Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Աշխարհի հեքիաթը

Աշխարհը ջրաղաց է… Դու ջրաղաց մտնողի գալը մի հարցրու, նրա գնալը հարցրու: Մեկի բերածը կորեկ է, մեկինը ցորեն, մյուսինը` գլգըլ: Բոլոր մտնողներն իրենց բերածը աղալու հերթի կսպասեն: Ջրաղացպանն էլ ասենք թե աստվածն է: Առաջին եկողին ասում է. «Պարկիդ տակը թոթվիր, խնամի Կիրակոս, քո աղունն իջավ»: Հերթը մյուսինն է: Քիչ հետո ջրաղացպանը կրիչակին նայելով գոռում է. «Խնամի Համբարձում, պարկիդ տակը թոթվիր, քո աղունն իջավ»: Սա էլ է գնում: «Քավոր Գրիգոր, թեռդ առաջ քաշիր, հերթը քոնն է»: Մի հանգ հետո դառնում է մյուսին. «Խնամի Մարկոս, քավորից հետո հերթը քոնն է, պատրաստվիր»… Ու էսպես ամեն մարդ կմտնի ջրաղաց ու իր աղունն աղալով կերթա դուրս: Բայց եթե աղացքի ջուրը կտրվի, ի՞նչ պիտի անի ջրաղացպանը: Նա պետք է վերցնի իր թիակը և գնա ջուրը կապելու: Ուրեմն աստծո մոտ էլ, երեխաներ, ամենազորավոր գործիքը դարձյալ թիակն է: Էլ է աշխարհքի հեքիաթը:

Խաչիկ ԴԱՇՏԵՆՑ

Աղբյուր՝ Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