Այսպէս է ասում Տէրը. «Մարդու Որդին կուղարկի իր հրեշտակներին, եւ նրանք կհաւաքեն նրա արքայութիւնից բոլոր գայթակղութիւնները եւ նրանց, որոնք անօրինութիւն են գործում» (Մատթեոս 13:41)

Թշնամիների համար աղոթք

Ողորմած և բազմագութ Աստված՝ Հիսուս Քրիստոս, իմ հարազատների և բարեկամների համար բարիքներ և ողորմություն խնդրեցի Քեզանից, ինչպես որ հարկն է, և պահանջում է մեր բնության օրենքը: Այժմ աղաչում եմ Քեզ նաև իմ թշնամիների համար, ինչպես որ ասացիր օրհնյալ բերանովդ, թե՝ բարի՛ք գործեք ձեզ ատողներին: Ուստի խնդրում եմ ամենառատ ողորմությունիցդ, որ ողորմես նաև իմ բոլոր թշնամիներին և ինձ ատողներին, չարակամներին ու վնասատուներին և բոլոր նրանց, ովքեր իմ հանդեպ չարն են խորհում, խոսում, գործում և կամենում, ովքեր բամբասում, վատաբանում ու հայհոյում են ինձ՝ թե՛ իրավամբ և թե՛ անիրավամբ, մի՛ բարկացիր, Տե՛ր, նրանց վրա իմ պատճառով, այլ ների՛ր և թողությո՛ւն տուր նրանց մեղքերին:

Քանզի նրանք մեղանչում են իմ հանդեպ, որովհետև հիրավի մեղավոր եմ և արժանի ամենայն բամբասանքի ու նախատինքի: Ես մեղանչում եմ Քո հանդեպ, որ արդար ես ամեն ինչում և միշտ բարերար իմ հանդէպ: Ուրեմն, եթե նրանք արժանի են Քո բարկությանը, ապա ես բյուրապատի՛կ բարկության որդի եմ և պատժի արժանի, քան նրանք:
Այս պատճառով աղաչում եմ Քեզ, Տե՛ր իմ, որ բոլոր բարիքների աղբյուրն ես և անհուն ողորմության ծով, ողորմիր նրանց և ինձ ու ներիր իմ հանդեպ [ունեցած] բոլոր սխալները: Որպեսզի ամենքս զգաստանալով ընթանանք ըստ Քո կամքի և փառք վերառաքենք Քեզ՝ Հոր և Սուրբ Հոգուդ այժմ և միշտ և հավիտեանս հավիտենից. ամեն: