Այսպէս է ասում Տէրը. «Իսկ վերին իմաստութիւնը նախ՝ սուրբ է եւ ապա՝ խաղաղարար, հեզ, բարեացակամ, լի ողորմածութեամբ եւ բարի գործերով, մաքուր խղճմտանքով, առանց կեղծաւորութեան: Արդարութեան պտուղը խաղաղութեամբ է սերմանւում նրանց համար, ովքեր խաղաղութիւն են անում» (Հակոբոս 3:17-18)

Հրաչյա Քոչար

Հրաչյա Քոչար (Հրաչյա Քոչարի Գաբրիելյան, հունվարի 19 (փետրվարի 1), 1910, Գումլուպուճախ - մայիսի 2, 1965, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, հրապարակախոս, ՀԽՍՀ պետական մրցանակի առաջին դափնեկիր (1967, «Նահապետը» վիպակի համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից:ԽՄԿԿ անդամ 1939 թվականից: Գրական անուն է դարձրել հոր անունը։

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Բագրևանդ գավառի Գումլուպուճախ գյուղում, որը գտնվում է Նպատ լեռան ստորոտին։ Գաղթի ճանապարհին մահացել է մայրը, 1918 թվականին՝ հայրը՝ հայտնի խմբապետ Քոչոն, ով կռվել է Անդրանիկի ջոկատում։ Փրկվելով թուրքերի կողմից իրականացրած կոտորածներից՝ համագյուղացիների հետ անցել է Արևելյան Հայաստան: Եղել է գառնարած, հանքափոր Ալավերդու հանքերում։ Այնուհետև տեղափոխվել է Երևան, ընդունվել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ։

Առաջին պատմվածքը՝ «Խաջե», լույս է տեսել 1931 թվականին, «Նոր ուղի» ամսագրում։ 1934 թվականին խմբագրել է քրդերեն «Ռյա թազա» թերթը։ 1939 թվականին, կուսակցական տույժ ստանալուց հետո, մնացել է անաշխատանք, ապա Մարտիրոս Սարյանը նրան տեղավորել է իր ղեկավարած Պատմական հուշարձանների պահպանության կոմիտեում։ Ոտքով շրջել ու ուսումնասիրել է հայկական վանքերի ու մատուռների վիճակը, և այդ աշխատանքներն ամփոփել «Գորիսի և Սիսիանի շրջանների ալբոմ-ուղեցույցի» մեջ։ 1941-1945 թվականներին ծառայել է ԽՍՀՄ բանակում, մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին: 1942 թվականին լույս է տեսել «Հերոսների ծնունդը», իսկ մեկ տարի անց՝ «Նախօրյակին» պատերազմական ակնարկների և պատմվածքների ժողովածուները։

Ռազմաճակատային պատմվածքների մեջ առանձնանում է «Գեներալի քույրը» պատմվածքը, որն առաջին անգամ տպագրվել է 1945 թվականին, «Պրավդա» թերթում։ Հետագայում այս պատմվածքը թարգմանվել է աշխարհի 24 լեզուներով, ներառվել խորհրդահայ դասագրքերի ծրագրերում։ Ստեղծել է «Մեծ տան զավակները» երկհատոր վեպը։

Կյանքի վերջին տարիներին տպագրել է «Սպիտակ գիրքը», որում զետեղված «Նահապետը», «Կարոտը» և «Եփրատի կամրջին» վիպակներն արձակագրի լավագույն գործերն են։

1946-1951 թվականներին եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար, «Սովետական գրականություն» ամսագրի խմբագիր, 1954 թվականին՝ «Ոզնի» երգիծական հանդեսի խմբագիր։ Գրել է «Հյուսիսային ծիածան» (Հայֆիլմ, 1961) կինոնկարի սցենարը։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն և այլ լեզուներով։ Մահացել է Երևանում։

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության «Մեր Մեծերը» հաղորդաշարի