Այսպէս է ասում Տէրը. «Կամենում եմ, որ դուք ամէնքդ էլ լեզուներ խօսէք. աւելին՝ որ մարգարէանաք. որովհետեւ նա, ով մարգարէանում է, աւելի լաւ է, քան նա, ով լեզուներ է խօսում. միայն թէ նա թող բացատրի, որպէսզի եկեղեցին ամրանայ» (Կորնթացիներ 14:5)

Սուրբ Ղևոնդյանք՝ եկեղեցու նվիրյալները

Հայ Առաքելական եկեղեցին այսօր՝ փետրվարի 26-ին, նշում է Սուրբ Ղևոնդյաց քահանաների հիշատակության օրը: Թեև տոնացույցում որպես քահանաներ են հիշատակվում ինը հոգուց բաղկացած նահատակների այս խումբը, սակայն նրանք պատկանում են եկեղեցական կարգի բոլոր աստիճաններին՝ կաթողիկոս, եպիսկոպոս, քահանա և սարկավագ:

Նահատակների այս խումբը կոչվեց Ղևոնդյանք՝ ի պատիվ իրենց գաղափարական և նահատակության առաջնորդ Ս. Ղևոնդ Երեցի: Վերջինս երկրի նախարարներին և քահանաներին խանդավառում և սպառազինում էր, ոգեշնչում քաջությամբ մարտնչելու հավատքի թշնամիների դեմ և աներկյուղ կերպով իրենց անձերը զոհելու հանուն եկեղեցու և ի սեր Քրիստոսի: -Ինչպես որ մինչև հիմա ճգնեցինք սուրբ հավատքի համար և քաջությամբ պատերազմեցինք եկեղեցու թշնամիների դեմ, այսուհետև ևս ճգնենք՝ ավելի մեծ համբերությամբ:

Բոլոր առաքինությունների գլուխը համբերությունն է, իսկ երկնավոր իմաստությունը՝ կատարյալ աստվածպաշտությունը: Սուրբ Գիրքն էլ մեզ քարոզում է, թե շատ նեղություններով պարտավոր ենք մտնել Երկնքի Արքայություն: Եվ որքան շատանան նեղությունները և չարչարանքները, այնքան ավելի կբազմանա հատուցման վարձքը: Մենք միայն աղաչենք, որ Աստված մեզ համբերություն տա, և Տերը ինքը կհոգա մեր փրկությունը: Լավ է Տիրոջը հուսալ, քան մարդկանց: Ուրեմն այս իմանալով, եղբայրներ, չվախենանք անաստված հեթանոսներից, որովհետև թեև խոցոտիչ մեղուների նման պատել են մեր շուրջը, բայց Սուրբ Գրքի գրվածի համաձայն՝ Տիրոջ անունով պիտի վանենք նրանց:

Ինչպես որ մեղուները ուրիշներին խայթելով իրենք էլ են վնասվում, նույնպես էլ նրանք, որ մեզ չարչարում են, իրենց ավելի են վնասում, քան մեզ: Ահա այսպես էին մեկ մեկու մխիթարում և գոտեպնդում քահանաները, ովքեր ճակատամարտից հետո ստիպված եղան մի շարք հալածանքների ենթարկվել, ընկնել բանտ, բայց երբեք էլ չհուսահատվել, քանի որ ուժեղ էին ու հաստատակամ իրենց հավատքի մեջ: Բանտում եղած ժամանակ բազմաթիվ փորձեր իրականացվեցին քահանաներին դավանափոխ անելու, Քրիստոսին ուրանալու, բայց ապարդյուն: Որքան սաստկանում էր պատիժը, այնքան քահանաներն իրենց աղոթքներն էին արտաբերում և այդ կերպ իրենց խոսքը հասցնում Տիրոջը: Քառասուն օր շարունակ նրանք այդպիսի դաժան պայմաններում չընկրկեցին և չնահանջեցին: Բանտապետները վստահ էին, որ քահանաներին ինչ-որ գերբնական ուժ է պատել: Մի գիշեր մոգպետը բանտ գնաց ու գաղտագողի դիտեց ներսը: Ու տեսավ, որ երանելիները իրենց տանջանքի դառնությունները քաղցրացնում էին մշտամռունչ ու սրտաբուխ աղոթքներով: Մոգպետը պատմեց իր երկու տեսիլքները ու սկսեց արտասվել: Ղևոնդ Երեցն ասաց. -Մոգպետ, այսօր քո խավարած միտքդ ու հոգուդ կուրացած աչքերը բացվեցին և տեսար Աստծո շնորհի անշեջ լույսը: Շտապի՛ր, մի՛ ծուլացիր, հանձնի՛ր ինքդ քեզ Քրիստոսին: Մոգպետը սկսեց արտասվախառն աղոթել ու իր մեղքերի համար թողություն խնդրել Աստծուց: Եկեղեցականները փառք տվեցին Աստծուն և ուրախ սրտով քնեցին: Սակայն մոգպետը ոտքի վրա անքուն մնաց մինչև երեկո, ձեռքերը բազկատարած և աչքերը դեպի վեր սևեռած, շարունակ աղոթեց: Ու մինչ աղոթքի մեջ էր, հանկարծ լուսեղեն սանդուղք տեսավ, որի ծայրը երկինք էր հասնում: Փայլուն հանդերձներով ու հրեշտականման դեմքերով զորքեր էին բարձրանում դեպի վեր:

Մոգպետը զորքերի մեջ ճանաչեց Ավարայրի դաշտում նահատակված Քաջն Վարդանին, Արտակ և Խորեն Խորխոռունի իշխաններին, որոնք իրենց ձեռքերում ինը պսակներ բռնած, իրար հետ խոսելով, ասում էին. «Ահա հասավ ժամանակը, որ նրանք էլ խառնվեն մեր գնդին, որովհետև մենք նրանց սպասում ենք և նրանց համար ենք բերել այս նվերները: Իսկ նրան, ում չէինք սպասում, եկավ ու խառնվեց մեր մեջ ու եղավ Քրիստոսի զինվորներից մեկը»: Երբ այս տեսիլքը երեք անգամ կրկնվեց, մոգպետը արթնացրեց սրբերին ու պատմեց իր տեսածը: Եկեղեցականները, լսելով այդ, աղոթեցին և Աստծուն շնորհակալություն հայտնեցին. «Ով Տեր, մեր Տեր, ի՜նչ փառավոր է Քո անունը երկրի վրա»: Ս. Ղևոնդյանք իրենց մարտիրոսության պսակը ստացան 454թ-ին: Ս. Ղևոնդյանք հայ եկեղեցականության պարծանք սրբերն են. անձնավորում են հայրենիքի և հավատքի նվիրումի գաղափարը: Նրանք արիաբար կրեցին անլուր չարչարանքները և, ի վերջո, իրենց արյունը թափեցին Հիսուս Քրիստոսի անվան ու փառքի համար: Իրենց համբերությամբ ու աղոթքով պատճառ դարձան Դենպետ իշխանի դարձին: Ս. Ղևոնդյանց արիությունն ու համբերությունը մեզ համար օրինակ են հոգևոր արիության, հավատարմության, հավատքի և հայրենասիրության: Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը սիրով շնորհավորում է Հայ Առաքելական եկեղեցու քահանայից դասին: Թող Աստծո Աջը զորավիգ լինի և առաջնորդի ձեզ` վստահված բանավոր հոտը խաղաղ նավարկությամբ հասցնեք Արքայության հավիտենական նավահանգիստ:

Աղբյուր՝ Qahan.am