Այսպէս է ասում Տէրը. «Եւ եթէ Հայր էք կոչում նրան, որ առանց աչառութեան դատում է իւրաքանչիւրին ըստ գործերի, ապա երկիւղո՛վ ապրեցէք այս աշխարհում ձեր պանդխտութեան ժամանակ»

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի շնորհավորական խոսքը Ծաղկազարդի առթիվ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սիրասո՛ւն զավակներ,

Մայր եկեղեցին այսօր մեծ հանդիսությամբ տոնում է Ծաղկազարդը՝ Տեր Հիսուս Քրիստոսի փառավոր մուտքը Երուսաղեմ տոնը, որի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ: Տոնի ուրախությունը կրկնապատկվում է, իսկ պայծառությունն՝ ավելի ջինջ դառնում այսօր եկեղեցիներում ներկա մանուկների բազմությամբ, որոնց համար այս տոնը օրհնության օր է հայտարարվել Վեհափառ Հոր բարձր կարգադրությամբ:

«Պատվի՛ր քո հորն ու քո մորը, որպեսզի բարիք գտնես և երկարեն օրերդ…»,- ասվում է Տիրոջ պատվիրանում (Ելք 20:12), «Որդինե՛ր, հնազա՛նդ եղեք ձեր ծնողներին ի Տեր, որովհետև դա է ճիշտը»,- հավելում է Պողոս Առաքյալը (Եփես. 6:1), և անչափ կարևոր այս խոսքերը վերաբերում են ծնող ունեցող բոլոր զավակներին՝ անկախ նրանց տարիքից: Ծնողներն ամենակարևոր մարդիկ են, որ Աստված պարգևել է ձեզ, սիրելի՛ զավակներ: Ի դեմս ծնողների՝ դուք ստացել եք ձեզ անչափ սիրող ու շարունակ ներող սրտեր, գիշեր ու զօր ձեզ սնող, պահպանող ու ձեր մասին հոգացող դայակներ, ուսուցիչներ ու պաշտպաններ: Ծնողներն են, որ անասելի ուրախանում են ձեր ամենափոքր իսկ ուրախությամբ և ծնողական սիրող սրտից է ամեն անգամ մի կտոր անդարձ փշրվում ձեր ցավի պարագայում: Ուստի արժևորե՛ք ծնողի հետ անցկացրած յուրաքանչյուր ժամը, հետևե՛ք նրա իմաստուն խորհուրդներին, հեզ ու համբերատա՛ր եղեք, մեծագույն հարգանքով և որդիական խոնարհությամբ համեմեք ձեր սերը նրանց հանդեպ և այնժամ ոչ միայն Աստծու պատվիրանը կատարած, այլև «բարի հույս» (Առակ. 19:18) և «հոգու զարդ» (Առակ. 29:17) կլինեք ձեզ աշխարհ բերողների համար:

Սիրելի՛ ծնողներ,

Աստվածային ճշմարտությունն ասում է. «…չկա բարի ծառ, որ չար պտուղ տա. և դարձյալ՝ չկա չար ծառ, որ բարի պտուղ տա. որովհետև յուրաքանչյուր ծառ իր պտղից է ճանաչվում» (Ղուկ. 6:43-45), ուստի ձեր բարոյական և հոգևոր հասունությունից, ձեր մարդ տեսակից և Բարձրյալի հանդեպ ցուցաբերած անկեղծ սիրուց ու վստահությունից է կախված, թե ինչպիսի պտուղներ կնվիրեք Տիրոջը: Ձեր առօրյայից, կատարած ընտրություններից, ասված խոսքից, արված գործից է, որ սովորում են ձեր զավակները, և համապատասխան վարք ձևավորում ապագայի համար: Սեփական օրինակո՛վ սովորեցրեք նրանց Քրիստոսի խոսքը լսող ու կատարող լինել, և դա կլինի լավագույն ժառանգությունը, որ կթողնեք ձեր զավակներին: Սկսեք նրանց ծննդյան իսկ պահից և Աստծու պարգևած յուրաքանչյուր օր բարի սերմե՛ր սերմանեք նրանց դեռևս անապական հոգիներում: Սովորեցրեք կյանքը կառուցել ոչ թե ավազի, այլ ժայռի վրա: Սիրող Հոր պատվիրանները սովորեցրեք նրանց՝ որպես ողջ կյանքի միակ ճշմարիտ ուղեցույց: Եվ թող ծնողական սրտից բխած յուրաքանչյուր աղոթք, յուրաքանչյուր միտք, յուրաքանչյուր խոսք ու գործ ուղղված լինի ձեր սիրելի զավակների հոգիների փրկությանը, քանզի բոլորս էլ մի օր վերադառնալու ենք Երկնային Հոր մոտ և պատասխան տալու մեզ վստահված գանձերի համար: Ուստի երանի ապաշխարության ճերմակ զգեստներով և անխախտ հավատի ծաղկած ճյուղերով ներկայանանք Հաղթանակած Արքային՝ արժանի լինելով հավիտյանս օրհնություն ու փառաբանություն երգելու Փառքերի Տիրոջը: Ամեն:

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ

Աղբյուր՝ Surbzoravor.am