Այսպէս է ասում Տէրը. «Եւ կամ ի՞նչ միաբանութիւն Քրիստոսի եւ Բելիարի միջեւ. կամ ի՞նչ առնչութիւն ունի հաւատացեալը անհաւատի հետ. կամ ի՞նչ նմանութիւն ունի Աստծու տաճարը մեհեանների հետ։ Արդարեւ, կենդանի Աստծու տաճար էք դուք» (Կորնթացիներ 6:16)

Ավագ շաբաթ. Հույսի շաբաթ

Ծաղկազարդին հաջորդող շաբաթը, որ Տիրոջ երկնային կյանքի վերջին օրերն է խորհրդանշում, կոչում ենք «Ավագ Շաբաթ»: Ահա Մոտենում ենք տնօրինական հիշատակությանը, մոտենում ենք անցնելու Տիրոջ կյանքի վերջին շաբաթի ամեն մի հանգրվան, ուր ամեն մի օր իր նշանակությունն ու փրկական խորհուրդն ունի:

Ավագ Երկուշաբթին իր մեջ խորհուրդն ունի անպտուղ թզենու, երբ, աստվածաշնչյան պատմության համաձայն, Քրիստոս Բեթանիայից վերադառնալիս տեսավ, որ թզենին պտուղ չունի և անիծեց այն (Մարկոս 11:12-14): Հայրերը, խոսելով անպտուղ թզենու մասին, ասում են, որ դա խորհրդանիշն է հրեա ազգի, որը Տերը գալով պտղաբեր չգտավ: Դրա համար հրեաներից վերցվեց ընտրյալ լինելու կոչումը և տրվեց տասներկու առաքյալներին: Հրեաներն անպտղաբեր էին, որովհետև իրենց առաքելության մեջ չեղան, որովհետև նրանք մնացյալ բոլոր ազգերին պետք է բերեին դեպի Աստված, բայց իրենց առաքելության մեջ անպտղաբեր եղան, իսկ 12 առաքայլաներն այդ պտղաբերությունը տվեցին` Քրիստոսի խոսքը քարոզեցին ճշմարտապես: Առաքյալներն անվերապահորեն կատարեցին Քրիստոսի խոսքը, տարածեցին այն: Մենք էլ պետք է փորձենք մեր կյանքի ընթացքում պտղաբեր լինել` բարիք գործելով:

Ավագ երեքշաբթին տասը կույսերի հիշատակությունն է: Տասը կույսերը հիշատակում էին, որ կուսությունն արդեն պատիվ է, բայց նրանցից հինգն ունեին պտուղներ, հինգը` ոչ: Նրանք համարում էին, որ եթե ունեն կուսության պատիվն, ուրեմն կփրկվեն: Նույնպես վարվում ենք նաև մենք` հայ քրիստոնյաներս, որովհետև ինքներս մեզ կոչում ենք 1700-ամյա քրիստոնյա երկիր, հպարտանում ենք, որ առաջինն էինք, որ քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակեցինք, բայց անպտղաբեր ենք քրիստոնեության մեջ: Միայն դա մեզ չի փրկի, եթե բարի գործերով չզարդարենք մեզ: Մենք եթե բարի գործերով մեր ճրագները ձեթով չլցնենք, կնմանվենք հինգը հիմար կույսերին, որ այդ բարի գործերը չունեին, դրա համար մնացին երկնքի արքայությունից դուրս: Հինգ իմաստունները ոչ միայն կուսությունը համարեցին պատիվ, այլ նաև բարի գործեր տվեցին, հավատքից բխեցրին բարի գործերը: Մենք` քրիստոնյաներս, եթե Քրիստոսին կրում ենք մեր մեջ, ունենք հավատք առ Աստված և բարի գործեր մեզանից դուրս չեն գալիս, ուրեմն մենք խնդիր ունենք, ուրեմն մենք ճշմարիտ ճանապարհի մեջ չենք և մեր ճրագների մեջ ձեթ չկա, մեր ճրագները կմարեն:

Ավագ չորեքշաբթին Տիրոջ օծման և մատնության օրն է: Այս օրը հիշատակվում է, թե ինչպես Հուդան Տիրոջը մատնեց երեսուն արծաթով, որի մասին մարգարեացել էր Զաքարիա մարգարեն: Մատնեց, ունեցավ զղջում, բայց իր զղջումն անպտղաբեր էր: Մենք էլ շատ պարագաներում միշտ մեր շահն ենք փնտրում մարդկային մեր փոխհարաբերությունների մեջ, ինչպես Հուդան փորձեց Քրիստոսի հետ իր հարաբերության մեջ շահ ունենալ, քանի որ գանձապահն էր՝ 12 առաքյալներից: Հիշենք այն մեղավոր կնոջը` Մարիամին, և նրա` նարդոսի թանկարժեք յուղով Տիրոջը օծելու պատմությունը: Հուդան, երբ տեսավ, ասաց, որ կարող են այդ յուղը վաճառել մեծ գնով և տալ աղքատներին, սակայն Քրիստոս պատասխանեց նրան` ասելով, որ աղքատներին միշտ իրենց հետ ունեն, բայց Իրեն չեն ունենա և որ այդ կնոջ արածը պետք է ավետարանվի ամբողջ աշխարհում (Հովհ. 12:1-1-9): Հուդայի մասին այս պատմությունը թող լինի մեզ համար օրինակ, որպեսզի մենք այդպես չվարվենք: Որովհետև, վերջիվերջո, մենք զղջալու ենք, ինչպես Հուդան ինքը զղջաց, բայց այդ զղջումն անպտղաբեր էր, որովհետև իրեն տարավ հուսահատության: Նա մտածեց, որ Տերը չի ների իրեն, բայց մեր զղջումը երբեք անպտղաբեր չպիտի լինի, մենք հույս պետք է ունենանք, որ Տերը մեզ կների: Նոր Կտակարանում ասվում է, որ Տերն ուշացնում է իր գալուստը, որպեսզի ամեն մի մեղավոր դարձի գա և փրկվի: Այնքան մեծ է նրա սերը, որ ուշացնում է գալուստը, ուստի մենք էլ պետք է գիտակցենք այդ ամենը:

Ավագ հինգշաբթին ամբողջությամբ հիշատակության օր է: Այդ օրը հիմք դրվեց հաղորդության խորհրդին: Վերջին ընթրիքի խորհուրդն է այն, որի ընթացքում Քրիստոս վերցնելով հացն ասաց, որ սա է Իր Մարմինը և գինին` Իր Արյունը: Մենք, հենվելով վերջին ընթրիքի խորհրդի վրա, կատարում ենք Սուրբ Պատարագը` ի հիշատակ Քրիստոսի: Այդ օրը անարյուն զոհաբերություն է կատարվում` ի հիշատակ Քրիստոսի Մարմնի և Արյան, և մենք էլ, մոտենալով հաղորդությանը և հաղորդակիցը լինելով Քրիստոսի Մարմին ու Արյանը, Տիրոջը մեր ներսն ենք ընդունում հավիտենական կյանք ունենալու համար:

Այս օրը նաև ոտնլվայի արարողությունն է կատարվում: Ոտնլվայի խորհուրդը կապված է Հիսուս Քրիստոսի` իր աշակերտների ոտքերը լվանալու դրվագի հետ: Երբ Պետրոսը վերնատանը չուզեց, որ Տերն իր ոտքերը լվա, և Հիսուս ասաց, որ այդ դեպքում նա իր հետ բաժին չի ունենա, իսկ Պետրոսը խնդրեց, որ ոչ միայն ոտքերը, այլ նաև գլուխը լվա: Եվ Հիսուս մեզ պատգամեց` իր խոսքը քարոզելով առաքյալներին և ասելով` «Եթե Ես` Տերս և Վարդապետս, լվացի ձեր ոտքերը, դուք էլ պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ, որովհետև մի օրինակ տվի ձեզ, որ ինչպես Ես ձեզ արեցի, դուք էլ նույն ձևով անեք» (Հովհ. 13:1-20): Տերն այս կերպ մեզ ցույց տվեց խոնարհության, ներողամտության օրինակը. նա գիտեր, որ Հուդան պետք է մատնի իրեն, բայց Հուդայի ոտքերն էլ լվաց: Մենք էլ մեկս մյուսիս նկատմամբ այդ խոնարհությունը, ներողամտությունն ու սերը պետք է ունենանք, ինչպես Տերը սիրեց մեզ:

