Այսպէս է ասում Տէրը. «Եւ եթէ Հայր էք կոչում նրան, որ առանց աչառութեան դատում է իւրաքանչիւրին ըստ գործերի, ապա երկիւղո՛վ ապրեցէք այս աշխարհում ձեր պանդխտութեան ժամանակ»

Արգիշտի Գաբոյան

Արգիշտի Գաբոյան, ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս, կապիտան, վաշտի հրամանատար:

Արգիշտի Գաբոյանը ծնվել է 1991 թվականին, Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում: Սովորել է Մեծ Մանթաշ գյուղի դպրոցում, որն ավարտելուց հետո՝ 2008 թվականին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Այն ավարտելուց հետո ստանալով լեյտենանտի կոչում՝ զինվորական ծառայության է անցել ԼՂՀ-ի Մատաղիսի գնդի Թալիշի առաջին գումարտակում, որպես դասակի հրամանատար: 2014 թվականանին ստացել է ավագ լեյտենանտի կոչում և նշանակվել առաջին գումարտակի երրորդ հրաձգային վաշտի հրամանատարի պաշտոնում: Արգիշտիի հայրը՝ Արծվիկ Գաբոյանը, պայմանագրային սպա է՝ դասակի հրամանատար, ով մասնակցել է Արցախյան պատերազմին և քառօրյա պատերազմին: Արգիշտին ունի քույր և եղբայր։

Մարտական հերթապահությունն Արգիշտին իրականացրել է Թալիշի դիրքերում: 2016 թվականի ապրիլի 1-ին, ժամը 20:00 -ի սահմաններում կատարվել է հերթափոխ և Արգիշտիի վաշտը տեղափոխվել է մշտական տեղակայման վայր:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը սկսված հրետանակոծման ժամանակ գումարտակն իջնում է թաքստոց, ապա տագնապով զինվում և ստանալով համապատասխան հրահանգ սկսում է մարտական գործողությունները, որի արդյունքում հատուկ ջոկատայինների և տանկային ստորաբաժանումների օգնությամբ ազատագրում է հակառակորդի կողմից ժամեր առաջ գրաված դիրքերի մի մասը: Հակառակորդին է մնում «Սիս» հրամանատարական դիտակետը և մի քանի այլ դիրքեր:

Ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը Արգիշտին հրաման է ստանում իր ստորաբաժանումով փակել Թալիշ գյուղի ճակատային մասը՝ թույլ չտալու հակառակորդին մտնել գյուղ:

Հանդիպում հոր՝ Արծվիկ Գաբոյանի հետ

Ապրիլի 3-ի առավոտյան Արգիշտին խրամատներում հանդիպում է հորը, ով ևս իր ստորաբաժանումով տեղափոխվել էր Թալիշ: Կարճ զրույցից հետո Արգիշտին հրաժեշտ է տալիս հորը և տեղափոխվում 162-րդ դիրք, որը գտնվում էր «Սիս» դիտակետի մոտակայքում: Ապրիլի 3-ի գիշերը 162-րդ դիրքից վաշտը երեք ուղղություններով մարտական գործողություններ է սկսում՝ «Սիս»-ը ազատագրելու համար: Գործողությունների ժամանակ զոհվում են դասակի հրամանատարը և ևս մեկ զինվոր: Վաշտը նահանջի հրաման է ստանում:

Արծվիկի Գաբոյանը հետագայում հետևյալն է պատմել որդու հետ վերջին հանդիպման մասին․

«Գիշերը ժամը 4-ին ես անձնակազմով եղա Թալիշում, ժամը 5-ի մոտ տեսնելով Արգիշտի վաշտի տղաներին, հարցրեցի՝ որտե՞ղ է նա: Արգիշտին գիշերը իր շորերն էր լվացել, երբ այդ դեպքերը եղել են, ձմեռային բաճկոնը չէր հագել, թեթև էր հագնված, ըստ երևույթին մրսել էր, իջել էր տուն, որ շոր հագներ: Եկավ, մի պահ ես մեր տղաների հետ զրուցում էի, տեսա, որ մեկը էշելոնից իր անձնակազմին հանում է, մոտեցա, տեսա՝ Արգիշտիս էր: Ինձ տեսավ, ժպտալով ասաց՝ պա՛, էս ինչի՞ ես եկել: Ասի՝ ես չեմ եկել, գումարտակով ենք եկել, ասեց՝ պա, գյուղն ավերեցին. ինքը Թալիշը համարում էր իր երկրորդ հարազատ գյուղը: Հարցրեցի՝ տանը շա՞տ բան է եղել, ինքը Թալիշում վարձով էր ապրում, ասաց՝ ապակիները լրիվ ջարդվել են, ասի՝ պատերազմ է, բա ի՞նչ ես ուզում: Հարցրեցի՝ ապրել հնարավո՞ր է, ասաց՝ հա: Հետո ասաց, որ շտապում է, պիտի գնա դիրքեր, ձախ կողմի վրա դիրքեր կան, որոնք ապրիլի 2-ին վերցրել էին թուրքերը, մեր զինվորները գիշերվա ընթացքում հետ էին վերցրել: Ասեց՝ դե լավ, պա, ես գնացի: Իջավ մի երկու բառ հետը խոսացի, համբուրվեցինք ու գնաց: Հետո հետ դարձավ, ժպտաց, որից հետո թեթև քայլերով գնաց անձնակազմի մոտ: Մենք էլ գնացինք մեր տեղը, մեր խրամատները, այնտեղից նայեցի, անձնակազմին տարավ, ոտքով մտան սարերի արանքը ու տեսադաշտից կորավ»:

Վերջին մարտ

Ապրիլի 4-ի վաղ առավոտյան Արգիշտի Գաբոյանն իր հետ վերցնելով 6 զինծառայողի՝ հարձակվում է «Սիս» դիտակետի վրա: Մոտ 40 րոպե մարտ վարելուց հետո զինվորներին հրամայում է վերադիրքավորվել և իրեն կրակով ապահովել: Այնուհետև զինվորների՝ իր հետ գնալու առաջարկը մերժելով, Արգիշտին միայնակ բարձրանում է դիրքը: Շուրջ 20 րոպե տևած մարտից հետո հրաձգությունը դադարում է, իսկ միայնակ մարտնչող Արգիշտի Գաբոյանը չի վերադառնում:

Ըստ «ՀԱՆՈՒՆ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ՀԿ»–ի՝ «Ապրիլի 4-ին սկսվեց ուժեղ հրաձգություն, անհավասար մարտում զոհվեցին Արգիշտիի մարտական ընկերները, նա Զինվորներին հրամայեց կրակով պահել իր թիկունքը, որպեսզի նա դուրս բերի զոհված ընկերների մարմինները: Կրակի դադարից հետո,Արգիշտիին էլ ոչ ոք չտեսավ։ Նա գնաց իր մարտական ընկերների մոտ»:

Ապրիլի 4-ի Առավոտյան մարտական գործողություններ են սկսվել, որի ժամանակ զոհվել է դասակի հրամանատար գյումրեցի Հրաչ Գալստյանը: Արգիշտին, իմանալով այս մասին, վեց հոգանոց խումբ է վերցրել ու ուզել է դուրս բերել դասակի հրամանատարի դին: Հայրը՝ Արծվի Գաբոյանը, հեռադիտակով տեսել է սա՝ որդուց գտնվելով երկու կիլոմետր հեռավորության վրա: Անցել է 10 րոպե, սկսվել է ուժեղ հրաձգություն ու դադարել է: Հետո զինվորները Արծվի Գաբոյանին պատմել են, որ լեյնտենանտ Գաբոյանը, իրենց պահելով ավելի ապահով տեղում, հրահանգել է, թե դուք ինձ կրակով պահեք, ես մտնում եմ դիրքեր:

