Այսպէս է ասում Տէրը. «Մարդու Որդին կուղարկի իր հրեշտակներին, եւ նրանք կհաւաքեն նրա արքայութիւնից բոլոր գայթակղութիւնները եւ նրանց, որոնք անօրինութիւն են գործում» (Մատթեոս 13:41)

Ավետիք Իսահակյանի նամակը Երվանդ Քոչարին

Սիրելի Երվանդ,
Ստացել եմ քո երկու նամակն էլ և տիկնոջդ փոքրիկ պատկերը, որից կարելի է ենթադրել, որ համակրելի աղջիկ է:

Բարով վայելեք միմյանց:

Ոչ մի առիթ չունիս հոռի մտածումներ ունենալու իմ չպատասխանելու համար. քեզ առաջվա պես սիրում եմ, միայն ծուլությունն է պատճառը, որ փափագներս չի իրագործվում` նամակներին իսկույն պատասխանելու: Շատ եմ սիրում նամակներ ստանալ, բայց պատասխանելն ուղղակի տաժանք է:

Բռնի, զոռով եմ պարապում, այսինքն` «Ուստա Կարոն» գրում, այնքան ստվար գործ է, հազար էջ, այնքան դեմքեր ու դեպքեր կան, որ խճճվել եմ մեջը, դուրս չեմ կարող ելնել: Հիմա էլ Վենետիկի ամառն է` մի սպանիչ, մեղկացուցիչ տաքություն, բաղնի՛ք, որ թմբիր է տալիս թե՛ կամքին, թե՛ մտքին, թե՛ զգացումներին:

Հնար չունիմ այս համարից դուրս գալու. սիրտս լեռներ է ուզում, կապույտ ու զով, բայց ո՞վ է տվել մեղավորին արքայություն:

Այո՛, Չարենցը անկեղծ ոգևորված էր «Ուստա Կարոյով», նա ճիշտ ըմբռնեց իմ հղացումը - տալ էպոս, ուր ամեն բան կա մեջը և պիտի լինի ամեն բան, ողջ դարը, մտայնությունը, դասակարգերը, մարդիկ` կենդանի, ռեալ, և մտքերի, գաղափարների հորդ ծով... Խնդիրը հաջողության մեջն է, պիտի հաջողի՞մ այսքան անհնարին ծանրության տակ ձեռք զարկելու: Տեսնենք, ես լավատես եմ:

Չարենցը հետաքրքիր տղա է, և՛ տաղանդավոր է, և՛ զարգացած է, և՛ լավ ընկեր է: Սիրեցի նրան:

Այնպես որ, սիրելիս, ներողամիտ եղիր չպատասխանելու համար. քեզի մոռանալու կամ արհամարհելու նշան չէ դա, բնավ երբեք, այլ ասեցի արդեն. ամենակարևոր նամակներ - հացի հետ կապած, շաբաթներով երեսի վրա են մնում, իմ տարիքիս ու իմ գործիս տեր մարդը պետք է, որ մի քարտուղար ունենա: «Ուստա Կարոն» խեղդում է ինձ, ամեն բան ես եմ անում, և արտագրությունը, որ սպանիչ է, նույնպես` ես... և ժամանակ չի մնում նույնիսկ անհրաժեշտ գրքեր կարդալու:

Դու ի՜նչ ջրերի վրա ես, կարո՞ղ ես գլուխդ պահել, - այսինքն, ավելի դյուրին կերպով: Կարծում եմ, որ արդեն մի ճամփա բացած կլինես քեզ համար...

Մերոնք լավ են, և հիշում են միշտ քեզ, ինչպես Ժորժի և Մենոյի հետ հանդիպելիս:

Բոլորն էլ ջերմ բարևում են քեզ:

Քաջ եղիր, լավ եղիր, առողջ և ուրախ:

Սրտագին բարևներ տիկնոջդ:

Համբույրներով, քո` Ավետիք: