Այսպէս է ասում Տէրը. «Ով որ այս պատուիրաններից, փոքրերից անգամ, մի բան ջնջի եւ մարդկանց այդպէս ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ փոքր պիտի համարուի. իսկ ով կատարի եւ ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ նա մեծ պիտի համարուի» (Մատթեոս 5:19)

Կարպետները հայկական գորգագործական մշակույթում

Մարդկության խոշոր նվաճումներից մեկը ոստայնանկությունն է: Հին աշխարհում, հատկապես Ասիայի այն վայրերում, որտեղ ժողովուրդները զբաղվում էին անասնապահությամբ, մասնավորապես ոչխարաբուծությամբ, լայնորեն զարգացել են մանածագործությունը, ջուլհակությունը և կարպետագործությունը:

Կարպետագործությունը գորգագործության նման գալիս է դարերի խորքից, սակայն այն ունի ավելի հին պատմություն: Կարպետագործության համար հում նյութ է հանդիսացել ոչխարի, ուղտի բուրդը, այծի փափուկ մազը (դֆտիկ), բամբակը, մետաքսը: Վասպուրականում, օրինակ՝ օգտագործել են «չուռ» կոչվող այծի մազը (կյաժը), բուրդը, կանեփը, վուշը, բամբակը, մետաքսաթելը:

Կարպետի զանազան տեսակներ են կիրառվել: Դրանցից են, օրինակ, մեզարները (նուրբ, բարակ, ոչ խիտ գործվածք), որոնք կիրառվել են լավաշի խմորի գնդերը ծածկելու համար և գործվել են ինչպես կտավը:

Կարպետ. Արցախ-Սյունիք

Կարպետի զանազան տեսակներ են կիրառվել: Դրանցից են, օրինակ, մեզարները (նուրբ, բարակ, ոչ խիտ գործվածք), որոնք կիրառվել են լավաշի խմորի գնդերը ծածկելու համար և գործվել են ինչպես կտավը:

Սկզբում այն գործվել է խսիրի ձևով: Սերիկ Դավթյանի կարծիքով, մեզարը ոստայնանկությունից անցումն է կարպետագործությանը: Մեզարները լինում են միմյանց հաջորդող նեղ ու լայն շերտերով `դասավորված վերից վար: Մեզարները նաև յուրահատուկ են նրանով, որ դրանց հիմնաթելերը լինում են գունավոր: Հիմնականում տարածված են եղել Հայաստանի բոլոր շրջաններում, ինչպես օրինակ Դիլիջանում, Արցախում:

Ջեջիմը (ճիմ-ճիմ) (բազմագույն, նախշավոր, խիտ գործվածք է) ծառայում էր որպես փռոց, դրանով կարում էին նաև ներքնակի երես: Ջեջիմները մեզարների նման ունեն գործելու գրեթե նույն տեխնիկան: Նախշերը ստեղծում էին առանձին թելով` փայտիկների միջոցով: Փայտիկներն օգնում էին գործվող նախշի հաշիվը պահելու համար: Ջեջիմի նախշերը հիմնականում լինում են ուռուցիկ: Նախշավոր ջեջիմները գործվել են օժիտի համար:

Երկկողմանի («մատնաքաշ») կարպետները ամենաշատն էին կիրառում կեցաղում: Այս տեսակի կարպետների հիմնաթելը միագույն է, գործվածքը` խիտ և բազմանախշ, երբեմն` շերտավոր կամ կրկնվող նախշերով: Կարպետի երկու կողմում նույն զարդանկարն է, նախշերը խոշոր են, գույնզգույն և հստակ: Ի տարբերություն մեզարների և ջեջիմների սրանք հիմնականում ունեն եզրագոտիներ և կենտրոնական հատված: Վերջիններս հորինվածքով մոտ են գորգերին և իրենց մեջ կրում են զարդաձևերի ամենահին տեսակները և գաղափարները:

Կարպետ. Արցախ-Սյունիք

Դրանց մեջ առավել աչքի են ընկնում խոշոր մեդալիոնները, խաչաձև զարդանախշերը, թռչնային, կենդանական նաև բուսական զանազան զարդաձևեր: Երկկողմանի կարպետներում կիրառում էին բամբակյա և մետաքսյա թելեր:

Դրանց կիրառության սահմանները բազմազան են. գցում էին հատակին, փռում անկողնու տակ կամ կախում էին պատից: Կարպետները կիրառվել են՝ որպես ննջեցյալի տապան, եղել են նաև աղոթքի կարպետներ:

Գեղեցիկ են ինչպես Արցախի, այնպես էլ Սյունիքի, Լոռվա կարպետները: Կարպետների յուրահատուկ տեսակով առանձնացել են Վան-Վասպուրականը, Խոյ-Սալմասը, Կիլիկիան, Բարձր Հայքը, Սեբաստիան և այլն:

Արցախում համընդհանուր տարածում են ունեցել մեծադիր կարպետները, որոնք գործվել են օժիտի մեջ մտնող տոհմագորգերի, բազմականների, անկողնապարկերի հետ: Հատկանշականն այն է, որ դրանք ունեն դասական վիշապագորգերին բնորոշ չափեր երկու մետր լայնություն և մինչև ութ մետրի հասնող երկարություն: Արցախի և Սյունիքի գորգագործական կենտրոններին բնորոշ են Մեղվակարպետներները և Կրկենի կոչվող կարպետները, որոնց զարդանախշով ստեղծվել են նաև գորգեր: Արևագորգերին բնորոշ զարդանախշով կարպետներ էլ են ստեղծվել: Վերը նշված տարածաշրջանին բնորոշ են թելթող տեսակի կարպետները:

Կարպետ. Լոռի

Կարպետագործական հետաքրքիր նմուշներ են ստեղծվել այժմյան Լոռվա և Տավուշի տարածաշրջաններում: Այս շրջաններին բնորոշ են ոչ միայն երկրաչափական հորիվածքները, այլ նաև բուսական և կենդանական, թռչնային պատկերները:

Մեծ տարածում են ունեցել եղնիկներով կամ սիրամարգներով ինչպես կարպետներն, այնպես էլ՝ գորգերը: Այս տարածաշրջաններում տարածված են եղել նաև նշազարդերով հարդարված կարպետները: Երկաչափական հարդարում ունեցող հորինվածքներից ամենատարածվածը կենաց ծառի պատկերն է, ոչ հաճախ բայց հանդիպում են նաև կանացի ֆիգուրներ:

Իրենց հորինվածքով և գունային գամմայով խիստ տարբերվում են Արևմտյան Հայաստանի կարպետները: Դրանք ունեն երկրաչափական մանր հարդարում, համեմատաբար ավելի մուգ գունավորում: Մանր զարդանախշային ձևավորում ունեն նաև Խոյ-Սալմաստի, Ջուղայի կարպետները:

Այսպիսով 19-20-րդ դարերում և դրանից վաղ կարպետները հայկական կենցաղում կիրառվել են զանազան ձևերով և գուցե այդ է պատճառը, որ մենք այսօր ունենք այդքան տարատեսակ կարպետներ: Եվ յուրաքանչյուր կարպետ արտահայտում է իր ստեծման վայրի առանձնահատկությունը, պատմությունը և կարելի է ասել նաև իրենց կենցաղը:

Աղբյուր՝ Arvestagir.am