Այսպէս է ասում Տէրը. «Բայց պիղծ բաներից եւ սնոտի խօսքերից հեռո՛ւ մնա, քանի որ դրանց անձնատուր եղողները աւելի ու աւելի առաջ են գնում ամբարշտութիւնների մէջ, եւ նրանց խօսքերը քաղցկեղի նման ճարակ են գտնում» (Տիմոթեոս 2:16)

Քրիստոս հարյավ ի մեռելոց. Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի

Օրհնյալ լինի սրբացված Հարությունդ, Հա´յր մեր: Ցնծությամբ ու սիրով իրար ենք փոխանցում Սուրբ ավետիսը` երջանկանալով հրաշափառ Հարությամբ քո: Մեր ամեն ակնթարթը քեզանով է: Դու, որ մեզ համար խոնարհվեցիր` մարդացար, ապրեցիր մեզ հետ ու խաչվեցիր` մեր մեղքերի քավության համար: Տե´ր, արժանացրու գոհությամբ փառավորել քեզ և սուրբ անունդ, լինել քո արժանի զավակները: Սովորեցրու քո նոր և կենդանի ճանապարհները, որ բացեցիր մեզ համար:

«Մեզ և ձեզ Մեծ ավետիս» բարձրաձայնում ենք շատերս` խորապես ըմբռնելով այդ ավետիսի կարևորությունը մեր կյանքում: Դու´, որ քանդված տաճարը կառուցեցիր երեք օրում և հրեշտակների միջոցով ավետեցիր քո կատարյալ հարությունը, քավիր մեր մեղքերը քո մեծ սիրո շնորհով և օգնիր առողջ ու անսասան հավատով գալ դեպ քեզ:

«Ամեն», պատասխանում են մյուսները և հայցում քո գութն ու ներողամտությունը կյանքի բոլոր օրերում: Քո հանճարով մեզ սովորեցրու ճիշտ ապրելու գաղտնիքները, որ ավանդել ես Սուրբ գրքի միջոցով: Մեր աչքերին, ականջներին ու բանականությանը հասանելի և սրտին` ընդունելի դարձրու քո պատգամները, Տե´ր, որպեսզի երկյուղ չունենանք` քո կամոք է այս կամ այն բանը, թե` ոչ:

«Ալելուիա», ասում ենք ի փառաբանություն քո անվան և գոհաբանություն ու շնորհակալություն մեզ այդքան սիրելու համար: Շնորհիր մեզ արժանի զավակներդ դառնալ, ինչպես դու մեր պաշտելի Հայրն ես: Ինչպես նաև քո մյուս շնորհներով օժտիր մեզ, որ այս խրթին ժամանակներում չտրտմեցնենք մեր սրտերը` հիշելով, որ Տերը մեզ հետ է ու մենք վախ չունենք, միևնույն ժամանակ հիշելով, որ խրթին ժամանակներից վեր կա Դժոխք, ուր լաց է ու ատամների կրճտոց: Դու մեզ արժանի դարձրու երկնքի արքայությանը, Հա´յր:

«Փառք քեզ, Տե´ր», մրմնջում ենք բոլորս ի խորոց սրտի, որ մրմունջ չէ միայն, այլ հոգու աղաղակ, քեզ պաշտելու հավաստիք: Դու Քո սիրո շնորհներով օժտիր մեզ, Հա´յր, որպեսզի հավիտյանս հավիտենից երկրպագենք Քեզ ու պաշտենք Սուրբ անունդ. Ամեն:

Հռիփսիմե Գալստյան

Աղբյուր՝ Holytrinity.am