Այսպէս է ասում Տէրը. «Եւ կամ ի՞նչ միաբանութիւն Քրիստոսի եւ Բելիարի միջեւ. կամ ի՞նչ առնչութիւն ունի հաւատացեալը անհաւատի հետ. կամ ի՞նչ նմանութիւն ունի Աստծու տաճարը մեհեանների հետ։ Արդարեւ, կենդանի Աստծու տաճար էք դուք» (Կորնթացիներ 6:16)

1915-ին թուրքերի կողմից Մուշում ողջակիզված երեխաներ

Լուսանկարից անհոգ ու անմեղ աչքերով նայող երեխաները Մուշի որբանոցի հայ սանուհիներն են իրենց ուսուցչուհու Մարգարիտի հետ: Լուսանկարն արվել է «Կանանց առաքելության աշխատողներ» սկանդինավյան կազմակերպության անդամ, նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բյոռնի կողմից: Մինչև 1915 թվականի ողբերգական իրադարձությունները Բոդիլ Բյոռնն աշխատել է Մուշի և Մեզրեի որբանոցներում:

1915 թ. ամռանը՝ Մուշի հայ բնակչության կոտորածների ժամանակ, քաղաքը հրկիզվեց թուրքական բանակի կողմից. հազարավոր հայեր ողջակիզվեցին իրենց տներում: Ուսուցչուհի Մարգարիտը և իր աշակերտները, համաձայն լուսանկարի դարձերեսին Բոդիլ Բյոռնի թողած գրության, նույնպես ողջակիզվել են: Թուրքական ոճրագործությունների ականատես քույր Բոդիլը հոգեկան խոր ապրումներ է ունենում` մեկ օրում կորցնելով որբանոցի իր սաներին, որոնց իր մայրական ջերմ սերն ու գուրգուրանքն էր տվել տարիներ շարունակ: Անօգնական երեխաների ճիչերն ու օգնության կանչերը դաջվեցին Բոդիլ Բյոռնի հիշողության մեջ:

1916 թվականին, կրկին վերադառնալով Մուշ, Բոդիլն իր հայազգի օգնական Կարապետ Եղիազարյանի հետ քաղաքի փողոցներից և լքված տներից հավաքում է 34 որբ տղաների ու աղջիկների, կերակրում և ապաստան է տալիս նրանց` փրկելով վերահաս մահից, ինչը դժբախտաբար նա չկարողացավ անել իր որբանոցի սաների պարագայում:

«Իմ որբերին կորցնելուց հետո ես հոգեպես շատ տանջվեցի, սակայն ծանր հուսահատությունն ինձ չընկճեց, որպեսզի անմիջապես հեռանայի, վերադառնայի իմ հայրենիք: Հինգ ամիս մնացի Խարբերդում: Անհամբեր սպասում էի մի առիթի, որ նորից կարողանայի Մուշ վերադառնալ և հետաքրքրվել՝ գուցե իմ որբերից մի քանիսին կենդանի գտնեի, սիրտս հանգստանար»: (Մուշ, 1916 թ.)

Բոդիլ Բյոռն
նորվեգացի միսիոներուհի
Հայոց ցեղասպանության ականատես

Լուսանկարի աղբյուրը՝ Նորվեգիայի թագավորական արխիվի հավաքածու
«100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին» գրքից
Աղբյուր՝ ՀՑԹԻ