Այսպէս է ասում Տէրը. «Եւ եթէ Հայր էք կոչում նրան, որ առանց աչառութեան դատում է իւրաքանչիւրին ըստ գործերի, ապա երկիւղո՛վ ապրեցէք այս աշխարհում ձեր պանդխտութեան ժամանակ»

Քրիստոնյայի կյանքի իմաստը

Ո՞րն է կյանքի իմաստը: Մարդը մշտապես փնտրել է այս հարցի պատասխանը: Եղել են դեպքեր, երբ հաջողվել է գտնել պատասխանը: Սակայն ավելի շատ են այն դեպքերը, երբ չի հաջողվել գտնել ճիշտ պատասխանը: Արդյունքում՝ այս հարցն ավելի ու ավելի է արժեզրկվել: Այսօր էլ կյանքի իմաստին վերաբերող հարցը շարունակվում է արդիական մնալ ու միևնույն ժամանակ՝ արժեզրկվել: Կյանքի իմաստին վերաբերող տեսական ձևակերպումները չափազանց շատ են, սակայն դրանից հարցի պատասխանն ավելի համոզիչ չի դառնում: Քրիստոնյայի համար կյանքի իմաստի փնտրտուքը տեսական խնդիր չէ, այլ՝ գործնական: Ավետարանն ուսուցանում է, որ կյանքի իմաստը ոչ թե դրախտն է, այլ՝ դրախտ տանող ճանապարհը:

Այդ ճանապարհին ձևավորվում են արժեքներ, սկզբունքներ, արտահայտվում է մեր կամքը, ընտրություն կատարելու հնարավորությունը, մեր ազատության չափը: Այսինքն՝ ոչ թե պետք է հարց տալ, թե ո՞րն է կյանքի իմաստը, այլ ճշտել, թե ի՞նչ նպատակ ենք դնում մեր առջև, և արդյո՞ք հանուն այդ նպատակի արժե մեռնել: Եթե հանուն այդ նպատակի չարժե մեռնել, ապա չարժե նաև ապրել:

Մարդկային ցանկություններն անսահման են, ինչը մարդու դժբախտության հիմնական պատճառն է: Ուստի Աստված մարդու անսահման ցանկություններին իբրև հակակշիռ դրեց մի պատնեշ, որը մահն է: Եթե չլիներ մահը՝ մարդը կդառնար իր ցանկությունների գերին, իսկ կյանքն՝ անիմաստ: Որքան էլ զարմանալի է՝ մահն է իմաստ տալիս մեր կյանքին և վերջ դնում մարդու անսահման ցանկություններին:

Մարդու ցանկությունները չեն թողնում, որ նա դառնա երջանիկ ու գտնի իր կյանքի իմաստը: Մարդը ագահ է, նա չունի բավարարված և երախտագետ լինելու գիտակցումը:

Դա է պատճառը, որ մարդը երբեք չի կարողանում գնահատել իր ունեցածը. նա ուզում է լինել ամեն տեղ, ունենալ ամեն ինչ: Իր ունեցածը չի գնահատում և արժևորում՝ մտածելով, որ մի օր կանդրադառնա դրան, իսկ հիմա ժամանակն է շուրջը նայել, նոր բաներ փնտրել, կուտակել: Պետք է հասկանալ, որ ունեցածն ավելացնելու համար կարևոր է այն գնահատելը:

Քրիստոնեությունը բացահայտում է նաև, որ կյանքի իմաստն այն գործընթացն է, որտեղ մարդը ճանաչում է ինքն իրեն և Աստծուն: Սա ընթացք է, որն ավարտ չունի:

Շատ հաճախ մարդիկ կյանքին վերաբերում են որպես խաղ, իսկ խաղի մեջ մնայուն արժեքներ չեն լինում:

Երբ մարդն իր կյանքին նայում է դիտորդի կարգավիճակով, նա դժբախտ է: Բայց երբ մարդը մասնակից է իր կյանքին, այդ դեպքում պաշտպանված է մեխանիկորեն ապրելու վտանգից: Մեր խնդիրն է ակտիվ մասնակիցը լինել մեր սեփական կյանքի, իսկ դա ենթադրում է պատասխանատվություն: Քրիստոնեությունը չի ասում, որ մեղք չգործելն է կյանքի իմաստը, այլ՝ առաջնորդում է պատասխանատվությամբ ապրելու:

Մյուս կողմից՝ կյանքի իմաստը մշտապես ուրախ լինելը չէ: Ինքնաճանաչման գործընթացքում ավելի հաճախ առիթ ենք ունենում տխրել և ոչ թե ուրախ լինել: Մարդը սկսում է ինքն իրեն արարել սեփական անձի հետ ծանոթությամբ:

Մարդիկ հաճախ կյանքի իմաստը փնտրում են՝ հարցեր տալով և դրանց համար տրամաբանական պատասխաններ գտնելով: Կյանքի իմաստի բացահայտման ճանապարհին մեր հարցը հիմնականում պետք է ուղղված լինի Աստծուն:

Մենք ունենք հարցեր և չգիտենք՝ ում դիմել: Երբ հասկանում ենք, որ պետք է դիմենք Աստծուն, այդ պահից այլևս մեր հարցերն իմաստազրկվում են, որովհետև արդեն սկսվում է կենդանի շփում Աստծո հետ: Իսկ մարդու համար ամենակարևոր բանն Աստծո հետ կենդանի հարաբերությունն է:

Կյանքի իմաստը փնտրելու ճանապարհին հաճախ խճճվում ենք աշխարհիկի և հոգևորի բախման արդյունքում: Գալիս ենք եկեղեցի, Ս. Պատարագի մասնակցում, հետո առօրյա կյանքով ապրում, նույն մեղքերը կրկնում, և կարծես մեր կյանքում ոչինչ չի փոխվում: Արդյունքում մեզ թվում է՝ հոգևոր և աշխարհիկ կյանքի միջև ամուր պատնեշ կա:

Իրականում հոգևորի և աշխարհիկի սահմանը բավական թափանցիկ է: Մոռանում ենք, որ և հոգևոր, և աշխարհիկ իրականություններն Աստծուց են, և «աշխարհիկը» Աստծուց հեռանալը չէ, մեղքերով լեցուն կյանքը չէ, այլ՝ մեր առօրյա կյանքն ու մարդկային ամենապարզ շփումներն են: Աստված ամենուր է: Աշխարհիկ կյանքը մեր առօրյա հարցերի լուծման վայրն է, բայց այստեղ էլ մենք Աստծո կարիքն ունենք:

Նշեցինք, որ մահն է մարդու կյանքին իմաստ և արժեք տալիս, իսկ քրիստոնեությունն ուսուցանում է, որ մարդը պետք է մեռնի գիտակցաբար: Մեզ թվում է, թե մարդու ամենամեծ թշնամին մահն է, բայց մահից ավելի սարսափելի բան կա՝ անմահությունը. այն անմահությունը, որը մարդն է պատկերացնում: Մարդը միշտ էլ փորձել է անմահ լինել, բայց սա աստվածմերժության ճանապարհ է, երբ մարդը փորձում է անմահանալ առանց Աստծո:

Քրիստոնեությունն առաջարկում է անմահություն Աստծո հետ, իսկ դրա համար պետք է նախ մեռնել: Իրականում քրիստոնեությունն ուսուցանում է ոչ միայն մասնակից լինել սեփական կյանքին, այլև՝ սեփական մահվանը:

Կյանքն իմաստավորելու ճանապարհին քրիստոնեական մյուս արժեքը պայքարելն է. պայքարել մեղքի ու չարի դեմ, բայց միշտ չէ, որ պայքարն է մեր կյանքի իմաստը: Երբեմն չպայքարելն էլ է հաղթանակ: Ինչպես և վարվեց Քրիստոս. Նա մատնվեց մարդկանց ձեռքը, և հաղթեց: Երբեմն պայքարից հրաժարվելու քաջությունն էլ հաղթանակ է, որն իմաստավորում է մեր կյանքը:

Տեր Եսայի քհն. ԱՐԹԵՆՅԱՆ

Աղբյուր՝ Qahana.am