Զինվորները դիրքավորվել են, թուրքերը, զգալով մարդ կա, փորձել են առաջ գալ, զինվորները վերևից խփել են, թշնամին հետ է քաշվել, Արգիշտին այդ ժամանակ եղել է խրամատում ու այդ ընթացքում վազելով՝ բարձրացել է դիրքեր, հրաձգություն է սկսվել, ու նա մինչև վերջին փամփուշտը կրակել է, որից հետո զինվորները չեն տեսել նրան: Նրա մարմինը, հոր ասելով, թշնամին քաշել, տարել է ուրիշ տեղ՝ երկար ժամանակ չտալով: Զինվորները գիշերով երկու անգամ փորձել են դիակները դուրս բերել, սակայն տեսել են, որ լեյտենտատ Գաբոյանի դին չկա: Արգիշտի Գաբոյանի դին հանձնել են ամենավերջում. ադրբեջանական կողմը համոզված է եղել, որ նա կարևոր բարձրաստիճան զինվորական է ու չեն տվել։

Արգիշտի Գաբոյանի մարմնի հանձնումն Արցախին ադրբեջանական կողմից

Ապրիլի 20-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ, համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում ադրբեջանական կողմը ԼՂՀ-ին է հանձնում զոհված Արգիշտի Գաբոյանի մարմինը։

Հորեղբոր՝ Սեյրան Գաբոյանի վկայությունները

2016 թվականի ապրիլի 20-ի երեկոյան անհետ կորած Արգիշտի Գաբոյանի հորեղբայրը՝ Սեյրան Գաբոյանը Ստեփանակերտի դիահերձարանի մոտից «Հայկական ժամանակ» օրաթերթին հայտնել է․ «Ադրբեջանից փոխանցված դին բերեցին, մենք ճանաչեցինք, ինքն է, մեր էրեխեն է»։  Հարցին՝ դին խոշտանգվա՞ծ է, թե ոչ՝ Գաբոյանը պատասխանել է, որ կարող է ասել միայն, որ մարմնի բոլոր մասերը տեղն են, դին ճանաչելի է, սակայն մյուս հարցերը պետք է պարզի դատաբժշկական փորձաքննությունը: Գաբոյանը նշել է նաև, որ Արգիշտիի մարմնի վրա հրազենային վնասվածք կա: «Հիմա շտապօգնության մեքենայով Երևան կբերեն, դատաբժշկական փորձաքննություն կարվի, կպարզվի, թե մահն ինչից է վրա հասել»,- ասել է Սեյրան Գաբոյանը:

Պարգևներ

Մերօրյա Հերոսը հետմահու պարգևատրվել է` ՀՀ Նախագահի կողմից «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի, ԼՂՀ Նախագահի կողմից`«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, ինչպես նաև ԼՂՀ` «Արիության համար» մեդալով։

Մինչ անմահանալը

2014 թվականի ապրիլի 30-ին ՀՀ նախագահի հրամանագրով, հակառակորդի դիվերսիոն խմբի ներթափանցումն իր դասակով կանխելու և ցուցաբերած արիության ու խիզախության համար պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:

Հետմահու

2016 թվականի ապրիլի 20-ին հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով:

2016 թվականի մայիսի 4-ին հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով:

2016 թվականի սեպտեմբերի 9-ին հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:

Հուղարկավորություն

Հոգեհանգիստը տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 22-ին ժամը 18:00-ին, Մեծ Մանթաշի «Սուրբ Աստվածածին» եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ 2016 թվականի ապրիլի 23-ին, ժամը 13:00-ին՝ Մեծ Մանթաշի գերեզմանատանը:

Հիշատակի հավերժացում

Հերոսի սխրանքի Հիշատակի հավերժացումը․

Հերոսի հարազատ Մեծ Մանթաշի դպրոցում իր անվամբ Ռազմագիտության դասասենյակ է բացվել։
Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում Հավերժ Զինվորի անկյուն` նվիրված Արգիշտիին։
նաև ինստիտուտի տարածքում հուշաքար է կանգնեցվել ի Հիշատակ Հերոսների:
Արգիշտի Գաբոյանի անունն է կրում ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Արթիկի խումբը:

