Այսպէս է ասում Տէրը. «Երանի՜ է այն ծառային, որին իր տէրը, երբ որ գայ, այդպէս արած կը գտնի։ Արդարեւ, ասում եմ ձեզ, որ նրան իր բոլոր ինչքերի վրայ վերակացու կը կարգի» ( Ղուկասի 12:43-44)

Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյան

Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյան (նոյեմբերի 16, 1996, Երևան - ապրիլի 2, 20, Արցախի Հանրապետություն), Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, զինված ուժերի կրտսեր սերժանտ, Արցախի հերոս (հետմահու)։

Զոհվել է Քառօրյա պատերազմի ժամանակ` Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը պաշտպանելիս։

Ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար 2016 թվականի մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ ու «Ոսկե արծիվ» շքանշանով։

Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյանը ծնվել է 1996 թվականի նոյեմբերի 16-ին՝ Երևանում։ Ունի ավագ եղբայր։

2003 թվականին ընդունվել է Երևանի թիվ 147 հիմնական դպրոց, որն ավարտել է 2012 թվականին։

2012 թվականին ընդունվել է Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջ։ Քոլեջն ավարտել է 2014-ին՝ ատամնատեխնիկի որակավորմամբ։

2014 թվականին ընդունվել է Մայր Թերեզայի անվան բժշկական ինստիտուտ։

Ռոբերտ Աբաջյանը պարտադիր ժամկետային զինծառայության է կանչվել 2014 թվականի երկրորդ զորակոչով՝ Արաբկիրի ԶԿ-ից։ Բարձր առաջադիմության շնորհիվ ստացել է կրտսեր սերժանտի կոչում։

Քառօրյա պատերազմ

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակման են անցնում։ Արցախի Հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հենակետային դիրքերը հրետակոծելուց հետո ադրբեջանական ստորաբաժանումներն անցնում են գրոհի։ Շուրջ երեք հարյուր հոգուց բաղկացած խմբերը տանկերի աջակցությամբ փորձ են կատարում գրավելու հայկական դիրքերը։ Վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանի հրամանատարությամբ վեց զինծառայողից բաղկացած սահմանապահ ուժերն անցնում են շրջանաձև պաշտպանության՝ երկու անգամ հաջողությամբ հետ մղելով հակառակորդի հարձակումները ու խոցելով նաև թշնամու մեկ տանկ։ Անհաջող հարձակման փորձից հետո թշնամին նահանջում է և կրկին սկսում հրետանակոծել հայկական դիրքերը։

Վաշտի հրամանատարի մահվանից հետո, ոտքի վիրավորում ստացած Ռոբերտ Աբաջյանը հրամանատարությունը վերցնում է իր վրա և պատնեշի վրայից շարունակում մարտը։ Նկատելով, որ խրամատում զինամթերքը վերաջանում է, զինվորներին ուղարկում է փամփուշտ բերելու։ Այդ ընթացքում հակառակորդին հաջողվում է թափանցել դիրք։ Աբաջյանը, կողքին մնացած միակ ծառայակցի՝ վիրավորում ստացած գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի հետ, համառ դիմակայությամբ, նահանջում են դեպի դիրքային կացարան։ Արյունահոսությունից շուտով մահանում է Զոհրաբյանը։ Մարտական խորշում դիրքավորվելով, Ռոբերտ Աբաջյանը մինչև վերջին փամփուշտը շարունակում է միայնակ կռվել թշնամու մեծաթիվ ուժերի դեմ, միևնույն ժամանակ կապ հաստատելով գումարտակի հրամանատարի հետ և վերջինիս կարևոր տեղեկություններ հաղորդելով դիրքում կատարվող դեպքերի մասին։ Նկատելով իրեն մոտեցող թշնամուն, Աբաջյանը վերջին անգամ կապի է դուրս եկել և ասել, որ արդեն հանել է իր մոտ մնացած վերջին նռնակը ու պատրաստ սպասում է՝ հենց մոտենան, իր հետ միասին պայթեցնելու է նրանց, որ չհանձնվի։ Տեսնելով իրեն մոտեցող հակառակորդին, Աբաջյանը բացված նռնակը թաքցնում է ափի մեջ և ձեռքերը վեր բարձրացնում, իբր հանձնվում է։ Թույլ տալով, որ բավականաչափ իրեն մոտենան, Աբաջյանն իր հետ միասին նռնակով պայթեցնում է հակառակորդի մի քանի զինվորի։

Անձնազոհ քայլով Ռոբերտ Աբաջյանը նաև փրկել է թիկունքից օգնության հասած հայկական ուժերի զինվորներին։

Ապրիլի 8-ին, կողմերի միջև նախապես ձեռքբերված պայմանավորվածությամբ իրականացվում են զոհվածների մարմինների որոնողական աշխատանքներ, որի արդյունքում հայկական կողմը հայտնաբերում է Աբաջյանի և Զոհրաբյանի դիերը։

Հուղարկավորություն

Ապրիլի 11-ին զինվորական կարգով Ռոբերտ Աբաջյանին հողին հանձնեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Հոգեհանգիստը տեղի ունեցավ Երևանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։

Արցախի հերոս

2016 թվականի ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանով Ռոբերտ Աբաջյանին հետմահու շնորհվում է «Արցախի հերոս» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն կոչում և «Ոսկե արծիվ» շքանշան։ Աբաջյանը դառնում է թվով 24-րդը, ով արժանանում է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը, ինչպես նաև տվյալ տիտղոսի ամենաերիտասարդ կրողը (19 տարեկան)։

«Նվիրյալները» հաղորդաշարը ներկայացնում է Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյանին։