Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Ոտնլվա. երկինք բարձրացնողը խոնարհությունն է

Երուսաղեմում՝ Վերնատանը, Վերջին ընթրիքի ընթացքում Քրիստոս վեր կացավ սեղանից, մի կողմ դրեց զգեստները և մի սրբիչ վերցնելով՝ մեջքին կապեց: Այնուհետև, վերցնելով ջրով լի կոնքը, սկսեց Իր աշակերտների ոտքերը լվանալ և սրբել մեջքին կապած սրբիչով (Հովհաննես 13:4-6): Ապա հորդորեց նրանց նույն կերպ վարվել. «Արդ, եթե ես Տեր և Վարդապետ եմ, լվացի ձեր ոտքերը, դուք պարտավոր եք միմյանց ոտքեր լվանալ: Ես ձեզ մի օրինակ տվեցի, որպեսզի դուք էլ միմյանց անեք այն, ինչ Ես արեցի ձեզ» (Հովհաննես 13:14-15): Աստծո Որդին, ցույց տալով Իր կատարյալ սերը մարդկանց հանդեպ, այս կերպ արտացոլեց քրիստոնեության մեծագույն առաքինությունը՝ խոնարհությունը, որն իբրև պատվիրան ավանդեց սիրեցյալ աշակերտներին: Նա, առաքյալների ոտքերը լվանալով, ճանապարհ բացեց դեպի Երկինք, Գողգողթայի ճանապարհը վերածեց կյանքի ճանապարհի: Քրիստոս Ոտնլվայի արարողությամբ մարդկությանը հրավիրեց խոնարհության, ցույց տվեց, որ երկինք բարձրացնողը խոնարհությունն է, իսկ երկնքից գցողը՝ հպարտությունը:

Քրիստոսի կյանքից վերցված այդ յուրօրինակ դրվագը մինչև օրս հիշատակվում է եկեղեցում Ավագ Հինգշաբթի օրը:

Ոտնլվան կատարում է եպիսկոպոսը կամ պատվավոր քահանաներից մեկը: Նախ խաչով ու Ավետարանով և «Թող օրհնվեն և սրբագործվեն այս յուղն ու ջուրը» խոսքերով օրհնում են խորանում դրված ջուրը և յուղը (սա մեղավոր կնոջ կողմից Տիրոջ ոտքերը թանկարժեք յուղով օծելու հիշատակն է), և ապա Ոտնլվայի խորհրդակատարը, եկեղեցու խորանում ծունկի գալով, հանդիսավորապես լվանում է ներկաներից տասներկու հոգու աջ ոտքերը և խաչաձև յուղ քսում: Լվացվածները համբուրում են Ավետարանը, Խաչը և քահանայի աջը: Արարողության վերջում կարդացվում է Ավետարան, ուր հիշատակվում է Քրիստոսի ձեռքով կատարված ոտնլվան:

Ոտնլվայի արարողությունից հետո օրհնված յուղը բաժանվում է հավատացյալներին:

Սբ. Գրիգոր Տաթևացին հոգևոր խորհուրդ է գտնում այն իրողությունում, որ ոտքը միշտ ծածկված է կոշիկով, և ոտքը լվանալով՝ Քրիստոս ուսուցանեց ծածուկ պահված մեղքերը հայտնի դարձնել խոստովանությամբ: Նաև, ըստ Տաթևացու, ոտքերի լվացմամբ, աչքն էլ է լվացվում, որովհետև ոտքում է գտնվում աչքի երակը, և Քրիստոս ուսուցանեց, թե ովքեր մեղքն են ջնջում, լուսավորում են իրենց միտքը:

Հաղորդության խորհրդի հաստատումից առաջ Քրիստոս, լվանալով աշակերտների ոտքերը, մարդկային հոգիները մաքրեց մեղքի աղտեղությունից:

Եկեղեցական մատենագրության մեջ կոնքը, որի մեջ լցվեց ջուրը մկրտության ավազանն է: Համաձայն Սուրբ Գրքի մեկնիչների՝ Քրիստոս Վերջին ընթրիքից առաջ, լվանալով աշակերտների ոտքերը, նրանց մկրտեց և մաքրեց ադամական մեղքից, որպեսզի կարողանան Հաղորդություն ստանալ մաքուր վիճակում: Այդպես է նաև եկեղեցական կյանքում. մարդիկ պետք է նախ մկրտվեն, մաքրվեն ադամական մեղքից և դրանից հետո է, որ եկեղեցին թույլատրում է ստանալ Սուրբ Հաղորդություն:

Ինչպես Շարակնոցի Ավագ Հինգշաբթիի Ոտնլվայի կանոնում է ասվում. «Լույսի աղբյուր և անշիջանելի լույս ճառագայթ, որ աշակերտների ոտքերը լվանալ հանձն առար, մաքրի՛ր մեր միջից խավարի խորհրդի մեգը և լուսավորի՛ր մեզ»:

Ոտնլվայի ծիսակարգի հեղինակը համարվում է Սբ. Եփրեմ Խուրի Ասորին (306-373թթ.): Արարողակարգը 11-րդ դարում Հայ եկեղեցի ներմուծեց Գրիգոր Վկայասեր կաթողիկոսը (1066-1105թթ.): Տարիների ընթացքում այդ կարգը գնալով հարստացավ հայկական գեղեցիկ շարականներով ու աղոթքներով, որոնցից են Հովհաննես Պլուզ վարդապետի «Սիրո մասին» աղոթքը:

Ավագ Հինգշաբթի, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է Խավարման կարգը:

Կազմեց Կարինե Սուգիկյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am