Այսպէս է ասում Տէրը. «Եւ եթէ Հայր էք կոչում նրան, որ առանց աչառութեան դատում է իւրաքանչիւրին ըստ գործերի, ապա երկիւղո՛վ ապրեցէք այս աշխարհում ձեր պանդխտութեան ժամանակ»

Անանիա Նարեկացի. Ավետարանական խոսք և խրատ

Արդ, ամեն առաքինություն, որ մարդ ստանում է, հանգստություն է բերում նախ մարմնին, հետո՝ հոգուն: Եթե ջանաս և սիրես ընկերոջդ, նա էլ քեզ կսիրի և բարիքներ կանի, ինչը քեզ ուրախություն և հանգստություն կբերի: Իսկ եթե ընկերոջդ ատես, նեղես նրան կամ նրանից բամբասես, ապա նա էլ քեզ կատի, չարիք կանի և կնեղի:

Դարձյալ, եթե ջանաս և աշխատեցնես մարմինդ, այս դեպքում էլ այն քեզ կգոհացնի, քանզի կոփված կլինի: Եվ երբ նեղության հանդիպես, մարմինդ կոփված կլինի և կհամբերի: Իսկ ով մտքում հանգիստ է և անջանասեր, նրան առաքյալն է պարսավում` ասելով. «Կենդանու հեշտասերն ու փափկասերը մեռած է» (հմմտ. Ա Տիմոթ. Ե 6): Իսկ եթե պահք պահես և քչով բավարարվես, դա ևս ջանք է, որից կշահի մարմինդ, ապա հոգիդ, և հանգստանալն այն է, որ միտքդ ուրախ կլինի, կհուսաս և վարձ կակնկալես:

Պահքից ողորմությունն է ծնվում, քանի որ, երբ դու քչով ես բավարարվում, ապա մնացածը տալիս ես կարիքավորներին: Իսկ երբ դու քեզ փափկասիրության և շատակերության ես հանձնում, ապա քեզ մոտ ոչինչ չի ավելանա, որ ողորմություն անես, այլև ուրիշներինն էլ կհափշտակես և կուտես: Տեսնո՞ւմ ես, որ պահքից հանգստանում են հոգիդ և մարմինդ:

Եթե եղբորդ հանցանքները ներես, այս դեպքում ևս հանգիստ կլինես, և տրտմությունդ կանցնի, իսկ եթե եղբորդ հանցանքները չներես, կտանջվես, քանի որ միտքդ խռովված կլինի, և եղբորդ թշնամի կլինես, և նա էլ քեզ կկասկածի, թե միգուցե դատապարտես իրեն: Եվ այս թշնամությանը շատ մեղադրանքներ և տեսակ-տեսակ տրտմություններ են խառնվում նախքան այն, որ աստվածային խիղճը սկսում է տանջել միտքդ, քանի որ Տերն ասաց. «Իսկ եթե դուք մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ ձեզ չի ների ձեր հանցանքները» (Մատթ. Զ 15):

Իսկ եթե պոռնկության մեղքը գործես, ապա նախքան հանդերձյալն այստեղ իսկ կչարչարվես մարմնով և հոգով, քանի որ միտքդ որքան ցանկության մեջ լինի, քեզ կտանջի մեղքի կարոտը: Եվ երբ հնազանդվես մեղքին և կատարես քո կամքը, թեպետ և հեշտություն կլինի, սակայն չարչարանքն ավելի շատ կլինի, քան հանգիստը, քանզի խիղճը կտանջի միտքդ, մարդկանցից կպարսավվես, պոռնկության մեղքի համար իրեր կծախվեն և ջանքեր կթափվեն, շատ այլ փորձանքներ` դեղատվության և վիժեցնելու կասկածներ կլինեն: Ինչպես Տերն ասաց. «Ամեն ոք, որ մեղք է գործում, մեղքին ծառա է» (Հովհ. Ը. 34), և առաքյալն ասում է. «Չգիտեք, թե ում համար, որ դուք ձեզ ծառայության մեջ եք դնում հնազանդության համար, ծառա եք, ում որ հնազանդվում եք. եթե մեղքին` մահվան է տանում, իսկ եթե Աստծո հնազանդությանը` արդարության» (Հռոմ. Զ 16):

Պարզ է, որ ով ծառա է, ազատ չէ և չի կարող հանգիստ լինել, քանի որ ծառան ստիպված է անընդհատ ոտքի վրա լինել և հարգել իր տիրոջը: Իսկ եթե հոգնի և հանգստանա, ապա վեր կհանեն և կստիպեն ծառայել: Այսպես և ով մեղքին է ծառա, իր ախտին է ծառայում և անընդհատ, որպես դառնացած ստրուկ, ծառայության մեջ է: Սրա համար է առաքյալն ասում. «Արդ, մեղքից ազատագրվածներդ ծառայեցե՛ք արդարության և կունենաք սրբության պտուղներ» (հմմտ. Հռոմ. Զ 18):

Արդ, այս և այլ բազմապատիկ նեղություններ ու հոգնություններ են հասնում մարդուն՝ մեղքին ենթարկվելու պատճառով: Իսկ երբ սրբությամբ և կուսությամբ ապրես, ապա այստեղ իսկ, քանի դեռ մարմնում ես, ուրախ կլինես, միտքդ կզվարճանա, վարձք կակնկալես, ոչ ոք քեզ չի կասկածի և միտքը ցանկության մեջ չի լինի, և այն իրերը, որ մեղանչելու համար պիտի վաճառեիր, դրանք կարիքավորներին կտաս, և այն ջանքերը, որ սին և անշահ մեղքի համար պիտի վատնեիր, հոգուդ համար կօգտագործես և ուրախ կլինես: Ինչպես առաքյալն է ասում. «Իբրև թե տրտմածներ, բայց և շարունակ ուրախ ենք, իբրև թե տնանկներ, բայց և շատերին ենք հարստացնում, իբրև թե ոչինչ չունենք, բայց ունենք ամեն ինչ» (Բ. Կորնթ. Զ 10), նաև` «Հույսով ուրախացեք» (Հռոմ. ԺԲ 12):

Արդ, այս ամենը` աստվածային պատվիրանները, նրա համար ասացինք, որ թեպետ և դժվար է պահելը, սակայն այստեղ իսկ հոգիդ ուրախ է լինում: Եվ ինչն է ավելի մեծ, քան այն, երբ առաքինությունից ուրախություն է լինում, քանի որ Աստված ամեն ինչից մեծ է, իսկ Նրա արքայությունը զարմանահրաշ է, քան երկրավոր վայելքները: Այսպիսին է և այն շնորհից եկող ուրախությունը, որ աղքատասիրության առաքինությունն է, և Աստված է դրոշմում մարդու հոգում: Չկա համեմատելի որևէ այլ առաքինություն, քան այն, երբ գութը տանում է դեպի Աստված, և նորոգվում է հոգին:

Օրինակ, վարձկանը, երբ օրը մթնում է և մերձենում է երեկոն, ուրախ է լինում, քանի որ աշխատանքից կհանգստանա: Այսպես և նա, ով հանուն աստվածային պատվիրանի արհամարհում է երկրավորը, այդ ժամանակ ուրախ է լինում, քանի որ երկրավորից երկինք է փոխվելու, ինչպես որ Դավիթ մարգարեն է ասում. «Երբ պիտի գամ ու երևամ Աստծո առաջ» (Սաղմ. ԽԱ 3):

Արդ, բարի գործերը թեպետ և հոգնությամբ են լինում, սակայն այստեղ իսկ մարմնին մեծ հանգստությունեն բերում: Սրա համար է Տերն ասում. «Ով իմ ետևից է գալիս և իմ կամքը կատարում, հարյուրապատիկ պիտի ստանա և հավիտենական կյանքը պիտի ժառանգի» (հմմտ. Մատթ. ԺԹ 28-29), և առաքյալն ասում է. «Իբրև թե ոչինչ չունենք, բայց ունենք ամեն ինչ» (Բ Կորնթ. Զ 10), նաև` «Ուր որ Տիրոջ Հոգին է, այնտեղ ազատություն է» (Բ Կորնթ Գ 17):

Իսկ մեղքի ճանապարհը, թեպետ և ժամանակավորապես հեշտ է թվում, սակայն մեծ հոգս է, քանի որ մեղքի համար քիչ չեն վճարում, այլ` ցանկությամբ, հոգով և աշխատությամբ, սպանությամբ, պոռնկությամբ և ընչասիրությամբ, ինչպես Տերն ասաց. «Ամեն ոք, որ մեղք է գործում, մեղքին ծառա է» (Հովհ Ը 34): Ա՜խ, անօգուտ և անիմաստ ծառայություն, ինչպես Սողոմոնն է ասում. «Գինեմոլն ու բոզարածը պիտի աղքատանան, և քնի մեջ թմրած ամեն մարդ պիտի քրջոտ հանդերձ հագնի» (Առակ. ԻԳ 21): Եվ մտքով մեղանչելն ավելի շատ է տանջում. նախ, մարմնում է ատելություն, իսկ հետո հոգում է ատելություն, նախանձ, վրեժխնդրություն, բարկություն, հպարտություն:

Սրա համար է Աստված սահմանել, որ արդարության ճանապարհն ուրախություն է և խաղաղություն, և մեղքի ճանապարհը տրտմություն է և ալեկոծություն: Ուստի մարդը չի կարող պատճառաբանել և ասել, թե սխալ ճանապարհը ամբողջովին ուրախություն և հանգստություն է, դրա համար գնացի դրանով, և չի կարող պատճառաբանել և ասել, թե Արդարության ճանապարհը ամբողջովին անհանգիստ էր, դրա համար չկարողացա գնալ դրանով:

Հոգևոր ճանապարհն է խաղաղություն, ինչպես վկայում է մարգարեն. «Քո օրենքը սիրողները մեծ խաղաղության մեջ են, և նրանց համար չկա գայթակղություն» (Սաղմ. ՃԺԸ 165), նաև Սողոմոնն է ասում. «Լավ է մի պատառ համով հացը խաղաղությամբ, քան միս ու բարիքով լի տունը թշնամությամբ» (Առակ ԺԷ 1): Իսկ մեղքի ճանապարհի մասին մարգարեն ասում է. «Իսկ անօրենները պիտի ծփան ծովի նման և հանգիստ չգտնեն» (Եսայի ԾԷ 20), նաև` «Ամբարիշտների համար խաղաղություն չկա» (Եսայի ԾԷ 20):

Օրինակ, նավը լողում է ծովում ընդդեմ կուտակված ալիքների և սաստիկ հողմի, իսկ նավավարը ամեն կողմից զգուշանում է: Եթե չափից ավելի բեռ վերցրած լինի, ապա նավը կընկղմվի և բեռից դատարկված` հողմերի կողմից կքշվի, եթե մի փոքրիկ անցք լինի, որ ջուրը կարողանա ներս մտնել, ապա նավը կխորտակվի: Արդ, ըստ այս օրինակի՝ ծովն աշխարհն է, հողմերը և ալիքները մարդկային փորձություններն են և սատանայի պատրաքները, նավավարը կամքը և միտքն են: Այսպիսով, պետք է ամեն կողմից զգուշանալ, ինչպես առաքյալն է ասում. «Աստծո սպառազինությունը հագեք, որպեսզի կարողանաք ընդդիմանալ սատանայի հնարանքներին» (Եփես. Զ 11):

Եվ թո´ղ փրկի մեզ Տեր Աստված և արժանի անի կատարել իր կամքը, և Նրան փառք և երկրպագություն, հավիտյանս. ամէն:

(Բնագիրը` «Մատենագիրք Հայոց» - ի)
Գրաբարից փոխադրեց` Լուսինե Թումանյանը
Աղբյուր՝ Qahana.am