Այսպէս է ասում Տէրը. «Լսեցէ՛ք Տիրոջ խօսքը, ո՛վ Սոդոմի իշխաններ, ակա՛նջ դրէք Աստծու օրէնքներին, ո՛վ Գոմորի մարդիկ» (Եսայի 1:10)

Իսահակյանն ու Շիրազը՝ «ինչպես հայր եւ որդի»

Պատմում է լուսանկարիչ Արմեն Հարությունյանը (Խանոյանը)

1957 թվականն էր: Մի օր Գաբրիել Խանոյանի ֆոտոստուդիայի առջեւ մի մեքենա կանգնեց, որից երեք ֆրանսիացի դուրս եկան: Ասացին, որ ցանկանում են լուսանկարվել Ավետիք Իսահակյանի հետ եւ պետք է գնան նրա ետեւից (Վարպետն արդեն հիվանդ էր եւ տանից գրեթե դուրս չէր գալիս): Խնդրեցին հայրիկիս՝ Օնիկին ամեն ինչ պատրաստել նկարահանման համար:

Նկարահանումն ավարտելու պահին հանկարծ եկավ Հովհաննես Շիրազը: Նա ապրում էր հարեւանությամբ եւ հաճախակի էր գալիս հայրիկիս մոտ: Վարպետին տեսնելուն պես շատ ուրախացավ եւ դիմեց հորս. «Օնիկ, մեզ պետք է այնպես նկարես, կարծես հայր ու որդի լինենք»:

Երբ լուսանկարը պատրաստ էր, հայրս ինչ-ինչ պատճառներով այն չհավանեց եւ երկար տարիներ այդ նկարի մասին չէր հիշում:

1975 թվականին, Ավետիք Իսահակյանի 100-ամյակին ընդառաջ, մեր արխիվներն էինք թերթում եւ հանկարծ գտա այս լուսանկարը: Ցույց տվեցի հայրիկիս, երկար նայեց եւ ասաց. «Տարիների հեռվից անհաջող թվացող նկարը այժմ լավն է երեւում»:

Մեծացրեցինք եւ կախեցինք փողոցում: Մի քանի օր հետո Շիրազը նկատեց այն, մտավ հորս մոտ եւ զարմացած հարցրեց, թե ե՞րբ է արվել այս լուսանկարը: Հայրս հիշեցրեց այդ օրը, Շիրազն էլ անչափ ուրախացավ եւ պինդ գրկեց հայրիկիս:

1976 թվականին, Շիրազի 60-ամյակին նվիրված երեկոյի ժամանակ, հայրս նրան նվիրեց այդ լուսանկարը, իսկ մեզ մոտ կախեցինք կրկնօրինակը: Որոշ ժամանակ անց Շիրազը եկավ ու խնդրեց, որ հանենք այդ լուսանկարը՝ ցանկանում էր մակագրել այն: Եվ գրեց. «Սիրելի, տաղանդավոր նկարչին եւ հրաշալի ազնիվ մարդուն»:

Աննա Բուբուշյան

Աղբյուր՝  Mediamax.am