Այսպէս է ասում Տէրը. «Բայց պիղծ բաներից եւ սնոտի խօսքերից հեռո՛ւ մնա, քանի որ դրանց անձնատուր եղողները աւելի ու աւելի առաջ են գնում ամբարշտութիւնների մէջ, եւ նրանց խօսքերը քաղցկեղի նման ճարակ են գտնում» (Տիմոթեոս 2:16)

Ննջեցյալների հիշատակության օր․ Տ. Աղան աբեղա Երնջակյանի քարոզը

Հաշվված են օրերը մարդու, ժամ ես դրել Դու և նա չի կարող փախնել /Հոբ 14.5/

Սիրելի հավատացյալներ, սիրելի հավատավոր քույրեր և եղբայրներ, ինչպես գիտեք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ Տաղավար տոներին հաջորդող երկուշաբթի օրը հիշատակ է ննջեցյալների, երեկ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Այլակերպության, Պայծառակերպության տոնն էր և ասյօր մեռելոց է:

Այսօր ամենքս այցելում ենք գերեզմաններ, խնկարկում մեր հարազատների մեր բարեկամների հիշատակը: Գալիս ենք եկեղեցի աղոթում մեր ննջեցյալների հոգիների հանգստության համար` հավատքով և վստահությամբ առ Աստված, որ Տերն Իր ամենակարող զորությամբ պիտի հանգստություն տա նրանց հոգիներին և վերջին օրը` Դատաստանի օրը պիտի արդարների դասին կարգի իրենց` մեր աղոթքների, մեր պաղատանքների և նրանց հիշատակի համար մեր կողմից կատարված ողորմությունների դիմաց: Հիշում ենք մեր ննջեցյալներին, ափսոսում, որ հեռացան նրանք կյանքից, բայց որ ամենակաևորն է` մեր ննջեցյալները մեզ հուշում են կյանքի կարևորագույն մի իրողություն` մահ կա, որ կյանքը հավիտենական չէ:

Գերեզմանատունը դպրոց է, որտեղ մեռածները սովորեցնում են ապրողներին, ողջերին, համրերը` խոսողներին: Գերեզմաններում մեզ սովորեցնում են հարուստներն ու աղքատները, իշխանները և փոքրավորները, իմաստուն գիտնականներն ու անմիտները, հոգևորականներն ու աշխարհիկները, սրանք բոլորը միաբերան մի բան են կրկնում մեզ` Մահ կա:

Հին հռոմեացիներն իրենց տաճարների վրա գրում էին Մեմենտո մորի, այսինքն` հիշիր մահը, իսկ եգիպտացիներն իրենց նշանավոր խնջույքներում մի մումիա էին բերում բազմեցնում` ինքնամոռացության մեջ չընկնելու համար:
Այսօր էլ ահա մեր Եկեղեցին մեզ առիթ է տալիս հիշելու, անդրադառնալու այդ իրականությանը:
Սիրելիներ, իսկ ինչ է մահը?

Մահը երկրորդ ծնունդ է, ծնունդ հավիտենության մեջ և հավիտենության համար: Մահը մարմնի ու հոգու ժամանակավոր բաժանումն է, ժամանակավոր որովհետև Վերջին դատաստանի ժամանակ մեռելների ընդհանրական հարության ժամանակ կրկին բոլորը, բոլոր ննջածները հարություն են առնելու հավիտենական կյանքի կամ հավիտենական տանջանքի համար: Հոգին սպասում է կայաններում, իսկ մարմինը թաղվում է հողի մեջ որտեղից և պիտի հարություն առնի նորովի:

Մի առվակ է լինում որ հովիտներից հոսելով հասնում է մինչև բավական շոգ ու անապատ մի վայր, հեռվից տեսնում է որ չոր հողային զանգված է մտնելու: Սկսում է վախենալ, մյուս ընկերները հորդորում են որ առաջ չընթանա, կանգ առնի, քանի որ կցամաքի, կվերանա, մի մասը կգոլորշիանա, մյուս մասն էլ կթաղվի հողի մեջ: Եվ հանկարծ կարծես մի ներքին ձայն նրան ասում է առաջ շարժվիր, մի կանգնիր: Առվակը առաջ է ընթանում, մի մասը թաղվում է հողի մեջ, մի մասն էլ գոլորշիանում է սաստիկ տապից, առվակի կաթիլները բարձրանում միանում են դառնում ամպը, որ առաջ շարժվում ու անցնելով երկար ճանապարհ որոշ ժամանակ անց հասնում մեծ ծովին ու թափվում ծովը: Առվակը ձուլվում է մեծ ծովին: Նա թեթև տարուբերվելով ալիքների վրա ինքն իրեն ասում է` այժմ ես ինձ գտա:

Մահը սարսափելի չէ, մահը մեր կյանքի մի փուլ է և անխուսափելի. Սուրբ Եփրեմ Ասորին ասում է. Յուրաքանչյուր քայլ, որ կատարում ենք այս կյանքի ճանապահրին, մեզ մոտեցնում է վերջին քայլին:

Կյանքը փորձության շրջան է մահվան օրվա համար, ողջ կյանքը պատրաստություն է մահվան օրվան, մարդը գործում է մինչև մահ, մահից հետո սպասումն է դատաստանի: Միայն թե մահվանը պետք է պատրաստվել, ամեն օր ամեն ժամ պետք է հիշել որ մահ կա, որով ընդհատվում է մեր գործելու կարողությունը: Եկեղեցին շատ է խոսում ննջեցյալների և ընդհանրապես մահվան մասին, ոչ նրա համար որ սարսափ ներշնչի հավատացյալներին, այլ որ օգնի նրանց կարաղանան արժևորել իրենց կյանքը:Սուրբ Անտոն անապատականն ասում է. Ամեն օր մեռիր, որ հավիտյան ապրես: Պիտի կարող լինենք սպասելու մահվանը, կարող լինենք բաժանվելու այս կյանքից և կարող լինենք դիմավորելու Աստծուն: Մահը մեզ կանգնեցնում է Տիրոջ առաջ: Մեր կյանքի վաստակը մեզ կարողություն և հնարավորություն պիտի տա վայելելու Տիրոջ ցանկալի ներկայությունը:

Սիրելի հավատացյալներ եկեք այսօր ևս մեկ անգամ մեր աղոթքներն ուղղենք առ Աստված մեր ննջեցյալների, մեր սիրելիների հոգիների խաղաղության համար, և նաև ունկնդիր լինենք նրա կոչին ու անդրադառնանք ինքներս մեզ և մեր ժամանակավոր կյանքի այս ընթացքին և ինչպես Օգոստինոս Երանելին է ասում. Չիմանալով որտեղ կամ երբ է մեզ սպասում մահը, սպասենք այն ամեն տեղ և ամեն ժամանակ: Ամեն

Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի. ամէն:

Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանի քարոզը՝ խոսված Ս. Էջմիածնի Մայր Տաճարում Ս. Պատարագին

Աղբյուր՝ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