Այսպէս է ասում Տէրը. «Կամենում եմ, որ դուք ամէնքդ էլ լեզուներ խօսէք. աւելին՝ որ մարգարէանաք. որովհետեւ նա, ով մարգարէանում է, աւելի լաւ է, քան նա, ով լեզուներ է խօսում. միայն թէ նա թող բացատրի, որպէսզի եկեղեցին ամրանայ» (Կորնթացիներ 14:5)

«Հովհաննես Մկրտչի գլխատումը» պատկերագրումը

Հովհաննես Մկրտիչը հանդես է եկել Գալիլեայի կառավարիչ Հերովդես Ագրիպիասի անբարո վարքի քննադատությամբ: Վերջինս, ոտնահարելով հրեական օրենքն ու սովորությունները, իր եղբորից՝ Փիլիպպոսից, բռնությամբ խլել էր նրա կնոջը՝ Հերովդիային, և ամուսնացել նրա հետ: Հերովդեսը Հովհաննես Մկրտչին բանտ է նետել, սակայն, վախենալով նրա վայելած մեծ ժողովրդականությունից, չի համարձակվել մահապատժի ենթարկել:

Հերովդեսի ծննդյան տոնի առթիվ Հերովդիայի դուստր Սալոմեն (որի անունն Ավետարաններում չի հիշատակվում) պարել է: Հերովդեսը այնքան է հավանել նրա պարը, որ բազմաթիվ հյուրերի ներկայությամբ խոստացել է Սալոմեին տալ այն, ինչ նա կցանկանա: Մոր թելադրանքով Սալոմեն խնդրել է Հովհաննես Մկրտչի գլուխը: Խնդրանքը կատարվել է, և Հովհաննես Մկրտչի գլուխը սկուտեղով մատուցվել է Սալոմեին, որն էլ այն տվել է մորը:

Ավետարանական այս դրվագը (Մարկոս 6:14-29) իր արտացոլումն է գտել պատկերագրության մեջ: Ոսկանեան Աստվածաշնչի փորագրանկարներից մեկում Հովհաննես Մկրտչի գլխատումը հետևյալ կերպ է պատկերված. սյունազարդ դահլիճի ներսում՝ սեղանի կենտրոնում, նստած են Հերովդես արքան, խնջույքի մասնակիցները, երաժիշտները, և Սալոմեն՝ կանգնած, կարծես պարում է: Հետին հատվածում պատկերված է Հովհաննես Մկրտչի գլխատման պահը:

Ձեռագրերում ավետարանական ընթերցումների շարադրանքի համապատասխան հատվածների կողքին պատկերվում են նկարազարդումներ: Օրինակ՝ Հովհաննես Մկրտչի գլխատման շարադրանքի կողքին պատկերված է նրա հատված գլուխը՝ սկուտեղի վրա:

Կիլիկյան դպրոցի միջնադարյան մանրանկարիչ Սարգիս Պիծակը իր լուսանցանկարներից մեկում պատկերել է Հովհաննես Մկրտչի ողբերգական մահն ակնարկող հիերոգլիֆ-պատկերը, որ ներկայացնում է սկուտեղի վրա դրված Հովհաննեսի գլուխը՝ լուսապսակով: Հովհաննեսի մագաղաթյա դեմքը, ասես, գոգավոր ապակու մեջ ձևափոխված է, երկար ճակատը՝ կորված դեպի տեքստը, աչքերը, հոնքերը, քիթը՝ նշված է նուրբ ուրվագծով, մազերի տակից ճակատը և այտը՝ եզերված երկնագույն ստվերով, որը նրա դեմքին տալիս է փղոսկրյա երանգ: Գիսախռիվ մազերը և մորուքը, հիշեցնելով փշե պսակ, ուժեղացնում են տեքստում պատմվող ողբերգական անցքի տպավորությունը: Նրա գեսերը երկու կողմից ոլորուն իջնում են սկուտեղից էլ ներքև: Վարպետը նրա լուսապսակի վերևում նկարել է արմավազարդ, ապա այն ավելի ճոխ ձևով, ասես անտես գծով, շարունակում է սկուտեղի պատվանդանի տակից, իբրև միմյանցից անջատվող նոր արմավատերևներ, արանքից իջնող մի երկտերև վարսանդով: Դրա շնորհիվ պատկերը դարձել է սլացիկ, ողբերգականությունը՝ վսեմացել:

Կազմեց Գայանե Սուգիկյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am