հալվեց:

Գիշերվա երրորդ պահին արևը, ինչպես ամռանը, ծագեց սրբերի վրա: Եվ ջերմությունից հալվեցին ջրերի սառույցները: Եվ զորականները հսկում էին, որ սրբերից ոչ ոք լճից չփախչի. նրանցից մեկն արթուն էր և նկատելով լույսը ` ցանկացավ տեսնել, թե որտեղից է սուրբ լույսը ծագում: Նա տեսավ 39 պսակներ, որոնք իջնում էին սուրբ մարտիրոսների վրա: Եվ հասկացավ, որ դեպի բաղնիք փախչող 40-րդը զրկվեց պսակից: Եվ ձայն տալով ընկերներին` արթնացրեց նրանց, իսկ ինքը մերկացած վազեց դեպի լճի մեջ գտնվող սրբերը` աղաղակելով . «Ե՛ս էլ եմ քրիստոնյա»:

Եվ լուսադեմին նրանց մարմինները ափ հանեցին և հաստ բրերով ջարդեցին բոլորի ոսկորները և խորտակեցին/…/: Եվ դրանից հետո վերջնականապես բարի հավատով սրբերն իրենց հոգիներն առ Աստված ավանդեցին:

Բայց նրանց մեջ Մելիտոն անունով մի պատանի դեռևս կենդանի էր: Նրան հսկողները հավաստիացնում էին նրան, որ կդարմանեն նրա վերքերը, իսկ Մելիտոնի մայրը մոտենալով աղաչում ու խրատում էր որդուն` ասելով. «Քաղցրի՜կ որդյակ իմ, մի փոքր համբերիր և կմիանաս սրբերին: Զորացի՛ր, որդյակ իմ, և մի՛ երկնչիր, քանզի ահա Քրիստոսը հասնում է քեզ օգնության»:

Բոլոր սրբերի մարմինները դրեցին մի սայլի վրա և տարան այրելու, բացի Մելիտոնից: Բայց Մելիտոնի մայրը, մոռացած կանացի տկարությունը, վերցրեց որդուն իր ուսերին և վազեց սայլի հետևից: Եվ մինչդեռ մոր ուսերին էր` սուրբն ուրախությամբ ավանդեց իր հոգին առ Ատված: Մայրը որդու մարմինը տարավ և դրեց սրբերի կողքին:

Մարմինները տարան Ալիս գետի մոտ, և այրեցին, իսկ մնացած ոսկորները մոխրի հետ գետը լցրին: Բայց նրանց նշխարները ցրիվ չեկան, այլ հավաքվեցին մեկտեղ: Եվ երեք օրից հետո գիշերով սուրբ վկաները տեսիլքով հայտնվեցին Սեբաստիայի եպիսկոպոսին և հայտնեցին իրենց ոսկորների տեղն` ասելով. «Եկ և հանիր մեզ այնտեղից»:

Եվ եպիսկոպոսը եկեղեցու ուխտի միաբանների հետ գիշերով գաղտնի գնաց գետափ: Նրանք տեսան, որ սրբերի ոսկրերի նշխարները ջրի մեջ փայլում էին որպես աստղեր: Եվ թե գետի տղմի և ջրիմուռների մեջ որտեղ էին խրվել դրանք, կարելի էր գլխի ընկնել լույսի ճաճանչներից: Միաբանները, որոնք Սեբաստիայի ավագների որդիներն էին` զինվորագրված մի գնդում, թվով 100 հոգի, մեծ փափագով դրանք հավաքեցին տապանի մեջ և մեծ պատվով տարան, ամփոփեցին եկեղեցում: Եվ ուխտ արած` որոշեցին միասին մարտիրոսվել և վկայել Քրիստոսի մասին: Կանգնելով բռնավորի առաջ ` նրանք հայտնեցին իրենց հավատքը: Նրանց աղոթքի մեջ առաջնորդում էր սուրբ Կյուրոնը, իսկ բռնավորին պատասխանելիս` սուրբ Կանդիտոսը, որ իր ընկերներին ասում էր. «Պինդ կացեք, եղբայրներ, որովհետև երեքն են մեր դեմ մարտնչում`սատանան, դուքսը և դատավորը, և քանի որ մենք խնդրում ենք, դուք կհաղթեք նրանց»:

Այսպիսի նահատակությամբ միաբանված` նրանք մարտիրոսվեցին Կոստանդիանոս Մեծի փեսա Լիկիանոս պիղծ թագավորի օրոք, մարտ ամսին: Նրա օրոք էլ քառասուն մանուկների վրա կառուցվեց վայելուչ եկեղեցի` ի փառս մեր Քրիստոս Աստծո: Թող Աստված պահպանի ստացողի հոգին քառասուն հաղթող նահատակների բարեխոսությոամբ:

Թարգմ.` Հայսմավուրքից. Գ. Մանուկյան

Աղբյուր՝ Ter-hambardzum.net