Այսպէս է ասում Տէրը. «Արթո՛ւն եղէք, հսկեցէ՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առիւծի պէս, շրջում եւ փնտրում է, թէ ում կուլ տայ» (Պետրոս 5:8)

Երվանդ Օտյան․ «Ընկեր Փանջունի»

(հատված)

Հաղթություն, հաղթություն….

Վերջապես մեր կորովի գաղափարային ազնիվ պայքարը անպայման տարավ հաղթանակը, անկեղծ հեղափոխական սկզբունքը փրկվեցավ, թեև Ծապլվար կործանվեցավ: Ափսոս, ի՞նչ անել, կարելի չէ ձվածեղ եփել առանց հավկիթ կոտրելու, կասե ֆրանսական առածը: Ծապլվարի ավերակներուն վրա այժմ կը բարձրանա մաքուր իրատեսական պայքարի հոյակապ հաղթակամարը…

Իմ ժամերը սուղ են, չեմ կարող ավելի երկար գրել, որովհետև լծված եմ մի փրկարար աշխատանքի. ես պետք է քանդեմ հնությունը, հին լեզուն, հին բարքերը, հին օրենքը, հին բարոյականը, հին միտքը, հին ըմբռնումները, հին նախապաշարումները, վերջապես, բոլոր հին աշխարհը՝ նրա ավերակների վրա կանգնեցնելու համար նորը: Դա հեշտ գործ չէ: Պիտի կարողանա՞մ անել այդ ամենը, չեմ կարծի: Թերևս հաջողվեմ մի միայն քանդել, այդ արդեն բավարարություն կու տա ինձ: Իմ հաջորդը թող լծվի վերաշինության գործին:

Ես վայելում եմ քանդումի հեշտանքը, իմ հաջորդս թող կրի վերաշինության տաժանքը…