Այսպէս է ասում Տէրը. «Եթէ ուշադիր լսես քո տէր Աստծու ձայնը, նրա համար հաճելի գործեր կատարես, ունկնդիր լինես նրա պատուիրաններին ու ենթարկուես նրա բոլոր հրամաններին, քեզ վրայ չեմ թափի բոլոր այն հիւանդութիւնները, որ թափեցի եգիպտացիների վրայ, քանզի ես եմ քեզ բժշկող Տէրը» (Ելք 15:

«Թողություն հայցենք մեր Աստծուց` մեր թերացումների, մեր դեմ իսկ գործած մեղքերի համար …»․ Սոս Սարգսյան

Ստորև ձեզ ենք ներկայացնում Սոս Սարգսյանի «Վարագույրից այն կողմ» գրքից մեկ հատված:

Հաճախ եմ ելույթ ունեցել հայաշատ քաղաքներում. հարց-պատասխան, բանավեճեր, երբեմն` թեժ: Հին ժողովուրդ ենք, շատը խոսացած պիտի լինեինք, պրծած. թվում է կես խոսքից պետք է իրար հասկանայինք: Չէ, պարզում-պարզաբանում ենք, դեռ որոնում ենք, դեռ ճշտում ենք: Եռանդի, ժամանակի, ջղերի անխնա, անտնտես մսխում: Էն երկար դարերում ի՞նչ ենք արել, որ այսօրվա համար մի ավարտուն գաղափար չունենք:

Ազգային ծրագիր չկա, և կազմված չի եղել հնում ազգային մատյանը: Հին ու նոր մեր իշխանները քաղաքական պատգամներ չեն թողել: Մեր իշխանները մի՞թե չեն հավատացել ապագային:

Մեր ստացած ժառանգությունը… «Աբսուրդային տարածք», - ինչպես կասեր Նժդեհը: Դարերի աղբուփսոր: Չլուծված խնդիրներ, վերքեր, կնճռոտ հարցեր … Բարդվեցին, ծառս եղան ազգի առաջ այս նեղ օրերին, հետն էլ իրար միս ուտելու կայուն ավանդույթ, ու` հարցեր, հարցեր …

Եթե աշխարհը թագավորներով է կառավարվել, մենք ինչո՞ւ ենք իշխաններով յոլա գնացել: Մի՞թե հազար տարվա մեջ գոնե տասն անգամ առիթ չենք ունեցել ստեղծելու մեր թագավորությունը:

Մենք ինչո՞ւ հպարտ ու ռազմատենչ ժողովրդի համբավ չունենք:

Ինչի՞ց է, որ մեր սուրը դառնում է «Թուր Կեծակի», երբ բարձրացնում ենք իրար վրա (օտարից, թշնամուց միշտ էլ մի ճար կգտնվի, հայ «ֆիդայուց» պրծում չկա: մարդկանց թուքը չորանում է, երբ ասում են` «ֆիդայի եմ, մեքենայից իջի». սարսափ … Խորոտ էինք ծաղիկ հանեցինք):

Երկայնաբազուկներն ու լոռիսմելիքովները ինչո՞ւ էին իրենց քաղաքական խարտիաները օտարի մատյաններում գրում … Մի՞թե մենք ազգովին ենք կենտրոնախույզ ու օտարամոլ …

Մի՞թե նախանձը մեր գենետիկ հիվանդությունն է …

Ինչ խոսք, հաճախ են փոխվել մեր հարևանները, հաճախ են հավատափոխվել: Մեր հարևանները դարձել են մեր ճակատագիրը. թույլ ենք տվել, որ դառնան: Ճակատագիր ամեն դարում մեզ մեզ ձևավորել է յուրովի և նորանոր խնդիրներ է դրել մեր առաջ և միշտ նույն սրությամբ` լինե՞լ, թե՞ չլինել …

Բայց ի վերուստ մեզ այս է տրված, և ամոթ չէ՞ր գյուղերով, գավառներով տեղահան լինել, փախչել սեփական ճակատագրից: Ճակատագիրն անտերություն չի սիրում, անտեր թողեցիր` քեզ կանտերացնի … (Մեր հարավի հարևանը դատարկություն չի սիրում, դատարկ տեղ տեսավ թե չէ` լցվում է …):

Նոր խնդիրները ստիպել են մեզ նոր սխալներ անել, բայց մեկը` ամենաբութը, կրիկնում ենք հավիտյան. աշխարհի դաժան թոհուբոհի մեջ բարոյականություն ենք փնտրում, համառորեն արդարություն ենք ակնկալում, աղերսելով …

Զգայուն ժողովուրդ ենք. եթե չենք գտնում, իսկ մենք չենք գտնում երբեք, խոր հիասթափություն ենք ունենում, անհարկի ցնցումներ …

Չենք տեսնում, որ արդարությունն ու հաղթանակները քայլում են նրանց հետ, ովքեր ազգը միացնող միտք ունեն, պետականության ձգտում …

Քանի՞ դար կարելի է, ժողովրդի ասած` նստել թախտին, սպասել բախտին …

Եվ չսրբանանք: Աստված հեռու պահի, մենք մեզ չսրբացնենք, թե չէ կդառնանք մատաղացու ոչխար. պատմությունը վկա: Միլիոն ու կես միանգամից, անպայքար զոհ տալուց հետո չարժե հոխորտալ` «Բայց մենք գոյատևում ենք, ուրիշները չկան …», չարժե. դեռ մեր հողում թաղված ու չթաղված մեռելների ոսկորներն է տրորում նվաճողը:

Մեր մեղավորությունը ինքներս մեզնից չպարտակենք, պարտությունները տղամարդավարի ընդունենք, Ազատի պես մտածենք, թող կարգավորվի, առողջանա մեր հոգու աշխարհը, մեր պատմության առաջ ապաշխարհենք ազգովին, թողություն հայցենք մեր Աստծուց` մեր թերացումների, մեր դեմ իսկ գործած մեղքերի համար …

Աղբյուր՝ Lurer.com