Բնութագիր

Արգիշտիին բնութագրում են որպես ուժեղ մարդու տեսակ, իրական Հայրենասեր Հայ, չպարտվող, չկոտրվող, նպատակասլաց ու խիստ, բայց և յուրահատուկ լավ Մարդ։

Նույն զորամասում ծառայող Զինվորներից մեկը բնութագրում է Հերոսին «Խիստ ու պահանջկոտ հրամանատար, բայց լավ ու գիտակից Մարդ, օգնող ու գնահատող ու շատ Հայրենասեր մարդ»։

Ծառայության ժամանակ բազմաթիվ պատվոգրերի ու շնորհակալագրերի է արժանացել և լավ ու բարեխիղճ ծառայության համար Կապիտանի կոչում է ստացել, իսկ ծառայության ընթացքում ԼՂՀ Նախագահի կողմից պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Արգիշտի Գաբոյանի կյանքի պարտադիր կանոններ

Ըստ «ՀԱՆՈՒՆ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ՀԿ»-ի՝ իր զինգրքույկում Արգիշտին մի թուղթ է ունեցել,որի վրա առանձնացված գրված են եղել նրա կյանքի պարտադիր կանոնները, որը նա միշտ իր մոտ է պահել և առաջնորդվել դրանցով։

«Մարդ հանդիսանում է իր երկրային ճակատագրի տերը»,

«Ես ինքս պետք է հարթեմ իմ ճանապարհը ինչքան էլ դժվարություններ հանդիպեն կյանքում»,

«Ես կարգատիպն եմ իմ բախտի և ղեկավարն իմ հոգու»:

Ընտանիք

Արգիշտի Գաբոյանը ամուսնացած չէր, ուներ հայր, մայր, քույր և եղբայր։ Արգիշտիի հայրը՝ Արծվիկ Գաբոյանը 1988-ից մասնակցել է Արցախյան ազատամարտին, ավագ լեյտենանտ է, պայմանագրային ծառայության էր անցել մինչև Քառօրյա պատերազմը: Արծվիկ Գաբոյանը Քելբաջարի զորամասում է եղել, ապրիլի 1-ի դեպքերը համընկել են իր հերթափոխի հետ: Նրան տեղափոխել են Մատաղիսի դիրքերը ու հայրը, որը Քարվաճառ - Քելբաջարում պայմանագրային զինծառայող է, դասակի հրամանատար, որդուց որևէ տեղեկություն չունի: Գիտեր միայն, որ ապրիլի 1-ի գիշերվանից սկսված Արգիշտի Գաբոյանը ռազմական գործողությունների ժամանակ առաջին գծում է եղել։

«Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում այդ մասին պատմել է Մեծ Մանթաշի գյուղապետ Ստյոպա Չոբանյանը:

Ավագ լեյտենանտ Արգիշտի Գաբոյանը սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Հերոսը հավաքել էր Վազգեն Սարգսյանի նկարները, ամեն ինչ պատրաստել էր, որ մայիսի 9-ին զորամասում բացեր Վազգեն Սարգսյանին նվիրված անկյուն: Ափսոս չհասցրեց․․․ Կարդալով «Հայրենասեր»-ի հովանավորների ու հիմնադիրների երախտագիտության նամակն ուղղված հերոսի ընտանիքին՝ Արգիշտիի մայրն ասաց, որ այսպիսի նամակները շատ են սփոփում: Մեր այցելության ժամանակ ցավով նկատեցինք, որ Արգիշտիի ընտանիքն ապրում է նախկին ճաշարանի շենքում: 

Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղն 2016թ. ապրիլյան Քառօրյա պատերազմին երեք հերոս է տվել՝ Արգիշտի Գաբոյան, ավագ լեյտենանտ Բենիամին Եղոյան՝ Մոնթե, սերժանտ Արման Անդրեասյան։

«Նվիրյալները» հաղորդաշարը ներկայացնում է Արգիշտի Գաբոյանին