Այսպէս է ասում Տէրը. «Իսկ վերին իմաստութիւնը նախ՝ սուրբ է եւ ապա՝ խաղաղարար, հեզ, բարեացակամ, լի ողորմածութեամբ եւ բարի գործերով, մաքուր խղճմտանքով, առանց կեղծաւորութեան: Արդարութեան պտուղը խաղաղութեամբ է սերմանւում նրանց համար, ովքեր խաղաղութիւն են անում» (Հակոբոս 3:17-18)

Ռուբեն Զարդարյան

Ռուբեն Զարդարյան (1874, գյուղաքաղաք Սևավերակ (Սևերեկի գավառ) - 1915, Մեծ եղեռնի զոհ), հայ արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ, խմբագիր, հրապարակախոս: Հրաչ Զարդարյանի հայրը:

Երկու տարեկան հասակում ծնողների հետ տեղափոխվել է Խարբերդ, որտեղ ստացել է կրթությունը, սովորել նախ ազգային վարժարանում, Ամերիկյան դպրոցում, ապա աշակերտել է Թլկատինցուն: 1892-1903-ին ուսուցիչ է եղել Մեզիրեի ազգային Կեդրոնական վարժարանում, ձերբակալվել քաղաքական գործունեության համար (1903-1904): 1905-1908-ին ապրել է Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում, որտեղ խմբագրել է «Ռազմիկ» թերթը: 1908-ի երիտթուրքերի հեղաշրջումից հետո վերադարձել է Կ. Պոլիս, 1909-ին հիմնել «Ազատամարտ» օրաթերթը:

Գրական ասպարեզ է մտել 1890-ականների սկզբներից, Խարբերդից աշխատակցելով պոլսահայ թերթերին («Ծաղիկ», «Մասիս», «Արևելյան մամուլ» և այլն): 1910-ին լույս է տեսել Ռուբեն Զարդարյանի «Ցայգալոյս» (1912-ին` ֆրանսերեն, Փարիզում) գիրքը:

Անդրանիկ Օզանյան և Ռուբեն Զարդարյան

Գրել է չափածո և արձակ բանաստեղծություններ («Մենաւոր ծառը», «Լեռան եղնիկին», «Բագինին փառաբանութիւնը» և այլն) նորավեպեր («Սեւ հաւը կանչեց», «Նահանջ», «Ապրելու համար», «Տան սէրը», «Սարերու տղան», «Զղջումը»), հեքիաթներ, լեգենդներ, գրականագիտական հոդվածներ:

Կազմել և հրատարակել է «Մեղրագետ» ընթերցարանը (6 գիրք):

Թարգմանել է Մաքսիմ Գորկու, Վ. Կորոլենկոյի, Էմիլ Վերհառնի, Պ. Շելլիի, Վիկտոր Հյուգոյի, Օսկար Ուայլդի, Անատոլ Ֆրանսի երկերից:

Քաղաքական եռանդուն գործիչը 1915թ. աղետալի ապրիլին ձերբակալվել է, ուղարկվել Այաշ, Կոնիա, Հալեպ, որտեղ և զոհվել է:

 

Երկեր

Ցայգալոյս, Կ. Պոլիս, 1910, 236 էջ:

Ամբողջական էջեր, Փարիզ, 1930, 215 էջ:

Ցայգալոյս, Վենետիկ, 1945, 100 էջ:

Ցայգալոյս, Վենետիկ, 1959, 104 էջ:

Ցայգալույս, Երևան, 1959, 598 էջ:

Ցայգալոյս, Պէյրութ, 1977, 447 էջ:

Ցայգալոյս, Վենետիկ, 1983, 108 էջ:

Ցայգալոյս, Անթիլիաս, 1994, 448 էջ:

Ընտրանի, Երևան, 2014, 200 էջ:

Յօդուածներ, Իսթանպուլ, 2015, 199 էջ:

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության «Մեր Մեծերը» հաղորդաշարի