Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Եզեկիելի, Եզրի և Զաքարիայի հիշատակության օր

Եզեկիելը Երուսաղեմի տաճարի ղևտացի քահանաներից էր և Աստվածաշնչյան գիրք ունեցող չորս գլխավոր մարգարեներից մեկը: Նա ժամանակակիցն է Երեմիա մարգարեի: Ապրել է Ք. ա. 6-րդ դարում: Երբ 597թ-ին (Ք. ա.) Երուսաղեմի արքա Հովաքինը հազարավոր հրեաների հետ գերեվարվում է Բաբելոն, այդ գերիների թվում է լինում նաև Եզեկիելը: Իր մարգարեական կոչումը ստանում է 30 տարեկան հասակում՝ Բաբելոնում: Եզեկիելը մարգարեանում է և նախազգուշացումներ անում ինչպես Բաբելոն գերի տարված հրեաներին, այնպես էլ Երուսաղեմում մնացածներին: Նա մարգարեանում է Իսրայելի ժողովրդի հասանելիք դժբախտությունների մասին՝ Աստծո հանդեպ նրա անհավատարմության և անօրինությունների պատճառով: Սակայն այդ նախազգուշացումներին Եզեկիելը ավելացնում է մխիթարական և հուսադրիչ խոսքեր. հրեաների վերադարձը իրենց երկիր և Երուսաղեմի տաճարի վերակառուցումը: Եզեկիելի տեսիլքներից մեկը մարգարեանում է գալիք համընդհանուր հարության մասին:

Նա մարգարեանում է Փրկչի գալստյան և աշխարհի վախճանի մասին: Մի ուրիշ մարգարեությամբ, Սբ. Տիրամորը կոչում է փակված դուռ, որով որ ոք չմտավ Իսրայելի Տիրոջից բացի, որով, ըստ եկեղեցու մեկնիչ հայրերի, ցույց է տալիս Տիրամոր մշտակուսությունը: Նրա գրքում նկարագրված առաջին տեսիլքում խոսվում է չորս զարմանահրաշ, իմանալի կենդանիների մասին, որոնք հետագայում դարձան չորս ավետարանիչների խորհրդանիշերը: Նրա գրքում կան այլ կարևոր մարգարեություններ և հորդորներ: Նա հայտարարում է, որ յուրաքանչյուր անհատ ինքն է լինելու պատասխանատու իր սեփական արարքների համար և հրաժարվում է իսրայելական այն ավանդությունից, որը կապված էր հավաքական պատասխանատվության գաղափարի հետ: Հետևաբար, Եզեկիելը վճռականորեն կանգ է առնում անձնական կյանքի վերանորոգման գաղափարի վրա, սակայն հայտնելով, որ իսրայելացիները, հավաքաբար վերանորոգված պիտի վերադառնան իրենց նախնիների երկիրը: Եզեկիել մարգարեն հորդորում է իր հայրենակիցներին դեն նետել բոլոր մեղքերը և ստեղծել նոր սիրտ, նոր հոգի: «Ինչո՞ւ դու մեռնես, տո՛ւն Իսրայելի,- նրա միջոցով ասում էր Տերը հրեաներին:-Ես մեղանչողի մահը չեմ ուզում: Ուրեմն դարձի՛ եկեք, որ ապրեք»:

Սուրբ Եզեկիել մարգարեն ունեցել է նաև հրաշագործության շնորհ: Նրա աղոթքով Քոբար գետի ջրերը երկու մասի են բաժանվում և հրեաներն անցնում են գետի մյուս ափ: Իսկ սովի ժամանակ Աստծուց խնդրում է քաղցածների կերակուրը շատացնել և այլն: Ըստ եկեղեցու ավանդության՝ Եզեկիել մարգարեի կյանքն ավարտվում է նահատակությամբ: Դանի ցեղի առաջնորդ իշխանին կռապաշտության համար հանդիմանելու պատճառով նրան կապում են վայրի ձիերից և այսպիսով նրա մարմինը կտոր-կտոր անում: Նրան թաղում են Բաբելոնում: Եզեկիելի գերեզմանը առ այսօր ուխտատեղի և սրբավայր է հանդիսանում արևելյան հրեաների և նույնիսկ մահմեդականների համար:

Եզեկիել մարգարեին՝ իբրև հինկտակարանյան քահանայի, Հայոց եկեղեցին հիշատակում է ևս երկու հրեա քահանաների՝ Եզրի և Հովհաննես Մկրտչի հոր՝ Զաքարիայի հետ:

Եզրը կամ Եզրասը Ահարոնի ցեղից քահանա և օրենսգետ էր: Ապրել է Ք. ա. 5-րդ դարում: Պարսից Արտաշես թագավորի իշխանության օրոք Ք. ա. 459թ-ին Եզրը առաջնորդում է շուրջ 5000 աքսորյալներ հրեաների վերադարձը Բաբելոնից իրենց հայրենիք: Աստվածաշնչյան երկու գրքի՝ Եզրասի և Ա Մնացորդաց գրքերի հեղինակն է: Եզր մարգարեի ժամանակ Բաբելոնը պարսիկների իշխանության տակ էր, ովքեր առավել լավ վերաբերմունք ունեին հրեաների հանդեպ: Պարսից Արտաշես արքան հատուկ հրովարտակով Եզրին ուղարկում է Իսրայելի երկիր՝ հրամայելով օգնել նրան նրա բոլոր ձեռնարկումներում: Եզրի գլխավոր բարեկարգությունը եղավ ջնջել և չեղյալ համարել բոլոր այն ամուսնությունները, որոնք հրեաները կնքել էին օտարազգիների հետ և այդուհետ խստիվ արգելում է նման ամուսնություններ կնքել: Նա հետամուտ էր փնտրել Տիրոջ օրենքներն ու կատարել դրանք, և սովորեցնել Աստծո հրամաննները և դատաստանները: Ըստ հրեաների ավանդության՝ Եզրն է համադրողը Հին Կտակարանի կանոնի գրքերի՝ լինելով Սուրբ Գրքին հմուտ անձնավորություն: Եզրի վախճանի մասին ոչինչ հայտնի չէ:

Զաքարիան և նրա կինը՝ Եղիսաբեթը, պատկանում էին Ահարոնի ցեղին: Զաքարիան քահանա էր և ծառայում էր Երուսաղեմի տաճարում, թեև ապրում էր Երուսաղեմից դուրս՝ Հուդա քաղաքում: Իսկ Եղիսաբեթը Սբ. Մարիամ Աստվածածնի մոր՝ Աննայի քույրն էր: Այդ ազգակցական կապի մասին Ավետարանում նշված չէ, իսկ որտեղ որ Ավետարանը լռում է, լրացնում է սրբազան ավանդությունը: Զաքարիան և նրա կինը, երկուսն էլ արդար էին, աստվածավախ, մեծ նախանձախնդրությամբ պահում էին Տիրոջ պատվիրանները: Դժբախտաբար, նրանք զուրկ էին զավակի մխիթարությունից, որովհետև, ինչպես ասում է Ավետարանը. «Եղիսաբեթն ամուլ էր», իսկ ամլությունը մեծ անարգանք էր համարվում հրեական միջավայրում: Մի անգամ ծերունի Զաքարիան, տաճարում նվիրական իր պարտականությունը սպասավորելիս, Գաբրիել հրեշտակապետից արժանանում է տեսիլքի: Նրան հրեշտակապետը ավետում է, որ ինքը զավակ է ունենալու: Իր և կնոջ ծեր տարիքի պատճառով չի հավատում այդ ավետիսին, ուստի հրեշտակի խոսքով համրանում է, և նրա լեզուն բացվում է միայն այն ժամանակ, երբ ծնվում է Հովհաննես Մկրտիչը: Եկեղեցական ավանդությունն ասում է, որ, երբ Հերովդես Մեծը հրամայում է Բեթղեհեմում և նրա բոլոր սահմաններում գտնվող մինչև երկու տարեկան մանուկներին սպանել, Զաքարիան նույնպես սպանվում է տաճարում՝ չկամենալով հայտնել իր մանկան տեղը: Իսկ Հովհաննեսին Եղիսաբեթը փախցնում, տանում է լեռները և Զաքարիայից 40 օր հետո, ինքը ևս վախճանվում:

Հայ եկեղեցին Զաքարիային հիշատակում է Եզեկիելի և Եզրի հետ, Վերափոխմանը հաջորդող երրորդ շաբաթվա երեքշաբթի օրը:

Կազմեց Կարինե Սուգիկյանը

Աղբյուր՝ Surbzoravor