Այսպէս է ասում Տէրը. «Այլ դու երբ աղօթես, մտի՛ր քո սենեակը, փակի՛ր քո դռները եւ ծածո՛ւկ աղօթիր քո Հօրը, եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ յայտնապէս» (Ղուկ. 11:4)

Տ. Միքայել վրդ. Գևորգյան «Աստծուն գտնելուց հետո ամեն ինչ իմաստավորվում է մեր կյանքում»

«Երբ դեռևս աստվածային լույսը չի ծագել մարդու մեջ, չի ճանաչել Տիրոջը, նրա մեջ ամեն տեսակի անհանգստություններ, վախեր, կան` մահվանից, մթությունից, հարազատին կորցնելուց, անորոշությունից… Ողջ հոգով Տիրոջը փնտրելուց ու Նրան գտնելուց հետո վերանում է այս ամենը, Տերը տալիս է բոլոր հարցերի պատասխանները»:

Տ. Միքայել վրդ. Գևորգյան

«Պետական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող էի, երբ մոտ 40 հոգանոց խմբով 10 օր քայլելով Էջմիածնից ոտքով Տաթև եկանք: Այդ օրվանից Տաթևը մի ուրիշ տեղ գրավեց իմ կյանքում, անկրկնելի խորհուրդ ունեցավ»: Համալսարանն ավարտելուց և հայրենիքի հանդեպ պարտքը կատարելուց հետո Արմանը (Հայր Միքայելն) ընդունվում է Գևորգյան հոգևոր ճեմարան: Հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողը սկսեց հետաքրքրվել եկեղեցական կյանքով, Հայր Սուրբը պատասխանում է. «Կարծում եմ`ճշգրիտ գիտությունները շատ մոտ են աստվածաբանությանը. բոլոր ֆիզիկոսները, մաթեմատիկոսները խորը քննելիս կտեսնեն, որ այս ողջ արարչությունը կատարյալ ներդաշնակությամբ է հաստատված, Աստծո կողմից, և ով անկեղծ սրտով փնտրում է, հենց ճշգրիտ գիտությունների միջոցով էլ կկարողանա ճանաչել Տիրոջը»:

«2007թ., երբ օծվեցի կուսակրոն հոգևորական, 40-օրյա ապաշխարության շրջանում մշտապես խորհրդածում էի, աղոթում, փնտրում, թե որտեղ կարող եմ իմ ծառայությունը բերել: Շատ էի փափագում վանքում, աղոթքի կյանքով ապրել, և այդ օրերի ընթացքում միշտ Տաթևն էր իմ առջև հառնում, սիրտս ջերմացնում: Աստվածային նախախնամությամբ նշանակվեցի հենց Տաթևի վանքում»:

Սկզբնական շրջանում Տաթևում մնալու պայմաններ չկային: Հայր Սուրբն ու Սամվել սարկավագը (Տեր Խաչերը) Տաթև գյուղում էին գիշերում, մինչ մի քանի սենյակներ կնորոգեին, որպեսզի վանքում ապրել կարողանան: «Առաջին ամիսներին հիմնականում շինարարությամբ էինք զբաղված, բայց դրա մեջ մեծ ուրախություն, սեր կար, և, ամենակարևորը, աղոթք, որ Հայր Սուրբը դրել էր ամեն ինչում»,-պատմում է Տեր Խաչեր քահանա Հարությունյանը: Այդ շրջանում Տաթև գնալիս կարելի էր տեսնել շինարարների հետ հավասարապես աշխատող հոգևորականներին: «Մեծ էր աղ օրհնելու եկած գյուղացիներից մեկի զարմանքը, երբ մի տանիքից մյուսը հող տեղափոխող աշխատանքային հագուստով մեկը ձայնեց, որ շուտով կիջնի, կփոխի հագուստն ու կօրհնի…»:

Գյուղացիներն, ովքեր սկզբում կարծում էին, թե գյուղ եկած «խենթ» երիտասարդները մի քանի ամիս հետո կձանձրանան ու կփախչեն, շուտով ծանոթանում ու մտերմանում են հոգևորականների հետ: «Երբ երեխաները սկսեցին գալ երգչախումբ, խորան բարձրանալ, արդեն կապ հաստատվեց իրենց ծնողների հետ, տնօրհնեքների գնացինք, աստիճանաբար վերացավ սառնությունը»,-պատմում է Տեր Հայրը: Գյուղացիներից շատերը, ովքեր հեռու էին հոգևոր կյանքից, այժմ եկեղեցի են գալիս, մկրտվել են: Հայր Սուրբն ու Տեր Խաչերը նաև այցելում էին հարևան գյուղեր, կիրակնօրյա դասեր կազմակերպում: Հայր Միքայելն ասում է, որ հովվական առաքելության նախապայմանը սերն է առ Աստված և իր հոտը: «Հոգևորականը պետք է հանձն առնի Քրիստոսի նման իր անձը զոհաբերելու հանուն հոտի փրկության: Քրիստոս ասում է. «Չկա ավելի մեջ սեր, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար» (Հովհ. 15:13): Այսինքն` եթե ուզում ենք ճշմարիտ սեր ունենալ, պետք է նախևառաջ զոհաբերության հոգի ձեռք բերենք»:

Տաթևն առանձնահատուկ մի շնորհ ունի`խաղաղությունը: Ինչպես նշում է Հայր Սուրբը` այստեղ այնքան շատ է խաղաղությունը, որ ինքչան էլ ցանկանաս խլել, խաթարել այն, չի ստացվի: Տերը բնակվում է այստեղ: «Մեզ համար մեծ ուրախություն էր, երբ վանքի դարպասները դրեցինք, վանքը տան նման դարձավ մեզ համար, արդեն կարող էինք առանձնության մեջ լինել: Կտեսնեիր`գիշերը երկուսի-երեքի կողմերը մի մոլորված տուրիստ էր դուռը ծեծում, վեր էինք կենում, ընդունում, ուտելիք, նաև վրանները խփելու տեղ տալիս»:

