Այսպէս է ասում Տէրը. «Վշտակի՛ց եղիր Քրիստոս Յիսուսի տառապանքներին որպէս նրա բարի զինուորը։ Ոչ ոք, զինուոր դառնալով, չի զբաղուի աշխարհիկ կեանքի գործերով, որպէսզի զօրավարին հաճելի լինի։ Եւ եթէ մէկը մրցամարտիկ է, պսակ չի ստանայ, եթէ ըստ օրէնքի չմարտնչի» (Տիմոթեոս 2:3-5)

Կրա՜կ…

Բզկտված հող…Հարյուրավոր մահաբեր բեկորներ…Ակոսել են ամեն մի սամնտիմետրը..․

Ընկղմվելով հողի մեջ`հագեցրել են այն վախի և մահվան բույրով…

Պայթյուններից հարյուրավոր կիլոմետրեր այն կողմ օդը լցվել էր գարշահոտությամբ:

Կախվել խրամատների վրա ու, ասես, գոռում էր.

- Մեռեք, դե մեռեք վերջապես…

Տասնյակ արկերի ու ականների ոռնոցը նրանց գետնին էր սեղմում…Ամեն մի փամփուշտը նրանց մեխում էր հողին…

Որպեսզի չկարողանան վեր կենալ, բարձրացնել գլուխները, պատասխանել կրակոցներին:

Արկերով ծակծկված հողը փակել էր նրանց: Թաղել էր:

Իսկ նրանք ոտքի ելան: Իրենց թափ տվեցին ու կրկին.

- Կրա՜կ: Կրա՜կ:

Մեկը մյուսի հետևից մի կողմ շպրտելով դեպի իրենց արձակվող անսանձ փամփուշտները.

- Կրա՜կ, Կրա՜կ:

Վայրկյան առ վայրկյան նրանք ավելի էին քչանում…

- Կրա՜կ: Դավա՜յ, տղաներ: Կը…

Հրամանատարի ձայնը լռեց… Ընդմիշտ բարձրանալով երկինք…

Ականները…Արկերը…Փամփուշտները… Ընկղմվելով հողի մեջ` վայելում էին իրենց հաղթանակը…Մտնում էին երեկվա պատանիների մարմինները… Եվս մի փոքր ու վերջ…

Բայց կրկին բզկտված խրամատներով մեկ լսվեց պատանեկան ձայնը.

- Կրա՜կ…Կրա՜կ… Մինչև վերջին փամփուշտը…Կրա՜կ:

Արկեր…Ականներ…Հարյուրավոր փամփուշտներ… Հարյուրավոր հրանոթների դեմ…

Արդեն…Հինգն են…Եվս մեկ երիտասարդ տղա անշարժացավ` հպվելով Մայր հողին…

Բայց, միևնույն է, խրամատների վրայով լսվում է ճիչը.

- Կրա՜կ, ձեր մերը:

Մեկ…Եվ արյունահոսող ընկերը…

Վերջին փամփուշտն է..Ինքնաձիգը մի կողմ է շպրտել…

Վերջին զեկուցումը.

- Բոլորը զոհվել են: Մենակ ես եմ մնացել: Բայց նրանք չեն անցնի…

Նռնակը ձեռքին է... Օղակը` քաշած…

Նայեց գաղտագողի մոտեցող թշնամուն, ով երկյուղով առաջանում էր դեպի իր դիրքը:

Բոյով մեկ կանգնեց ու քմծիծաղով նայեց մոտեցողներին:

- Ներիր, մայրիկ:

Ափը թեթևակի բացվեց:

Վերջին պահին նա հասցրել էր նկատել, թե ինչպես են մոտեցող թշնամու աչքերը կլորացել վախից:

Ինչ-որ յոթերորդ զգայարանով թիկունքում շարժ զգաց:

Եվ հաջորդ պահին նա թռչեց:

Հարված…

Վերևում գոյացավ ինչ-որ մութ ու ծանր բան:

Ահա և վերջ…

Գիտակցությունը աստիճանաբար վերականգնվեց:

Ձայներ,… Ճիչեր…Կրակոցներ…Պայթյուններ…

Հեռվից, կարծես, ինչ-որ ձայն լսեց:

Նա բացեց աչքերը:

Դեմքին «կամուֆլյաժ» էր նկարած: Զարմացած աչքերը կանգ առան նրա վրա: Ինչ-որ բան է ասում…

- Գրողի տարածներ,- տնքաց և կտրուկ ձգվեց դեպի անծանոթին ամրակցված դանակը:

Անծանոթը արագ ձեռքերի վրա վերցրեց նրան… Սեղմեց իրեն:

- Վերջ…Վերջ…Հանգստացիր: Մերոնք են, տղաս…Մերոնք են…

Արցունքները հոսեցին հրամանատարի այտերն ի վար…

Սերգեյ ԼԵՌՆԱՅԻՆ