Այսպէս է ասում Տէրը. «Լսեցէ՛ք Տիրոջ խօսքը, ո՛վ Սոդոմի իշխաններ, ակա՛նջ դրէք Աստծու օրէնքներին, ո՛վ Գոմորի մարդիկ» (Եսայի 1:10)

Հակոբ Պարոնյանին նամակը

Երկինքեն Պարոնյանը նամակ մըն է ուղղեր ինծի, որը սակայն 18 տարվա գիր է։ Ինչպես կերեւի յոթներորդ երկինքեն եկած նամակները վարի վեց երկինքներու մեջ խստիվ քննության կառնվին։ Իրավ է 18 տարի առաջ երկինքին ու երկրին միջեւ ուղիղ գծով հարաբերություն չկար, այդ գիծը բացվեցավ Սուեզի ջրանցքին բացվելեն քիչ առաջ խումբ մը հոգեւորական-կապիտալիստներու ձեռամբ։ Հիմա կարելի է արդեն նամակ ստանալ ուղիղ գծով։ Նամակը Վերին Երուսաղեմեն ձգվելով` կիյնա Վարի Երուսաղեմ` իրենց տերերուն։

Պարոնյանին նամակը թեեւ հին, բայց անանկ նյութի մը մասին է գրված, որը միշտ նոր է հայ ազգին համար ու բնավ չի հիննար. այդ պատճառով բարձր կարդամ, դուք ալ լսեցեք։

Մեծապատիվ պարոն (անունս ազգանունս)…

Կենդանի բարեկամս.

Հայտնի է, կարծեմ Ձեզ, որ ես տարիներ առաջ մեռա… անոթի. սակայն ինծմե հետո մեռնողներուն պատմելուն նայելով, ես բոլորովին զուր տեղն եմ մեռեր եւ մահս եղեր է Ազգին ցանկության հակառակ բան մը։

Կպատմեն օրինակ, թե Ազգը սկսեր է կշտամբել ինքզինքը շատ ծանր խոսքերով, որ ինծի օգնության չէ փութացեր ու թողեր որ մեռնիմ անոթի։ Եղեր են բուռն հարձակումներ ինծի պաշտոնե զրկողներուն դեմ եւ դագաղիս վրա թովիչ խոսքեր մըն են ըսեր ( որպես թե ես հանճար մըն եմ), եղեր է լաց ու ավաղանք։ Չեմ գիտեր… եկողները անանկ կպատմեն, որ եթե ես չմեռնեի ու շաբաթ մըն ալ դիմանայի, Ազգը որոշեր էր արդեն եւ օգնության պիտի փութար ինծի։ Ասիկա այն ցավալի հանգամանքը կցուցադրե, որ ես զուր տեղ, թյուրիմացությամբ եմ մեռեր, զոհ անհամերությանս։ Ու դարձյալ նույն պատմողներուն նայելով` եթե շաբաթ մըն ալ տոկայի, օ~, անկե ետքը Ազգը ամեն կողմե այնքան ուտելիք պիտի թափեր, որու սպառման համար պետք պիտի ըլլար գեթ 200 տարի ապրիլ։ Ուրեմն եթե ես երկու օր մըն ալ զսպեի ինծի, առտուներ հացի հետ պանիր ալ պիտի ուտեի ու ճաշին լուբիա։ Ի՜նչ երջանկություն։

Չգիտեմ, գուցե երեւակայությունս քիչ մը սանձարձակ է, սակայն եթե նույնիսկ ատոր կեսը ենթադրենք, դարձյալ ահագին բան է։ Ափսոսանքս ու զղջումս մանավանդ անոր համար կայրե ինծի, որ, ախր, ես շաբաթվա մը հաց ունեի ու չկերա անոր համար, որ ընտանիքս ինծմե ետք քանի մը օր ալ ավելի ապրի։ Եթե գիտնայի, որ Ազգը այդքան սրտացավ է հանդեպ ինձ եւ պատրաստ է… մեռնելես ետքը օգնության փութալ ինծի, իհարկե, կուտեի։ Բայց զարմանալի բան. ինչպե՞ս Ազգը դեպի ինձ ունեցած այդ բուռն սերը կրցած էր թաքցնել անտարբերության քողով, ինչպե՞ս իր շարժումները չէին դավաճաներ իրեն, չնայած որ ես միշտ կխուզարկեի անոր սրտին ծալքերը,թե արդյոք իմ մասին որեւէ համակրանք չունի՞ թաքցուցած։ Կկրկնեմ. որո՞ւ միտքեն կացներ, որ այդքան անտարբեր երեւացող Ազգը, այսքան սիրեր է ինծի… Օ՜հ, Ազգ իմ, ներողություն, հազար ներողություն, սիրելիդ իմ, ներե՛ ինծի իմ այն մեկ քանի դառն խոսքերուն համար, որ ըրի քեզի, ներե՛…

Ինչեւէ, մենք զիրար չհասկցանք, բայց սխալն անուղղելի չէ. թողունք զգացմունքի խոսքերն ու անցնինք սույն նամակ գրելուս պատճառին։

Հիմա, ես տեսնելով որ սխալմամբ եմ մեռեր, կուզեմ վերադառնալ երկիր ու նորեն ապրիլ։ Միայն թե այս բանի համար հարկավոր է գործը որոշ հաստատության տակ դնել։ Այս առթիվ Ձեզմե խոնարհաբար կխնդրեմ նամակս ստանալուդ պես անգամ մը գնա Ազգին մոտ եւ հարցուր. ըսե Հակոբ Պարոնյանը կըսե` եթե նորեն երկիր գամ, պիտի սիրես ինծի. ըսե շուտափույթ պատասխանի կսպասե։ Եթե ըսավ «այո», ան ատեն, խնդրեմ, վազեվազ մեռիր ու ինծի լուր մը բեր։ Անհամբեր կսպասեմ։

Մնամ` քո Հակոբ Պարոնյան։

Հ. Գ. Նամակս արդեն վերջացուցեր էի, երբ քանի մը ննջեցյալներ, որոնց դագաղին վրա նույնպես աղու խոսքեր մըն են եղած, իմանալով, որ երկիր նամակ կգրեմ, խնդրեցին իրենց մասին ալ հարցնել Ազգին, բայց դուն գործիդ նայե, եթե ամեն գովված մեռել ուզենա վերապրիլ, ո՞ւր կհասնի. անոնք դագաղին վրա ըսված քաղցր խոսքերուն կնային, մինչդեռ եթե այդպես ըլլա, երկնքի բնակիչները բոլորն ալ պիտի իջնեն կյանք. վասնզի ան ո՞ր մեռելն է, որուն դագաղին վրա գնահատական խոսքեր չեն եղեր…

Նույնը

Իմ կողմանե.- Ես եթե մեռնելու ըլլամ, շատ-շատ երկու ամիսեն հազիվ (վասնզի հուլիս եւ օգոստոս ամիսներու նպաստը ստացված է)։ Անանկ որ, անկե առաջ լուր տալ անկարող եմ ինծմե անկախ սույն պատճառով։ Իսկ գալով նամակին պատասխանին, իմ կարծիքով սա բանին մեջ մեղավորը ինքը` Պարոնյանն է։ Անիկա ինքնագլուխ մեռնելեն առաջ պարտավոր էր բաց նամակ մը ուղղել Ազգին թե` Ա՛զգ, ահավասիկ ես անոթի եմ ու կմեռնիմ. կամք կուտա՞ք այս բանին, թե ոչ։ Բնական է, Ազգ մը չի կրնար մարգարե ըլլալ իր մեկ գործչին կարոտ վիճակը հասկնալու համար. հեռու չերթանք. դեռ անցյալներ Բաքուեն Ռ. Հովհանջանյանը տիար Ավետիս Ահարոնյանին օգնության ճիչը բարձրացուց «Արեւին» մեջ, բայց տեսա՞ք ինտոր վերջինս ձեռքը անոր բերնին դրավ, որ չպոռա, առարկելով, որ իրեն չի վայելեր կուշտ ըլլալ, երբ Ազգը անոթի է։ Այս տեսնելով, իհարկե, այսուհետեւ Ազգն ալ պիտի քաշվի օգնության ձեռք երկարել իր մեկ կարեւոր անդամին` մերժումեն վախնալով։

Մինչ մեր մեջ սովորություն մը դարձեր է ցավալի կերպով, որ կարեւոր ազգային մը մեռնելուն պես իսկույն ազգին օձիքը կճանկենք, թե ինչո՞ւ թողիր որ մեռներ, օգնեիր թող, սանկևնանկ…

Մինչեւ այսօր գեթ ես տեսած չեմ, որ գործիչ մը Ազգեն հաց ուզած ըլլա, ան քար տա, կամ ձուկ ուզած ըլլա, ան օձ տա. ինչ որ ճշմարիտն է ան ըսենք։

Եթե երկինք հանդիպեցա, այսպես ալ կըսեմ Պարոնյանին։

Դուք ի՞նչ կարծիքի եք… այսպես ալ ըսեմ, չէ՞։

Լեռ Կամսար 1917թ.