Տեր Հայրը պատմում է, որ, թեև սկզբում Պատարագներին միայն երկուսով էին եկեղեցում, այնուամենայնիվ, Հայր Սուրբը քարոզ էր պատրաստում, խոսում: «Սա հիշեցնում է պատմությունը մի կույր վանականի, ով աշակերտին ամեն անգամ խնդրում է իրեն ուղեկցել, որ քարոզի ժողովրդին: Աշակերտը մի անգամ ձանձրանում է և տանում, ձորի պռնկին կանգնեցնում`ասելով, որ ժողովուրդը լսում է իրեն: Քարոզի վերջում հրեշտակները ծափահարում են վարդապետին, և հայր սուրբն ասում էր, որ եթե մարդիկ չեն լսում, հրեշտակները կլսեն»: Տեր Խաչերը, ով նաև Հայր Սուրբի համակուրսեցին է եղել, նշում է, որ նա իր հոգևոր նկարագրով, ընդգծված աղոթասիրությամբ միշտ տարբերվում էր բոլորից: «Հայր Սուրբը մեզանից 8 տարով մեծ է և ավագ, խրատող եղբայր էր մեզ համար: Երբ որևէ սխալ քայլ էինք անում, անհաշտություն էր լինում, մեզ խաղաղեցնողն ինքն էր: Այս ամենի հետ մեկտեղ Հայր Սուրբի մեջ անսահման պարզություն ու միամտություն կա, շիտակություն`մարդկային հարաբերությունների մեջ: Պարզության մասին է խոսում այն, որ, չնայած իր`առավել բարձր աստիճանին, կգար, փայտ կկոտրեր, թեկուզ չէր էլ ստացվի, փայտը կխփեր ոտքին…Ճաշ եփելիս էլ, ցանկանալով օգնել, հնարավոր է` դանակով ձեռքը վնասեր… Միշտ ամեն կերպ ցանկանում էր օգտակար լինել…»: «Հայր սուրբն ամենաբարի մարդն է»,-իր հերթին նշում է Տաթևի մանկական երգչախմբի անդամներից 12-ամյա Աքսաննան: Ի դեպ` վանքի երգչախումբն արդեն 2 տարեկան է, այստեղ ընդգրկված են շնորհալի երեխաներ հարակից համայնքներից: Ինչպես նշում են գյուղացիները` Տաթևի վանքն այսօր իրապես շենացել ու հոգևոր զարթոնք է ապրում, և այս ամենը` շնորհիվ նախևառաջ հարատև աղոթքի: «Հոգևոր առաջընթացի գաղտնիքն աղոթքն է»,-ասում է Հայր Սուրբը:

«Աղոթել շատ սիրեք, քանի որ աղոթքն ամեն ինչ սովորեցնում է մարդուն, զորացնում միտքը, խաղաղություն պարգևում: Մտածե՞լ եք` ինչո՞ւ է երկինքը (կամ գրիչի թանաքի գույնը) կապույտ. քանի որ կապույտը խաղաղեցնում է: Աստված երկինքը կապույտ ստեղծեց, որպեսզի իմանանք, որ այնտեղ խաղաղություն կա: Աշխարհում, երկրի վրա ինչ էլ լինի, երկնքի խաղաղությունը չի կարող խաթարվել: Ճիշտ այդպես էլ երկնքի անդրադարձը մեր հոգու մեջ է: Տերը մեր հոգու խորքում խաղաղություն է դրել: Ես հավատքը նմանեցնում եմ մարգարիտի, որ գտնվում է ծովի հատակում: Ջրի մակերեսին ինչ ալեկոծություն, փոթորիկ էլ լինի, երբեք ընդերք չի հասնում, այն միշտ խաղաղ է: Մենք միշտ ջրի մակերեսին ենք, ալեկոծվում ենք, փոթորկվում, բայց փորձենք իջնել հատակը, տեսնենք`այնտեղ ալեկոծություն կա՞… Այնտեղ կատարյալ խաղաղություն է: Փնտրեք ձեր հոգու խաղաղությունը…»,-եզրափակում է Հայր Սուրբը:

Մարիամ Ավետիսյան

Աղբյուր՝ Aravot.am

Տէր Միքայէլ վարդապետ Գեւորգեան (Ավազանի անունը` Արման)

Ծնվել է 1975 թ. հունիսի 18-ին Երևանում:

1982-1992 թթ. սովորել է Երևանի թիվ 181 միջնակարգ դպրոցում:

1992-97 թթ. սովորել է ԵՊՀ Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում:

1997 թ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում:

1998-2000 թթ. ծառայել է Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցում:

2000-2006 թթ. սովորել է Ս. Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանում:

2006 թ. փետրվարի 23-ին, ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի, ձեռնադրվել է սարկավագ:

2006 թ. աշխատանքի է նշանակվել «Քրիստոնյա Հայաստան» թերթի խմբագրությունում:

2007 թ. փետրվարի 22-ին պաշտպանել է ավարտաճառ՝ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթի մատենագիտությունը» թեմայով:

2007 թ. հունիսի 24-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա` ձեռամբ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի՝ անվանվելով Հայր Միքայել:

Նույն թվականին Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ նշանակվել է Տաթևի վանքի վանահայր:

2013թ. ապրիլի 6-ին, ձեռամբ Տ. Նաթան արք. Հովհաննիսյանի, ստացել է վարդապետի կոչում:

Ներկայիս Հայր Միքայելը շարունակում է ծառայել Տաթևի վանքում` որպես վանահայր: