Այսպէս է ասում Տէրը. «Իսկ վերին իմաստութիւնը նախ՝ սուրբ է եւ ապա՝ խաղաղարար, հեզ, բարեացակամ, լի ողորմածութեամբ եւ բարի գործերով, մաքուր խղճմտանքով, առանց կեղծաւորութեան: Արդարութեան պտուղը խաղաղութեամբ է սերմանւում նրանց համար, ովքեր խաղաղութիւն են անում» (Հակոբոս 3:17-18)

Վրթանես Փափազյանի նամակը Դավիթ Անանունին

1919թ․ օգոստ․ 6, Թիֆլիս

Սիրելի պ․ Անանուն
Ի սեր Աստծո․ մտե՛ք այդ մեր ֆինանսների նախարարի մոտ և ջանացեք, որ իսկույն, շատ շուտով այն քննից հանձնաժողովի 210 հազար չեկը ուղարկեն, որպեսզի փող ստանանք։ Խայտառակություն է ուղղակի․ հունիսի 24-ին նախարարների խորհուրդը վճռել է տալ այդ գումարը․ իսկ մինչև այժմ (մեկ ամիս) այդ գումարի չեկը չեն ուղարկել, որպեսզի այստեղի մեր միսիայի գանձարանը փողը վճարի։ Մնացել ենք, ես մանավանդ, ուղղակի, բառիս բուն նշանակությամբ՝ քաղցած։

Մի ճար արեք, տեսեք այդ ֆինանսների նախարարին և հասկացրեք, որ չենք կարող այլևս սպասել և որ անոթի ենք։

Հասկանո՞ւմ է նա արդյոք, որ այսքան ուշացնում է մեր ստանալիք ռոճիկները։

Հետո՝ ի՞նչ եղավ ձեր այն գրքերի վաճառման արդյունքը։

Իմ դրությունը չափազանց անտանելի է դարձել, և չգիտեմ ինչ անել։ Գրողներին հատկացրել է 100.000-ը ոչ ստացվել է մինչև այժմ և ոչ էլ երևի պիտի ստացվի։ Ահագին բաներ են ծագել այդ չստացված գումարի շուրջը․․․

Այս ամենից հետո՝ պիտի խնդրեի, որ եպիսկոպոսի հետ էլ տեսնվելով, մի պաշտոն գտնեք ինձ՝ Երևան գալու։ Գուցե կարելի լինի կրթական նախարարության մեջ դպրոցների շրջանային տեսչություն և այլ մի հարմար գործ․․․

Շատ բարևներով՝ Վ․ Փափազյան