Այսպէս է ասում Տէրը. «Իսկ վերին իմաստութիւնը նախ՝ սուրբ է եւ ապա՝ խաղաղարար, հեզ, բարեացակամ, լի ողորմածութեամբ եւ բարի գործերով, մաքուր խղճմտանքով, առանց կեղծաւորութեան: Արդարութեան պտուղը խաղաղութեամբ է սերմանւում նրանց համար, ովքեր խաղաղութիւն են անում» (Հակոբոս 3:17-18)

Հովհաննես Թումանյան․ Անհաղթ աքլորը

Լինում է, չի լինում՝ մի աքլո՛ր է լինում։

Էս աքլորը քուջուջ անելիս մի ոսկի է գտնում։

Կտուրն է բարձրանում, ձեն է տալի.

- Ծուղրուղո՜ւ, փող եմ գտե՜լ...

Թագավորը լսում է, իր նազիր-վեզիրին հրամայում է՝ գնան խլեն բերեն։

Նազիր-վեզիրը գնում են՝ խլում բերում։ Աքլորը կանչում է.

- Ծուղրուղո՛ւ, թագավորն ինձանով ապրե՜ց... Թագավորը ոսկին ետ տալիս է իր նազիր-վեզիրին, ասում է.

- Ետ տարեք իրեն տվեք, թե չէ աշխարհքովը մին կխայտառակի մեզ էդ անպիտանը...

Նազիր-վեզիրը ոսկին տանում են ետ տալիս աքլորին։ Աքլորն էլ կտուրն է բարձրանում.

- Ծուղրուղո՛ւ, թագավորն ինձանից վախե՜ց... Թագավորը բարկանում է, իր նազիր-վեզիրին հրամայում է

- Գնացե՛ք, - ասում է, - բռնեցեք էդ սրիկային, գլուխը կտրեցեք, եփեցեք, բերեք ուտեմ, պրծնեմ դրանից։

Նազիր-վեզիրը գնում են աքլորին բռնում, որ տանեն։ Տանելիս կանչում է.

- Ծուղրուղո՛ւ, թագավորն ինձ հյուր է կանչե՛լ...

Տանում են մորթում, պղինձն են կոխում, որ եփեն, ձեն է տալի.

- Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձ տաք-տաք բաղնիք է ղրկե՛լ... Եփում են բերում թագավորի առաջն են դնում, կանչում է.

- Թագավորի հետ սեղան եմ նստե՜լ, ծուղրուղո՜ւ... Թագավորը շտապով վերցնում է կուլ տալի։ Կոկորդով գնալիս կանչում է.

- Նեդ-նեղ փողոցներով անց եմ կենում, ծուղրուղո՛ւ... Թագավորը որ տեսնում է՝ կուլ տվեց, էլ չի ձենը կտրում, իր նազիր-վեզիրին հրամայում է թուրները հանած պատրաստ կենան, որ մին էլ ձեն ածի՝ զարկեն։

Նազիր-վեզիրը թրերը հանած՝ պատրաստ կանգնում են մինը էս կողմը, մյուսը էն։

Աքլորը որ թագավորի փորն է հասնում, ձեն է տալի.

- Լույս աշխարհքումն էի, մութ տեղն եմ ընկել, ծուղրուղո՜ւ...

- Զարկե՛ք...- հրամայում է թագավորը։ Նազիր-վեզիրը զարկում են, տալիս են թագավորի փորը պատռում։

Աքլորը դուրս է պրծնում, փախչում է, կտեր ծերին կանգնում ձեն տալի.

- Ծուղրուղո՜ւ...