Այսպէս է ասում Տէրը. «Իսկ վերին իմաստութիւնը նախ՝ սուրբ է եւ ապա՝ խաղաղարար, հեզ, բարեացակամ, լի ողորմածութեամբ եւ բարի գործերով, մաքուր խղճմտանքով, առանց կեղծաւորութեան: Արդարութեան պտուղը խաղաղութեամբ է սերմանւում նրանց համար, ովքեր խաղաղութիւն են անում» (Հակոբոս 3:17-18)

Երուխան

Երուխան (իսկական անունը՝ Երվանդ Պողոսի Սրմաքեշխանլյան, 1870, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1915, Խարպուտ, Թուրքիա), արևմտահայ գրող, հրապարակախոս, թարգմանիչ և մանկավարժ, Մեծ Եղեռնի զոհերից։

Ծնվել է 1870 թվականին Կոստանդնուպոլսում։ Սովորել է ծննդավայրի Ներսեսյան և Կեդրոնական վարժարաններում։ 1890 թվականից աշխատել է «Արևելք» խմբագրությունում։ 1891-1896 թվականներին «Արևելք»-ի և «Մասիս»-ի էջերում հրատարակել է մի շարք նովելներ՝ շարունակելով ու զարգացնելով 1880-ական թվականների արևմտահայ ռեալիստական գրականության ավանդույթները։ 1896 թվականի հայկական կոտորածների օրերին տեղափոխվել է Բուլղարիա, 1904 թվականին անցել Եգիպտոս։ Տարագրության մեջ (1899-1908) շարունակել է գրական, խմբագրական աշխատանքը, զբաղվել մանկավարժությամբ (Վառնայի, Ալեքսանդրիայի, Կահիրեի ազգային վարժարաններում)։ Գաղթական, Ե. Գաղթական, Աշուղ ծածկանուններով Կոստանդնուպոլսի «Բյուզանդիոն» թերթում հոդվածներ է տպագրել հայ գաղթականների կյանքից։ 1908 թվականին Երիտթուրքական հեղափոխությունից հետո, վերադարձել է Կոստանդնուպոլիս, նշանակվել է «Արևելք» թերթի խմբագիր, միաժամանակ դասավանդել ազգային Կեդրոնական, իսկ 1913 թվականից՝ Խարբերդի ազգային վարժարաններում։ Թուրքերի ձեռքով սպանվել է Ծովք գյուղի մոտակայքում 1915 թվականին՝ Մեծ Եղեռնի ժամանակ։

Երկերը մամուլում

1891-1896 թվականներին «Արևելք»-ի և «Մասիս»-ի էջերում տպագրված նովելներ՝

«Պապուկը», «Մեզատճին», «Հյուծախտավորը», «Լվացարարուհին», «Գինովին վարձը», «Ձուկին փոխարեն»

«Կաղընդչէքը» - պատմվածք 1900, տպագրվել է «Շավիղ» հանդեսում

«Սայլորդը» - պատմվածք 1900, տպագրվել է «Շավիղ» հանդեսում

«Արյան ուժը» - պատմվածք 1900, տպագրվել է «Շավիղ» հանդեսում

«Գաղթականները» - անավարտ վեպ 1900, տպագրվել է «Շավիղ» հանդեսում

«Ամիրայի աղջիկը» - վեպ 1900, տպագրվել է «Արևելք» թերթում

Երկերի մատենագիտություն

Կեանքին մէջ, Կ. Պոլիս, 1911, 96 էջ:

Ամիրային աղջիկը, Կ. Պոլիս, 1929, 480 էջ:

Հարազատ որդի… (վէպ), Ալէքսանդրիա, 1936, 148 էջ:

Ամիրային աղջիկը, Պէյրութ, 1938, 488 էջ:

Թռուցիկ յիշատակներ, Գահիրէ, 1941, 24 էջ:

Ամիրային աղջիկը, Գահիրէ, 1942, 488 էջ:

Պատմուածքներ ժողովրդական կեանքէ, Փարիզ, 1942, 256 էջ:

Նովելներ, Երևան, 1946, 226 էջ:

Ամիրայի աղջիկը, Երևան, 1949, 442 էջ:

Հարազատ որդի… (վէպ), Պէյրութ, 1951, 115 էջ:

Հարազատ որդի… (վէպ) եւ պատմուածքներ, Հալէպ, 1953, 418 էջ:

Պատմուածքներ, Պէյրութ, 1953, 220 էջ:

Նովելներ, Երևան, 1965, 438 էջ:

Պատմուածքներ, Պէյրութ, 1967, 452 էջ:

Ամիրային աղջիկը, Պէյրութ, 1971, 433 էջ:

Երկեր. Ամիրայի աղջիկը, Նովելներ, Երևան, 1980, 608 էջ:

Երկեր, Անթիլիաս, 1993, 464 էջ:

Պատմուածքներ ժողովրդական կեանքէ, Պէյրութ, 1993, 207 էջ:

Պատմուածքներ, Վենետիկ, 1996, 104 էջ:

Հարազատ որդի… (վէպ), Անթիլիաս, 2011, 135 էջ:

Ընտիր նովելներ, Երևան, 2015, 200 էջ:

Փոքր Ասիոյ մէջէն, Իսթանպուլ, 2015, 200 էջ:

Թարգմանություններ

Ա. Դոդե «Ջեկ» 1896, տպագրվել է «Արևելք» թերթում

Հ. Մալո «Ընտանիքը» 1894-1895, տպագրվել է «Արևելք» թերթում

Ժ. Լերմինա «Փարիզի գայլերը» 1894-1895, տպագրվել է «Արևելք» թերթում

Ժ. Մարի «Դժգույն աղջիկը» 1894, տպագրվել է «Արևելք» թերթում