Այսպէս է ասում Տէրը. «Նա, ով հետեւում է արդարութեան եւ ողորմածութեան ճանապարհին, կեանք, արդարութիւն եւ փառք պիտի գտնի» (Առակներ 21:21)

Պարույր Սևակի նամակը Նինա Հովսեփյանին

28.01.1964թ.

Իմ լավ բարեկամուհի,
սիրելի' Նինա
Շատ շնորհակալ եմ Ձեր անկեղծ, ջերմ ու մաքուր նամակի համար: Ես, ինչպես կարող եք Դուք ենթադրել, քիչ նամակներ չէ, որ ստանում եմ: Ձերը այն քչերից է (դժբախտաբար, քչերից), որոնց մեջ առկա է առաջին նախապայմանը՝ գրագիտությունը: Չնեղանաք, խնդրում եմ, այս բառիս համար: Ցավալի է, բայց իրողություն է: Գրագետներին օրը ցերեկով էլ պիտի ճրագով (ճիշտ կլիներ ավելի՝ էլեկտրական լամպարով) որոնենք...

Եվ իմ խոսքը միայն սովորական գրագիտության մասին չէ, այլև գրական գրագիտության (եթե կարելի է այսպես ասել):

Գիտե՞ք ինչ, Նինա' սիրելի, հաճախ մարդ ամոթ է զգում անհարկի և չպատճառաբանված գովասանքից: Ձերը այդ «հաճախ»-ից չէ: Ես հեռվից հեռու էլ զգացի, որ Դուք իսկապես հասկանում ու սիրում եք բանաստեղծություն: Իսկ դա (բանաստեղծությունն իսկապես հասկանալն ու սիրելը) նույնպես տաղանդ է, որ քչերին է տրված:

Երբևէ Գորիսում լինելիս կփնտրեմ Ձեզ, որպեսզի սեղմեմ Ձեր ջերմ, մաքուր ու նրբին ձեռքը:

Երևանում լինելիս համեցե'ք իմ տուն: Շատ ուրախ կլինեմ անձամբ ծանոթանալու Ձեզ հետ, սիրելի' բարեկամուհի:

Ես էլ Ձեր երկրպագուն եմ, Ձեր նմանների, մաքուր ու խորունկ հոգիների:

Ձեր՝ Պարույր Սևակ.
Երևան, Կասյան 3, բն. 21:

Աղբյուր՝ ՄԻՐՀԱՎ