Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Սբ. Հովհան Ոսկեբերան․ «Վարձատրությունից զուրկ չի մնալու անգամ մի բաժակ ջուրը»

[...] Եթե ուզում ես մեծ լինել, մի՛ եղիր հպարտ, ինչպես առակում հիշվող փարիսեցին (Ղկս 18, 9-14), և այդ ժամանակ իսկապես մեծ կլինես։ Քեզ արժանիքներից զուրկ համարիր, և այդ ժամանակ արժանիքներ կունենաս։ Մաքսավորն իրեն մեղավոր ճանաչեց և այդպես դարձավ արդար. որքա՜ն ևս առավել արդարը, որ իրեն մեղավոր է ճանաչում, կտեսնի, թե ինչպես են աճում իր արդարությունն ու իր արժանիքները։ Քանի որ խոնարհությունը մեղավորին արդար է դարձնում, որովհետև ճանաչում է կյանքի ճշմարտությունը. իսկ արդարների հոգիներում ճշմարիտ խոնարհությունը գործում է է՛լ ավելի մեծ հզորությամբ։

Սնափառությամբ մի՛ կորցրու, հետևաբար, պտուղները, որոնք շահած կլինես քո աշխատանքով, քո չարչարանքների վարձը, կյանքի հանձնառության վարձատրությունը։ Աստված քեզնից ավելի լավ է ճանաչում բարիքը, որ գործում ես։ Վարձատրությունից զուրկ չի մնալու անգամ մի բաժակ ջուրը, [որ կտաս ծարաված մեկին]։ Աստծուն հաճելի է ամենափոքրիկ ընծան, կամ, եթե ոչինչ չես կարող տալ, նաև կարեկցանքի մի հառաչանքը։ Ամեն բան ընդունում է, ամեն բան հիշում է, քեզ հարյուրապատիկը վերադարձնելու համար։

Վերջ տանք, ուրեմն, մեր արժանիքները հաշվելուն և դրանք հրապարակներում դրոշի նման թափահարելուն։ Եթե պարծենում ենք մեր արժանիքներով, գովասանք չենք ստանա Աստծուց։ Ավելի լավ կլինի, որ լացենք մեր թշվառության վրա, և Աստված կբարձրացնի մեզ ուրիշների առաջ։ Աստված չի ուզում, որ կորի մեր աշխատանքի պտուղը։ Իր բոցավառ սիրո համաձայն՝ կամենում է պսակել մեր ամենափոքրիկ գործերն անգամ. Նա փնտրում է բոլոր առիթները՝ մեզ դժոխքից ազատելու համար։ [...]

Սբ. Հովհան Ոսկեբերանի (345-407) « Ճառեր Մատթեոսի Ավետարանի մասին » աշխատությունից
Աղբյուր՝ Mashtoz.org