Այսպէս է ասում Տէրը. «Այսօր երկինքն ու երկիրը վկա եմ կանչում ձեր դեմ. կյանքն ու մահը, օրհնությունն ու անեծքը ձեր առաջ եմ դրել։ Կյա՛նքը ընտրիր, որ ապրես դու և քո սերունդը» (Օրենք 30:19)

Ավետիք Իսահակյանի նամակը Գուրգեն Բորյանին

Ավետիք Իսահակյան, Ժնև, 1902 թ.

Գուրգեն Բորյանին, 31 օգոստոսի, 1938, Ծաղկաձոր

Սիրելի՛ ընկեր Գուրգեն Բորյան Ձեր սիրալիր նամակին ավելի շուտ կարող էի պատասխանել, բայց ուզում էի որոշ բան գրել: Իմ սրտին շատ մոտ է որևէ գրությամբ արձագանքել կոմունիստական երիտասարդության տարեդարձին: Այդ ուղղությամբ խորհում եմ, բայց տակավին նյութ, սյուժե չեմ գտել: Ամիս ու կես շարունակ պիոներների զվարթ կյանքը հոսում է իմ առջևից, դիտում էի և հաճախ ներկա էի լինում խարույկներին ու հանդեսներին: Տեսակցում էի ջոկատավարների հետ, մի երկուսին կանչեցի մոտս, խոսեցրի, խնդրեցի նյութ տալ, հերոսական դեպքեր, բայց չկարողացան, չունեին: Պիոներների կենցաղը տեսնում եմ` առավոտից սկսած` մինչև նրանց քնելը, բայց դա պատմվածքի օբյեկտ չէ: Դեպքեր, հանգույցներ, ակտեր չկան, որպեսզի կենդանի մարդ հայտ բերես, հոգեբանություն տաս, վերլուծումներ անես: Իսկ կոմերիտների կյանքին, դժբախտաբար, բնավ ծանոթ չեմ: Մնում է, որ Երևանում ընկերներն ինձ օգնեն, նյութ տան, բովանդակություն, ֆաբուլա տան: Ես նոր մարդ եմ մեր նոր իրականության մեջ, ինձ պիտի օգնեն, թեև խոստանում են որոշ ընկերներ, բայց խոստումները խոստում են մնում: Կարմիր բանակի տարեդարձին նույնը եղավ. խոստացան սյուժե տալ ու չտվին: Երևի պահում են իրենց համար: Իմ դրությունը Պիրանդելլոյի դրամայի հերոսների հակառակ վիճակն է` յոթ հեղինակներ որոնում են իրենց հերոսներին, որ գրեն:

Ընկերներից նրանք, որոնք 20 կամ 10 տարիներ շարունակ ապրել են խորհրդային երկրի մեջ, ահագին պաշար ունեն նյութերի, կամ նրանք, որ եղել են պիոներ և կոմերիտ, պիտի ընդառաջեն և նյութեր տան, ինչպես կիրառվում է ուրիշ տեղեր, այլապես, ռուսների ասածի պես, մատը ծծելով` հնարավոր չէ իրականություն վերարտադրել: Իմ տեսած և ապրած կյանքը` 63 տարեկան մարդու, նախապատերազմյան շրջանը Ռուսաստանում և նրանից հետո` Եվրոպայում: Այդ կյանքից ինչքան ուզվի, կարող եմ տալ, բայց այժմեական արժեք չունի: Դրա հետևանքով` իմ կացությունը` իբրև հին գրողի, նախանձելի չէ, մանավանդ մի գրողի, թող ներվի ասել ինձ, որ ուզում է իր անունը ստորագրել ոչ խալտուրային գրականության ներքո: Սիրելի ընկ. Բորյան, իմիջիայլոց, իմ` այստեղ կատարած աշխատանքներից դժգոհ չեմ: Վերջացրի մի պոեմ` «Հայրենի հող» վերնագրով, որ Երևանում պիտի ձեռնարկեմ գրել և վերջացնելու եմ մի անախորժ գործ` Ստենդալի «Սև և կարմիր» վեպի թարգմանության համեմատությունը բնագրի հետ: Մոտ օրերս կվերադառնամ Երևան: Ցավում եմ, որ ժամանակ չունեցաք Ծաղկաձոր գալու: Ջերմագին բարևներ ընկ. Հրաչյային և Ձեզ` իմ և տիկ. Սոֆիկի կողմից:

Ձեր` Ավե­տիք Իսա­հա­կյան