Այսպէս է ասում Տէրը. «Այսօր երկինքն ու երկիրը վկա եմ կանչում ձեր դեմ. կյանքն ու մահը, օրհնությունն ու անեծքը ձեր առաջ եմ դրել։ Կյա՛նքը ընտրիր, որ ապրես դու և քո սերունդը» (Օրենք 30:19)

Արամ Սարոյանը Վիլյամ Սարոյանի կյանքի վերջին օրերի մասին

(Նախորդ հատվածը կարող եք կարդալ այստեղ)

Ապրիլի 17, 1981թ., ուրբաթ

Հորս բժշկի՝ դոկտոր Ջիբելյանի հետ խոսելուց հետո երեկ հետմիջօրեին ես հեռաձայնեցի Լոս Անջելես, Բեվըրլի Հիլս և Լյուսիին հայտնեցի հետևյալը. ես բժշկին խնդրել էի հայտնել հորս, որ իր թոռները՝ Սթրոուբերրին, Կրիմը և Արմենակը, ուզում են տեսնել իրեն, եթե, անշուշտ, ինքն էլ փոխադարձաբար ցանկանում է տեսնել նրանց: Մենք ուրախ կլինենք նրանց բերել Ֆրեզնո, որպեսզի նրանք կարճ ժամանակով այցելեն իրեն: Գուցե մի երրորդ անձ, այս դեպքում՝ դոկտոր Ջիբելյանը, ուղեկցի նրանց:

Այս առաջարկը մենք արեցինք դոկտոր Ջիբելյանի միջոցով, որպեսզի այսպես թե այնպես պահպանենք վերջին պաշտոնականությունը: Թեև բժիշկը ինքն էր ստիպել Լյուսիին գալ և տեսնել իր հորը և տեղյակ էր կատարվածին, որովհետև Լյուսին զանգահարել է նրան և հայտնել, թե ինչպես հայրը դուրս էր արել իրեն տնից: Այնպես որ, բժիշկը գիտեր, որ մենք միավորական ընտանիք չէինք:

Լյուսին ինձ ասաց, որ երբ նա առաջին անցամ հասել էր Ֆրեզնոյի Արևմտյան Գրիֆիդ փողոցի վրա գտնվող տունը, այնտեղ տեսել էր մի մարդու, որը պարտեզն էր մշակում: Եվ որովհետև առաջներում Լյուսին երբեք չէր եղել այդ տանը, նա այդ մարդուն հարցրել էր, թե արդյոք նա գիտի՞, թե ով է ապրում այնտեղ:

- Օ՜, անշո՛ւշտ, - պատասխանել էր նա, - պարոն Սարոյանը:

Այն ժամանակ Լյուսին հայտնել էր նրան, թե ով է ինքը, իսկ պարտիզպանը ներկայացել էր որպես Սարոյանի հեռավոր մի ազգականը՝ Ռուբեն Սարոյան: Նա ասել էր, որ շատ ուրախ է՝ հանդիպելու Լյուսիին, որովհետև հայրը հաճախ էր խոսել դստեր մասին և խոսել էր մեծ սիրով ու քնքշանքով:

Երբ Լյուսին թակել էր դուռը, հայրս ներսից գոռացել էր.

- Ո՞վ է:

Լյուսին պատասխանել էր.

- Ե՛ս եմ, հայրիկ:

Հայրս նորից էր գոռացել.

- Լյուսի, դու ի՞նչ ես անում այստեղ:

Հետո նա բացել էր դուռը: Լյուսին ասում է, որ հայրը, նույնիսկ այդպիսի հիվանդ վիճակում, լավ տեսք ուներ:

- Ես քեզ համար եմ եկել, հայրիկ, - ասել էր Լյուսին՝ նրան տեսնելով:

Հայրս բարձրախոս է: Փոքր ժամանակ նա հիվանդացել էր, ինչ-որ բարդություն ունեցել, և ականջներից մեկը խլացել էր: Ուստի նա միշտ գոռալով էր խոսում: Բայց այն րոպեից, ինչ Լյուսին ներս է մտել և մի րոպե նստել հանցստանալու, այնքան բարձր է գոռացել, որ պարտիզպանը գնացել-թաքնվել է բակի մի անկյունում: Իհարկե, Լյուսին նրա կատարած գոռոցների տակ խիստ ընկճվել էր, բայց զամբյուղը դրել էր ոտքերի մոտ ու նստել, որովհետև երկար ճանապարհ էր եկել և գիտեր, որ վերջին անգամն է տեսնում հորը:

Հայրը չարախնդում է դստեր վրա՝ ասելով, որ նա ձախողակ կին է, ոչ ամուսնացած է, ոչ նշանավոր անձ կամ հարուստ, պարզապես անապահով վիճակում է…

- Արամը գիտի՞ իմ հիվանդության մասին, - հարցրել էր նա:

- Այո՛, գիտի:

- Օ՜, հրաշալի՜ է, - գոռացել էր հայրս, - պարզապես հրաշալի՜ է…

Նա ասել էր , որ կսպաներ Արամ Գևորգյանին նրան հեռաձայնելու համար, այո, կսպաներ, եթե ֆիզիկապես ուժեղ լիներ:

Արամ Գևորգյանը սովորաբար ապրում է Փարիզում: Հայրս իր իրավաբանական գործերը նրան էր հանձնել, քանի որ ինքը ևս հարկաբաժին ունի Փարիզում: Ըստ երևույթին՝ որոշ անձնական գործերով նա Ֆրեզնո էր ժամանել: Մի օր էլ անց էր կացրել հորս հետ, որը նրան տարել էր իր ազգականների մոտ, ցույց էր տվել խաղողի այգիները: Նրան մակագրված իր գրքում այդ օրը անվանել է անմոռանալի: Հավանաբար հենց այդ օրն էլ հայրս այդ համակրելի, տանձաձև գլուխ ունեցող մարդուն հայտնել է, որ ինքը քաղցկեղ ունի: Նա, ըստ երևույթին, բժիշկ Ջիբելյանից հետո առաջին մարդն էր, որ իմացել էր հորս հիվանդության մասին: Փաստաբանը առաջարկել էր, որ ես ու Լյուսին տեղյակ պահվենք այդ մասին:

- Օ՜, ո՛չ, - ասել էր հայրս, - նրանք ատում են ինձ:

Բայց հետո փափկել էր և Գևորգյանին ասել, որ Լյուսին, եթե Ֆրեզնո գա, կարող է օրական մեկ-երկու ժամ անցկացնել իր հետ: Ես պատկերացնում եմ, թե այս լուրը լսելուց հետո Լյուսին ինչպիսի շտապողականությամբ է պատրաստում իր ճամնպրուկները: Վերջին հինգ տարիների ընթացքում նա պարբերաբար հորս գրում էր սիրալիր, հաշտվողական նամակներ, որոնց վերջինս երբեք չէր պատասխանում: Եվ ահա, հիմա հանկարծ նա հորիցս հրավերի նմանվող մի կանչ է ստանում՝ Ֆրեզնո գնալու և իր հետ լինելու:

Իմանալով հետագա կատարվածի մասին՝ ես իմացա նաև, որ հայրս գոռացել է Լյուսիի վրա.

- Արամը գրո՞ղ է: Ուզում եմ ասել, որ նա կարծում է, թե ինքը գրո՞ղ է:

- Այո՛, հայրիկ, նա գրող է, - ասել էր Լյուսին:

- Օ՜, դա հրաշալի՛ է,- սարկազմով ասել էր հայրս:

Եվ Լյուսին ավելացրել էր.

- Արամը նաև ընտանիքի սքանչելի հայր է:

Լյուսին, հորս ձայնը կապկելով, ինձ պատմում էր.

- Օ՜, դա միակ առավելությունն է, որ նա ունի իմ նկատմամբ:

Շարունակությունն այստեղ:

Աղբյուր՝ Vnews.am