Ավագ հինգշաբթի երեկոյան Տիրոջ չարչարանքների հիշատակությունն է, թե ինչպես Տերը Գեթսեմանիում աղոթք էր անում, երբ քահանայապետները Հուդայի հետ միասին եկան, և Հուդան իր համբույրը տվեց Տիրոջը: Հենց համբույրից հետո էր, որ Տիրոջը բազում չարչարանքների ենթարկեցին` փշե պսակ գլխին դնելով, ծաղրելով, անարգելով, ապա խաչելով: Այս արարողությունը կատարում ենք խավարման հիշատակությամբ:

Ավագ ուրբաթ օրը Քրիստոսի խաչելության և թաղման հիշատակություններն են կատարվում: Ինչպես Քրիստոս խաչը բարձրացավ և իր արյունը հեղեց, որպեսզի մենք ունենանք փրկություն: Մենք իր տված արյան գնով փրկվեցինք: Եվ ամեն անգամ, մեղք գործելով, քրիստոսաավանդ գործերից շեղվելով նորից խաչն ենք հանում Տիրոջը` մոռանալով, որ մենք բոլորս իր արյան գնով փրկված ենք:

Երբ Քրիստոս դրվեց վիմափոր գերեզմանի մեջ: Այդ օրը, ի հիշատակ թաղման, ծաղկեհյուս գերեզմանն է, որ դարձնում ենք: Դարձնում ենք, որպեսզի բոլորս տեսնենք, որ իրապես Տերը մահացել է: Ինչպես Պետրոս առաքյալի առաջին թղթում է ասվում. «Քրիստոսը մեկընդմիշտ չարչարվեց մեր մեղքերի համար, մի արդար` անարդարների համար, որպեսզի մեր Աստծուն մոտեցնի. Թեև նա մարնով մեռավ, հոգին, սակայն նրան կենդանի պահեց, որով և գնաց քարոզեց բանտում եղած այն հոգիներին, որոնք մի ժամանակ ապստամբել էին»:

Ավագ շաբաթ օրը Դժոխքի ավերման խորհուրդն ունի, քանի որ Տերն իրապես մահացավ, բայց հոգով իջավ և ավերեց դժոխքը, և ով որ հավատաց` Քրիստոսի հետ դժոխքից փրկվեց: Այս օրը երեկոյան կատարվում է ճրագալույցի պատարագը և տրվում Տիրոջ հարության ավետիսը:

Հարության կիրակի օրը պատարագով մենք ավետում ենք Քրիստոսի հարությունը: Հարություն, որով մահն այլևս մեր վրա իշխանություն չունի: Դժոխքն իր խայթոցը չունի, որովհետև ավերվեց, մահը կորցրեց իր իշխանությունը, որովհետև Քրիստոսով մենք հարություն առանք, մեր մեղքից փրկվեցինք, որովհետև մեր մեղքի արդյուքն էր մահը և դրա համար մահն այլևս մեր վրա իշխանություն չունի: Մենք Քրիստոսով նոր արարած ենք դառնում, նորովի մեր կյանքը շարունակելու, սեր, ներողամտություն, պտղաբերություն տալու, բարիք գործելու, որովհետև ուր կա սեր, այնտեղ կան բարի գործեր, իսկ մենք` քրիստոնյաներս, այդ սիրով, ներողամտությամբ պետք է կարողանանք բարի պտուղները քաղենք, որովհետև ինչ որ սերմանենք մեր կյանքի ընթացքում, այն էլ կհնձենք: Եթե Տիրոջով բարի պտուղներ սերմանենք, բարին էլ կհնձենք, եթե որոմ սերմանենք, որոմ էլ կհնձենք և կրակի բաժին կլինենք։

Տեր Զենոն քահանա Բարսեղյան

Աղբյուր՝ Holytrinity.am