Այսպէս է ասում Տէրը. «Արդարեւ, իմաստութիւնն ինքն է շրջում՝ գտնելու իրեն արժանի եղողներին, եւ քաղցրութեամբ յայտնուելով նրանց շաւիղների վրայ, ինքն է նրանց տալիս ամէն մի հնարագիտութիւն» (Իմաստ. Սողոմոնի 6:17)

Համբարձումն Տեառն

Աշխարհի բոլոր կրոններն ունեն իրենց հիմնադիրները՝ Կրիշնա, Բուդդա, Մուհամեդ և այլն: Նրանց հետևորդներն ի նշան հարգանքի, երբեմն-երբեմն երկրպագության են գնում իրենց առաջնորդների շիրիմներին և… կանգ առնում հավիտենական պատնեշի առջև, քանզի մահվան վարագույրը նրանց բաժանում է միմյանցից: Իսկ ոսկորներով լեցուն անկենդան գերեզմանները հաստատում են Արարչի խոսքն ուղղված ադամորդիներին. «Հող էիր, հողին պիտի վերադառնաս»: Դարերի ընթացքում հաճախ «իմաստուն» համարվածները ցանկացան խուսափել Աստծու կամքից և զմռսեցին իրենց թանկագին մեռելներին: Զո՜ւր ջանքեր: Պողոս սրբազան առաքյալը դրանց «ծեփած գերեզմաններ» անվանեց: Մահվան անկուլ երախը ծեփո՞վ պիտի փակես, ով խղճուկ արարած:

Բայց գիտցի՛ր ով մարդ, որ մահվան վարագույրը արդեն պատռվել է Կյանքի զորությամբ, խաչյալ և հարուցյալ մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից, որն Իր մահով հաղթեց մահին: Եվ նույն Պողոս առաքյալը հաղթանակած աղաղկել է. «Ո՞ւր է ով մահ, քո խայթոցը, ո՞ւր է, ով գերեզման, քո հաղթությունը» (Ա. Կորնթ. 15. 55): Իսկ եթե ուզում ես այցելել Քրիստոսի գերեզմանին և երկրպագել նրան, ապա անիմաստ է ցանկությունդ: Այն դատա՜րկ է, դեռ այն ժամանակվանից, երբ քեզ նման մի քանի հոգի նույնպես ուզեցին մահվան երրորդ օրը գնալ գերեզման և տեսան. «Քարը գերեզմանից մի կողմ է գլորված: Ներս մտնելով Հիսուսի մարմինը չգտան: Եվ մինչ նրանք այդ բանի համար տարակուսանքի մեջ էին, ահա երկու մարդիկ լուսափայլ հանդերձներով երևացին նրանց: Եվ երբ կանայք զարհուրեցին և իրենց երեսները գետին խոնարհեցին, այն մարդիկ ասացին նրանց. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ այլ հարյավ» (Ղուկաս 24. 2-5):

Եվ Հիսուսը քառասուն օր բազում ապացույցներով երևաց յուրայիններին, վկայեց Աստծու արքայության մասին և Իր վերջին հորդորները տվեց՝ ասելով. «Ինձ համար վկաներ լինեք Երուսաղեմում և ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում մինչև երկրի ծայրերը»: Երբ այս բաներն ասաց, մինչ նրանք նայում էին, համբարձվեց: Մի ամպ նրանց աչքերից ծածկեց: Երբ աչքերը երկինք հառնած նայում էին նրա ետևից, ահա երկու ճերմակ հանդերձներով մարդիկ նրանց մոտ կանգնեցին և ասացին. «Ով Գալիլեացիներ, ինչո՞ւ եք կանգնել և երկինք նայում, այս Հիսուսը որ ձեր մեջից երկինք համբարձվեց, պիտի գա նույն ձևով, ինչպես տեսաք նրան երկինք գնալիս» (Գործք Առաքելոց 1. 8-11):

Այո՛, հիմա մեր Տերը մեզ հետ չէ, Նա փառքով համբարձվեց այս մեղավոր աշխարհից, բայց մեզ որբ չի թողել, ինչպես ոմանք են կարծում, այլ Հոր Աջ կողմում նստած բարեխոսում է Իրեն հավատացողների համար, մինչև այն օրը, երբ երկնքում կհնչի ազդարարության փողի ձայնը, քանզի Նա նորից է գալու երկիր, բայց այս անգամ որպես ահեղ ու անաչառ դատավոր, որպես մաշող կրակ, ինչպես և գրված է. «Բայց այդ օրերին արեգակը պիտի խավարի ու լուսինը իր լույսը պիտի չտա: Եվ աստղերը երկնքից պիտի թափվեն ու երկիքի մեջ զորությունները պիտի շարժվեն: Այն ժամանակ Մարդու Որդուն պիտի տեսնեն ամպերով եկած, մեծ զորությունով ու փառքով: Այն ժամանակ պիտի ուղարկի իր հրեշտակներին ու պիտի հավաքի իր ընտրյալներին չորս կողմերից, երկրի ծայրերից մինչև երկնքի ծայրերը» (Մարկոս 13. 24-27):

Հիմա խոսքը քեզ եմ ուղղում, սիրելի ընթերցող հայորդի: Հավատա, որ նա պիտի գա ու չպիտի չուշանա: Բա՛ց քո սրտի դռները և ընդունիր նրան որպես ահեղ Դատավոր: Այսօր քանի ժամանակը քո ձեռքում է, մի արհամարիր նրա անչափ քաղցրությունն ու համբերությունը, այլ քննիր քո անձը և տես, ինչպե՞ս ես քո տեր Աստծուն դիմավորելու, որպես Տեր ու Փրկի՞չ, թե՞ որպես ահեղ ու անաչեռ Դատավոր: Իմաստուն եղի՛ր և կյանքը ընտրի՛ր, որպեսզի ապրես:

Պատրաստեց՝ Մեհրուժան Բաբաջանյանը

Ապրիլ 1992