Այսպէս է ասում Տէրը. «Իսկ վերին իմաստութիւնը նախ՝ սուրբ է եւ ապա՝ խաղաղարար, հեզ, բարեացակամ, լի ողորմածութեամբ եւ բարի գործերով, մաքուր խղճմտանքով, առանց կեղծաւորութեան: Արդարութեան պտուղը խաղաղութեամբ է սերմանւում նրանց համար, ովքեր խաղաղութիւն են անում» (Հակոբոս 3:17-18)

Ռազմիկ Դավոյան․ Չգիտեմ ե՜րբ... Չեմ հիշում ո՜վ...

Չգիտեմ ե՜րբ, չեմ հիշում ո՜վ
Անցնում էր լուռ այս աշխարհով:

Ցավերն ամեն՝ առած ուսին,
Գլխի վերեւ՝ մեռած լուսին,
Ոտքերի տակ՝ աշխարհը սին,
Չգիտեմ ե՜րբ, չեմ հիշում ո՜վ,
Անցնում էր լուռ այս աշխարհով:

Աչքերից կախ՝ սրսուռ երգեր,
Ուսերից կախ՝ թմրած ձեռքեր,
Թույլ կողերին մեռնող մեղքեր.
Չգիտեմ երբ, չեմ հիշում ով
Հողածնունդ իր ցավերով
Մեխվեց երկրի ամեն անկյուն,
Խեղդեց բոլոր ցավերն անքուն,

Ցավ-դիակներ առած ուսին,
Գլխի վերեւ մեռած լուսին,
Ոտքերի մեջ աշխարհը սին,
Իր մեղապարտ կյանքի կեսին
Մեխվեց կյանքի կոկորդն ահով.-

Չգիտեմ ե՜րբ, չեմ հիշում ո՜վ..

Աշնան տամուկ խշխշյունով
Հովիտներին դեղին երգեր.
Փռեց աշնան ձայնով կերկեր,
Մրսած, հիվանդ մեր աչքերին
Հանգչեցրեց փոքրիկ ձեռքեր,
Մեր միգասքող շրթունքներին
Ցանեց լույսի խամրած հեւքեր.-
Խամրած հեւքեր, տաքուկ հեւքեր,
Ցանեց փոքրիկ կարեկցանքով...
Չգիտեմ ե՜րբ, չեմ հիշում ո՜վ...
Աշնան տամուկ երկինքներով
Տարավ մեռած աչքերը մեր,
Մեր քրքրված, լուռ աչքերում
Կուլան ճերմակ ու պաղ ձյուներ,
Կուլան տուր, կուլան ճերմակ
Թարթիչներին մեր ձյունակեր...
Եվ մեր մեռնող սրտերի մեջ
իջան հանդարտ ձյունե ձեռքեր:
Ձյունե մարմին, ձյունե շապիկ,
Ձյունե շուրթեր, ձյունե ամպիկ
Ձյունե նժույգ, ձյունե թամբիկ.-
Ու՞ր մնացիք, ամպ ու շամբիկ
Ձեր մոլեռանդ հմայքներով.-

Չգիտեմ ե՜րբ, չեմ հիշում ո՜վ.

Մանրիկ, սահող իր քայլերով
Արթնացրեց կապույտ խորքեր.
Կապույտ խորքեր դմբդմբալով
Կանցնեն, ինչպես հուռութք զորքեր.-
Նա թույլ, մանրիկ իր մատներով
Գիշերների խամրող կրծքին
Գծեց լերանց կապույտ հոնքեր,
Քաշեց ձայներ լերանց մեջքից,
Եվ դեղնաթույր հովիտներին
Փռեց ինչպես կապույտ ձեռքեր
Եվ ինքն իրեն մրմնջալով,
Իր ականջին փոքրիկ երգեր
Փոքրիկ ձայնով շշնջալով,
Իր հոգու մեջ իր աղբյուրի
Կաթիլ-կաթիլ երգը լալով,
Չգիտեմ երբ, չեմ հիշում ով
Անցնում էր լուռ այս աշխարհով:

Հատված Ռազմիկ Դավոյանի Ռոքվիեմ- ից