Այսպէս է ասում Տէրը. «Եւ կամ ի՞նչ միաբանութիւն Քրիստոսի եւ Բելիարի միջեւ. կամ ի՞նչ առնչութիւն ունի հաւատացեալը անհաւատի հետ. կամ ի՞նչ նմանութիւն ունի Աստծու տաճարը մեհեանների հետ։ Արդարեւ, կենդանի Աստծու տաճար էք դուք» (Կորնթացիներ 6:16)

Սերո Խանզադյան․ «Բաց նամակ ընկեր Նաիրի Զարյանին»

Ապրելով մայրաքաղաքում՝ Սերո Խանզադյանը միշտ իրազեկ է եղել ծննդավայր Գորիսում կատարվող իրադարձություններին: Հատկապես կապված էր Սյունիքի գրողների միավորման և նրա «Սյունիք» թերթի խմբագրության հետ, որը հիմնադրվել էր 1990թ. և դժվարին պայմաններում հրապարակվել գրեթե չորս տարի:

Պարբերականում տպագրվել են Ս.Խանզադյանի մի շարք անտիպ գործեր, նրան նվիրված հոդվածներ:

Թերթի 1993 թվականի թիվ 3(39)-ում տպագրվեց Ս.Խանզադյանի անտիպ նամակներից մեկը՝ «Բաց նամակ ընկեր Նաիրի Զարյանին» վերնագրով՝ «Բացվում են անհայտ էջերը» ընդհանուր խորագրի տակ: Նամակը Խանզադյանը գրել է 1967-ին, որը, սակայն, չի հրապարակվել:

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԸՆԿԵՐ ՆԱԻՐԻ ԶԱՐՅԱՆԻՆ

Հարգելի ընկ.Նաիրի
Ձեր «Մթնոլորտային մտորումներ» հոդվածում(«Սովետական գրականություն», թիվ 4, 1967թ.), որը գրողների համագումարում արտասանած ձեր ճառի նոր խմբագրությունն է, դուք վնասաբեր եղբայրության, միավորում, խումբ-խմբավորում եք հայտնագործում մեր սովետահայ գրականության մեջ, ապա տագնապով գոչում. «Եղբայրությունը» իր ամբողջության մեջ, իր գրական վարքագծով մեր գրականությանը վնաս է տալիս»: Ապա շարունակում եք. «Եղբայրության մթնոլորտը մեզ խանգարում է... Անհատի պաշտամունքը փոխարինում է անհատների պաշտամունքին»:

Այս ի՞նչ հարայ-հրոց է, ընկեր Նաիրի, ի՞նչ տագնապ: Այս ի՞նչ վտանգ է, որ ձեր ասելով՝ «Բոլորն էլ գիտեն, որ եղբայրական մթնոլորտը մեզ խանգարում է ճիշտ գնահատել մեր գրական արժեքները և ստեղծել առաջընթացի համար նպաստավոր պայմաններ: Բոլորն էլ գիտեն, բայց հրապարակավ չեն ասում»: Վախկոտների այս ի՞նչ խումբ եք հայտնագործել դուք: «Չեն ասում,-շարունակում եք դուք,-որովհետև, ինչպես Գերցենն է գրել, բոլորին հայտնի ճշմարտությունը բարձրաձայն ասելը վտանգավոր է: Հայտնի է, որ Սոկրատեսը մահվան դատապարտվեց այդպիսի ճշմարտություն ասելու պատճառով»:

Սա ևս ձեր գործն է: Ստացվում է, որ ձեր հայտնագործած այդ «վտանգավոր եղբայրությունը» կարող է նույնիսկ «Մահվան դատապարտել» որևէ մեկին՝ ճշմարտություն ասելու համար: Ավելին՝ «Եղբայրությունը», ինչպես դուք եք ասում, իր ամբողջության մեջ, իր գրական վարքագծով մեր գրականությանը վնաս է տալիս: 

