Այսպէս է ասում Տէրը. «Այլ դու երբ աղօթես, մտի՛ր քո սենեակը, փակի՛ր քո դռները եւ ծածո՛ւկ աղօթիր քո Հօրը, եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ յայտնապէս» (Ղուկ. 11:4)

Տժվժիկ

Տժվժիկ, 1961 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայի կողմից նկարահանված կարճամետրաժ կինոնկար։

Ֆիլմի տևողությունը 21 րոպե է (սև-սպիտակ)։ Առաջին անգամ ցուցադրվել է 1962 թվականի օգոստոսի 21-ին։ Ֆիլմի սցենարը գրվել է Ատրպետի համանուն պատմվածքի հիման վրա։

Սյուժե

Նիկողոս աղան կովի լյարդ է գնում Ներսես աղբարի համար՝ բարեգործություն անելով վերջինիս ընտանիքին։

Հետագայում նա ամեն առիթով պատմում է իր այդ մեծահոգի արարքի մասին։

Ստեղծագործական խումբ

Սցենարի հեղինակ - Երվանդ Մանարյան

Բեմադրող ռեժիսոր - Արման Մանարյան

Օպերատոր - Մարկ Հովսեփյան

Նկարիչ - Ստեփան Անդրանիկյան

Երաժշտությունը - Էդուարդ Բաղդասարյան

Հնչյունային օպերատոր - Ս. Գրիգորյան

Գրիմը - Վ. Ասատրյան

Ռեժիսորի ասիստենտ - Մ. Տեր-Պողոսյան

Նվագում է սիմֆոնիկ նվագախումբը, դիրիժոր՝ Ա. Քաթանյան

Կինոնկարի տնօրեն - Ռ. Սարոյան

Գլխավոր դերերում

Ներսես ախպար - Հրաչյա Ներսիսյան

Նիկողոս աղա - Ցոլակ Ամերիկյան

Պարոն Հովսեփ - Արման Կոթիկյան

ծերունի - Խ. Սանդալջյան

Դրվագներում

Ա. Ալայան, Գևորգ Ստամբոլցյան, Զարեհ Տեր-Կարապետյան, Վիգեն Ստեփանյան, Մարգո Մուրադյան, Ա. Վրույր, Գևորգ Ասլանյան, Ս. Զարդարյան, Հանրի Զարյան, Մ. Գյոդակյան, Ա. Ղազարյան

Փաստեր

Ֆիլմում էպիզոդիկ դերակատարություն է ունեցել 12-ամյա Արտաշես Գեղամյանը։

«Տժվժիկ» ֆիլմի ստեղծման պատմությունը, առանձնահատկությունները, Life.panorama.am-ի «Մեր կինոն» շարքից։

1960-ականների սկզբին Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի ուսանող Արման Մանարյանին հանձնարարվեց դիպլոմային աշխատանքի շրջանակներում կարճամետրաժ ֆիլմ նկարահանել:

Այդ ժամանակ նա եկավ Հայաստան՝ լավ սցենար գտնելու ակնկալիքով: Մի քանի հոգու առաջարկները լսելուց հետո Մանարյանը հասկացավ, որ իր ուզած սցենարը չի կարողանում գտնել: Այդ ժամանակ «Հայֆիլմ» կինոստուդիայի ղեկավարը՝ Մխիթար Դավթյանը, Մանարյանին խորհուրդ տվեց նկարահանել ֆիլմ՝ Ատրպետի «Տժվժիկ» պատմվածքի հիման վրա: Սկզբում նա այդ նույն առաջարկով դիմել էր Վարդան Աճեմյանին, սակայն վերջինս հրաժարվել էր, իսկ ահա Արման Մանարյանին գրավում է «Տժվժիկը» էկրանավորելու գաղափարը: Վերջինիս եղբայրը՝ դերասան, ռեժիսոր, սցենարիստ Երվանդ Մանարյանը, մեզ հետ զրույցում պատմեց, որ ինքն այդ ժամանակ Գորիսի պետական թատրոնի գլխավոր ռեժիսորն էր և հիշում է, որ Արման Մանարյանը մի քանի հոգու դիմեց ՝ ֆիլմի համար սցենար գրելու նպատակով, այնինչ ոչ ոքի գրածը նրա սրտով չէր, և թևաթափ եղած ուսանողը որոշեց վերադառնալ Մոսկվա: Սակայն նրա մայրը համոզեց, որ մինչ Մոսկվա մեկնելը Արմանը տեսակցեր հարազատ եղբոր հետ, և, գուցե, վերջինիս խորհուրդները օգտավետ լինեին:

«Հիշում եմ՝ Արմանը մեկ օրով եկավ Գորիս, պատմեց եղելությունը, ես նույն օրը գրադարանից վերցրի «Տժվժիկը», այդ ամբողջ գիշերն աշխատեցի սցենարի վրա և համարյա թե պատրաստ վիճակում հանձնեցի նրան: Այդպիսով, եղբորս դիպլոմային աշխատանքն առիթ հանդիսացավ, որ ես դառնամ սցենարիստ»,-մեզ հետ զրույցում պատմեց Երվանդ Մանարյանը:

Նա հատկապես ընդգծեց այն հանգամանքը, որ Ատրպետի պատմվածքում երկխոսություններ առհասարակ չկան, բնագրում միայն մի տեղ կա ուղղակի խոսք. «Ախպար, ա´ռ քու թոքդ ու ձայնդ կտրե», իսկ ֆիլմի մնացած բոլոր դիալոգները կառուցել է ինքը՝ Երվանդ Մանարյանը:

«Ի դեպ ասեմ, որ Ատրպետի պատմվածքում նկարագրված է Գյումրու միջավայրը, բայց քանի որ ես լավ ծանոթ էի արևմտահայ գրականությանը, ստեղծեցի հենց արևմտահայ միջավայր»,-պատմեց Երվանդ Մանարյանը:

Այսպիսով, երբ սցենարն արդեն պատրաստ էր, 1961-ին մեկնարկեցին նկարահանման աշխատանքները: Ըստ սյուժեի՝ իրադարձություները տեղի են ունենում Արևմտյան Հայաստանում, սակայն, քանի որ Խորհրդային Միության տարիներին մերոնք չէին կարող մեկնել այդ երկիր՝ այն էլ՝ նման նախաձեռնությամբ, որոշ դրվագներ նկարահանվեցին Երևանում, որոշներն էլ՝ Թիֆլիսում:

«Տժվժիկ» ֆիլմի օպերատորի ասիստենտ Լևոն Աթոյանցը մեզ հետ զրույցում հիշեց, որ Ստամբուլի պատկերը, անգամ՝ այնտեղի եկեղեցին ստացել են հենց Երևանում՝ հատուկ դեկորացիաների շնորհիվ: Իսկ ահա բաղնիքի հայտնի տեսարանը նկարահանվել է Թիֆլիսում: Պարզվում է՝ այս տեսարանը ստանալիս կադրից դուրս մի քանի հետաքրքիր դեպքեր են գրանցվել, որոնք քչերին են հայտնի. «Քանի որ այդ ժամանակ Երևանում կարգին բաղնիք չկար, մեկնեցինք Թիֆլիս, այդ տեսարանը նկարահանելիս մի քանի ուշագրավ դեպքեր եղան, ամենաշատը տպավորվել է այն, որ դերասան Արման Կոթիկյանը հազիվ փրկվեց խեղդվելուց: Մի դրվագ կա, որտեղ նա խնձոր է ուտում, հիշում եմ, որ այդ ժամանակ նրա շունչը կտրվում էր, ջրի տաքությանը չէր դիմանում»,- պատմեց Լևոն Աթոյանցը:

Նա նաև նշեց, որ ֆիլմի գխավոր դերակատարներից Հրաչյա Ներսիսյանը Թիֆլիսում իրենց դժվար կացության մեջ էր դրել. պարզապես անհետացել էր. «3-4 օր էր՝ կորել էր, չկար, մնացել էինք առանց դերասանի, ամեն տեղ ման եկանք՝ չգտանք: Հետո հազիվ հայտնվեց. պարզվեց՝ ընկերների մոտ էր գնացել, նրանք էլ չէին թողել, որ վերադառնա»,-վերհիշեց Աթոյանցը:

Այն, որ ֆիլմի շուրջ հավաքվել էր դերասանական հզոր փունջ, և այդ հանգամանքը ևս մեծապես նպաստեց «Տժվժիկի» հաջողվելուն, անհնար է ժխտել: Հրաչյա Ներսիսյան, Ցոլակ Ամերիկյան, Արման Կոթիկյան. ու այս հսկաների հետ աշխատում էր սկսնակ ուսանող-ռեժիսորը՝ Արման Մանարյանը:

«Անհնար էր պատկերացնել, որ նման փորձառու դերասանների հետ ուսանող-ռեժիսորը կարող էր այդքան արդյունավետ աշխատել: Ի պատիվ եղբորս՝ պետք է ասեմ, որ նա կարողացավ հսկաների հետ փոխհարաբերվել եւ հասնել արդյունքի»,- մեզ հետ զրույցում ընդգծեց Երվանդ Մանարյանը:

Ինչպես պատմում է Երվանդ Մանարյանը, Հրաչյա Ներսիսյանը մի առիթով ասել է, որ կինոյի ոլորտում ունեցած իր դերերից ամենակարևորը եղել է «Տժվժիկ»-ում կերտած Ներսես ախպարը:

Եվ պատահական չէ, որ «Летят журавли» ֆիլմի ռեժիսոր Միխայիլ Կալատոզովը «Տժվժիկի» մասին մի առիթով ասել է. «Այդ ֆիլմը հայկական կինոյի առաջին ծիծեռնակն է»:

Ի դեպ, ֆիլմի դրվագներից մեկում, որտեղ երեխաները սեղանի շուրժ նստած տժվժիկ են համտեսում, նկարահանվել է նաև այն ժամանակ դեռ մանկահասակ, իսկ այսօր Ազգային ժողովի պատգամավոր Արտաշես Գեղամյանը:

Հատկանշական է, որ «Տժվժիկը» դարձավ այն վերջին ֆիլմը, որտեղ նկարահանվեց Հրաչյա Ներսիսյանը. 1961-ի նոյեմբերին հայ կինոյի և թատրոնի հսկան հեռացավ կյանքից:

Հեղինակ Աննա Բաբաջանյան

 

Share9