Այսպէս է ասում Տէրը. «Արդարեւ, իմաստութիւնն ինքն է շրջում՝ գտնելու իրեն արժանի եղողներին, եւ քաղցրութեամբ յայտնուելով նրանց շաւիղների վրայ, ինքն է նրանց տալիս ամէն մի հնարագիտութիւն» (Իմաստ. Սողոմոնի 6:17)

Բժշկության համար աղոթք

Աղօթք վասն բժշկութեան
Գրաբար
Փարատեա զցաւս եւ բժշկեա զհիւանդութիւնս ի ժողովրդենէ քումմէ, Տէր Աստուած մեր, եւ շնորհեա ամենեցուն զկատարեալ առողջութիւն, նշանաւ ամենայաղթ խաչիւ քով, որով բարձեր զտկարութիւն ազգի մարդկան եւ դատապարտեցեր զթշնամին կենաց եւ փրկութեան մերոյ:

Դու ես կեանք մեր եւ փրկութիւն, բարերար եւ բազումողորմ Աստուած, որ միայն կարող ես թողուլ զմեղս եւ մերժել զախտս եւ զհիւանդութիւնս ի մէնջ, որում յայտնի են պէտք կարեաց մերոց: Պարգեւիչդ բարեաց, պարգեւեա զառատ ողորմութիւնս քո ի վերայ արարածոց քոց՝ ըստ իւրաքանչիւր պիտոյից. յորոց հանապազ փառաւորեալ գովի Ամենասուրբ Երրորդութիւնդ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից: Ամէն:

Աղոթք բժշկության համար
Աշխարհաբար
Տեր Աստուած մեր, փարատիր ցաւերն ու բժշկիր հիւանդութիւնները քո ժողովրդից եւ շնորհիր բոլորին կատարեալ առողջութիւն՝ քո ամենայաղթ խաչիդ նշանով, որով մարդկութեան տկարութիւնը կրեցիր և դատապարտեցիր մեր կեանքի եւ փրկութեան թշնամուն:

Դու ես մեր կեանքն ու փրկութիւնը, բարերար եւ բազումողորմ Աստուած: Միայն Դու կարող ես ներել մեր մեղքերը եւ մեզանից հեռացնել ախտերն ու հիւանդութիւնները, որին յայտնի են մեր կարիքները: Բարիքներ պարգեւող, առատ ողորմութիւնդ պարգեւիր քո արարածներին՝ իւրաքանչիւրին ըստ իր կարիքի: Եւ նրանց միջոցով միշտ թող գովաբանուի Ամենասուրբ Երրորդութիւնդ. այժմ, միշտ եւ յաւիտեանս յաւիտենից: Ամէն: