Այսպէս է ասում Տէրը. «Իսկ վերին իմաստութիւնը նախ՝ սուրբ է եւ ապա՝ խաղաղարար, հեզ, բարեացակամ, լի ողորմածութեամբ եւ բարի գործերով, մաքուր խղճմտանքով, առանց կեղծաւորութեան: Արդարութեան պտուղը խաղաղութեամբ է սերմանւում նրանց համար, ովքեր խաղաղութիւն են անում» (Հակոբոս 3:17-18)

Ինքնանկարի ճակատին դրված խնդիրը

60-ականների սկզբին Ռուդոլֆ Խաչատրյանն ինձ տարավ Երվանդ Քոչարի՝ իր վարպետի մոտ. այդպես առաջին անգամ հայտնվեցի Մաեստրոյի արվեստանոցում: Ռուդոլֆը տան տղա էր և իրեն Քոչարի ներկայությամբ ազատ էր պահում: Ես, որ երբևէ ինձ թույլ չեմ տվել որևէ մեկի հետ ազատ լինել, զարմանում էի: Հետագայում մենակ էլ էի այցելում, այլևս Ռուդոլֆի ընկերակցությունը պարտադիր չէր, բացի այդ, Քոչարին հաճախ հանդիպում էի Նկարիչների տան սրճարանում, որտեղ գրեթե ողջ հայ մտավորականությունն էր հավաքվում՝ Կոստան Զարյանը, Լևոն Ներսիսյանը, դերասաններ, գրողներ, նկարիչներ և այլք: Քայլել ենք Երևանով, զրուցել, զգացել եմ նրա մտերմիկ վերաբերմունքը: Այդ տարիներին դեռ սովորում էի ուսումնարանում, Չարենցի խոսքերով մի երգ էի հորինել՝ «Էլի գարուն կգա, կբացվի վարդը…»: Ամեն անգամ, երբ հանդիպում էինք, խնդրում էր, որ այդ երգը երգեմ՝ ականջը մոտեցնում էր, ես երգում էի՝ մի քիչ արևելյան, մի քիչ աշուղական, մի քիչ կոտրտված ռիթմով,- այդ երգը հիմա էլ ինձ համար թանկ է:

Գնացել էի Մատենադարան երաժշտագետ Նիկողոս Թահմիզյանի մոտ: Աստիճաններով իջնում էինք՝ հանդիպեցինք տիկին Մանիկին: Նա շատ ուրախացավ և առաջարկեց այցելել Քոչարի արվեստանոց: Պարզվեց, որ Մաեստրոն Կոմիտասի արձանն ավարտել է: Մենք՝ Նիկողոսն էլ, ես էլ, հիացանք. «Շատ գեղեցիկ արձան է, իսկապես Կոմիտաս է, իսկապես բարձր երաժշտի բարձր կերպար, բարձր արվեստ՝ բոլոր իմաստներով»: Զրույցը եղավ, սուրճն էլ խմեցինք, ուզում ենք ցտեսություն ասել՝ տիկին Մանիկը խնդրեց քիչ էլ մնալ: Մի քիչ էլ մնացինք: Էլի խոսք ու զրույց, էլի հիացումի խոսքեր: Կոմիտասի մասին պատմություններ՝ Նիկողոսը լավ գիտեր Կոմիտաս: Նորից ցանկանում ենք ցտեսություն ասել, և նորից տիկին Մանիկը՝. «Մի քիչ էլ մնացեք»: Էլի մնացինք, բայց երրորդ, չորրորդ անգամ, երբ գնալու հարցը հասունացավ՝ արդեն բոլոր իմաստներով այլևս անհասկանալի էր, թե ինչո՞ւ պիտի մնանք, ի՞նչ է պատահել: Գաղտնիքը բացվեց. Էջմիածնի շրջկոմի քարտուղարն էր գալու՝ Քոչարը պետք է նրան ներկայացներ Կոմիտասի քանդակը, և մենք՝ իբրև Կոմիտասի պաշտամունք ունեցող երաժիշտներ, մեր խոսքը պիտի ասեինք նրա ներկայությամբ: Դա էր տիկին Մանիկի պատրաստած փոքրիկ միզանսցենը: Չեմ կարծում, որ մեր ներկայությունը ինչ-որ դեր խաղաց, ուղղակի դա տիկին Մանիկի տևակա՛ն հոգածությունն էր, տևակա՛ն հոգատարությունն էր Քոչարի նկատմամբ: Եվ այս հոգատարությունը երբեմն այնքան ընդգծվում, այնքան սահմանները մեծացնում էր, որ Քոչարը նշաններ էր անում, որ պետք է փոքր-ինչ զուսպ լինել: Այս տեսակի հոգատարության մեջ Քոչարն ապրեց տասնամյակներ:

Փարիզի Art Modern թանգարանի երկրորդ հարկում, սրահի կենտրոնում տեսա Քոչարի Տարածական նկարներից: Այդ ժամանակ մեզ՝ արվեստով ապրող երիտասարդներիս համար՝ երաժիշտ թե նկարիչ, հայտնվել Փարիզում և Փարիզում տեսնել մեկի աշխատանքը, ում ամեն օր հանդիպում ես սրճարանում, ուղղակի ապշելու բան էր: Ես ցնծության մեջ էի:

Միասին քայլում ենք Տերյան փողոցով: Ես պատմում եմ. «Մաեստրո, Փարիզում տեսա Ձեր աշխատանքը…»: Տեսնեմ, դիմացի մայթին է նայում. շրջվել, ինչ-որ մեկին բարևում է: Մեկին բարևեց, մյուսին բարևեց, երրորդին… Հասկացա, որ չի ուզում լսել, հասկացա, որ իմ պատմելուց ցավ է ապրում: Այդպես էլ ուշադրություն չդարձրեց, իմ ոգևորությանը ոչնչով չպատասխանեց: Ես այդ ամբողջի մեջ զգացի նրա ցավի չափը, անկարողությունը՝ վերադառնալ և տեր լինել այն ամենին, որ թողել էր Փարիզում:

Երիտասարդների հանդեպ զարմանալի շռայլ էր: Պատրաստ էր գնահատել, գովել, հիանալ: Դա իր մեծության, բարեսրտության, վարպետ լինելու վկայությունն էր անշուշտ, բայց նաև կար փարիզյան վարքագիծը՝ արվեստում, ամենապարզ դրսևորման մեջ գեղեցիկը գնահատելու շնորհը:

Մի օր մտանք ջրերի խանութ, վաճառողուհուն ասաց. «Ի՜նչ գեղեցիկ աչքեր ունես»: Վաճառողուհին հիացմունքից հալվեց: Ես երբևէ ուշադիր չէի եղել այդ ջուր վաճառողի խալաթի մեջ պարուրված կնոջ նկատմամբ. նա տեսավ աչքերը՝ խոշոր, գեղեցիկ, հոնքերը՝ շքեղ, թարթիչները՝ թանձր. այդ պահը անմոռնալի էր: Գեղեցիկը միշտ նկատում էր, բարձրաձայնում:

Նույնիսկ այդ տարիներին նրան երբևէ չեմ տեսել փնթփնթալիս, դժգոհելիս, մշտապես Մաեստրո էր, իսկական artist:
Քոչարը և Սարյանը երիտասարդների համար նույն իրականության տարբեր ճյուղերն էին: Նկարիչների մի մասը պատկանում էր սարյանական թևին, մյուսների համար չափը Քոչարն էր: 60-ականներին մոդեռնի հովերը եկել էին Հայաստան և նոր արվեստի նկատմամբ մի տեսակ հիվանդագին ընդգծված ուշադրություն կար:

Պարույր Սևակը, Հանճար Յուրան, Գևորգ Կարապետյանը և ես քեֆներս լավ գնում էինք շարունակելու: Յուրան պաշտամունք ուներ Քոչարի հանդեպ, փառաբանում էր նրան, հետն էլ թերագնահատում Սարյանին: Սևակն ասաց. «Յուրա ջան, Սարյանը Սարյան է, Քոչարը՝ Քոչար, պետք չէ հակադրել»: Ես Պարույրին տարբեր իրադրությունների մեջ եմ տեսել և՛ վիճելիս, և՛ խաղաղ, բայց այդ օրը տեսա, որ նա կարող է նաև խնդրելու պես եղբայրաբար խորհուրդ տալ:

Այդ տարիներին շոշափվում էր նաև Սարյան-Կոջոյան հարաբերությունը, եղան նաև հասարակական հնչեղության արտահայտություններ, իբրև թե Սարյանի մեղքն է, որ Կոջոյանը հավուր պատշաճի գնահատված չէ: Այս վեճերին Քոչարը սնունդ տալիս էր իր անտարբերությամբ: Նա Հայաստանում Մեդեռն արվեստի առաջին դեմքն էր՝ ինքը դա ընդունում էր սիրով, իսկ երբ Սարյանի մասին անպատշաճ արտահայտություններ էին հնչում՝ լռում էր:

Առանձնահատուկ էր Քոչարի և Կոստան Զարյանի մտերմությունը: Նկարիչների տան սրճարանում ուրիշ մեծեր ևս կային, անշուշտ, բայց նրանց չափը չունեին: Այն, ինչ կարող էր պատմել Քոչարը կամ ասել Կոստան Զարյանը, որևէ տեղ ոչ կկարդայիր, ոչ կլսեիր. դա միայն այդ միջավայրի ներսում գոյացող մտքեր, արժեքներ էին: Նման խնդիրներ շոշափվում էին լենինգրադյան կամ մոսկովյան որոշ ինտելեկտուալների խոհանոցներում միայն: Այդ ընթացքն իմ կյանքում կարևոր համալսարանական շրջան եղավ: Իհարկե, մենք ունեինք մեր րՑցՍՈփ-ը: «Սիրում» էինք նրան, նա էլ մեզ էր «սիրում», և սա մի հարաբերություն էր, որ քննարկման չէր դրվում՝ վատ տոն էր համարվում այդ մասին խոսելը: Այդ մարդիկ գալիս-գնում էին, ի վերջո իրենց գործն էին անում: Եթե րՑցՍՈփ-ը պիտի հեռանար, ասենք՝ տեղափոխվեր այլ աշխատանքի, մեկ ամիս իր հետ տանում-բերում էր նորին: Նորին էլ էինք «սիրում»՝ գիտեինք, որ փոխարինելու է եկել:

Մի անգամ Քոչարն ինձ հարցրեց. «Պուշկինյան թանգարանում Սեզանի Ինքնադիմանկարը տեսե՞լ ես»: Ասացի. «Այո՛»: «Նկատե՞լ ես. ճակատի վրա, հոնքերի միջև նկարի հետ որևէ կապ չունեցող երկու վրձնահարված կա»: Ասացի. «Չեմ նկատել»: «Կգնաս, կնայես, ընդհանուր հյուսվածքի հետ ոչ մի կապ չունեցող երկու վրձնահարված է դրել, մեկը՝ կարմիր, մյուսը՝ կանաչ: Ճակատին դրել է այն խնդիրը, որն ամբողջ կյանքում իրեն հուզել է»:

Ես իհարկե գնացի, այդ նկարը դիտեցի և հիմա ամեն անգամ Սեզանի «Ինքնանկարին» նայելիս, ուշադրությունս գրավում են այդ վրձնահարվածները, որ Քոչարից նվեր եղան ինձ:

Տիգրան ՄԱՆՍՈՒՐՅԱՆ

Աղբյուր՝ Hovikcharkhchyan's Blog