Ձեր այս գրածը կարդացողը ակամայից հիշում է 1936 թ. ձեր մի հոդվածը, որտեղ ևս դուք ձեր այն ժամանակվա մեր հայ գրականության մեջ հայտնագործել եք «Օձային հետևությամբ թույն արտադրող» խմբակներ, որոնք ձեր ասելով «հակադրվել են խորհրդային գրականությանը»: Դրանք, ձեր որակումներով, «թշնամական խմբեր են՝ նացիոնալիստ քննադատներ... Նացիոնալիզմի անկյունային ճպուռներ, թունավոր սերմեր... Բակունցը և իր լակեյները... Րաֆֆու ռասսայական նացիոնալիզմ... Անասնական շովինիզմի թունավոր ճահիճ»: - Սրանք ձեր գործերն են: Այդ մարդիկ, դարձյալ ձեր ասելով, «դաշնակցական օձի (Բակունցի) ուսերին գցել են խորհրդային գրականության վարպետի շլացուցիչ ծիրանին»:

Եվ ահա այժմ ձեր այդ ծանր որակումներից երեսունմեկ տարի հետո, դուք, ընկեր Զարյան, մեր գրականության մեջ նոր խմբավորում եք հայտնագործում՝ նրանց «Կոլխոզ», «Եղբայրություն», «Միավորում», «Արտոնյալ դաս», Անառարկելիներ» և այլ պիտակներ կպցնելով: Ապա ազդարարում եք, որ դրանք «վտանգավոր են», «վնաս տվող» են, «խանգարիչ» են:

Ահա ձեր գրած երկու հոդվածները՝ 1936-ին և 1967-ին, միևնույն էությունը, երկվորյակ ամբաստանություն: Այսօր դուք հայտնագործել եք «Վնասակար Եղբայրության կորիզը»: Դուք ձեր «Մթնոլորտային մտորումների» մեջ սևով սպիտակի վրա գրում եք. «Սերո Խանզադյանը իր այն հոդվածում, որտեղ նա յուրաքանչյուր ընտրյալ բանաստեղծի դիմաց հիշատակում է համապատասխան արձակագիր, մոտավորապես բացահայտեց եղբայրության կորիզը»:

Դուք գտնում եք, որ «Եղբայրությունը» խանգարում է «ճիշտ գնահատել մեր գրական արժեքները»: Դուք աղմկում եք, թե «Եղբայրության մթնոլորտը մեզ խանգարում է»: Ո՞րն է այդ «մեզ», դա էլ ձե՞ր միավորումն է, որի գոյությանը, տեսեք-տեսեք, «խանգարում է Եղբայրությունը»: Ապա դուք ձեր այդ «մեզ»-ին կոչում եք՝ «լուրջ մտածիր այդ վնասակար, վտանգավոր» խմբավորման՝ «Եղբայրության» դեմ:

Դուք, ընկեր Զարյան, ձեր ասած «լուրջ մտածելու» և «ճիշտ գնահատելու» փորձ ունեք: Վկաներ՝ Բակունց, Չարենց, Ա.Խանջյան, Ալազան, Նորենց, Դ. Սիմոնյան, որոնց ոչնչացնելու կոչ եք արել 31 տարի առաջ: Ձեր փորձից ելնելով՝ հիմա էլ նույն միջոցներն եք օգտագործում ինչ-որ մասնավոր եղբայրության դեմ:

Ապա գրում եք. «Եղբայրությունը իր ամբողջության մեջ, իր գրական վարքագծով մեր գրականությանը վնաս է տալիս»: Այո՛, ձեր ասյ ասածները դուք վերցրել եք 1936-ի ձեր հոդվածից: Մի մոռանաք, որ դուք երեսուներկու տարի անընդմեջ ցեխ էիք շպրտել մեր ազգային արժեքների վրա: Ահա մի օրինակ:

Շատ են պարծեցել երգիչները հայ

* * *
Խավար դարերի գոս մագաղաթով,
Ծեր Նարեկացու մռայլ ճակատով,
Արյունոտ սրով Անդրանիկ փաշի...

Սա տեսեք ձեր «Ամրոց» գրքում՝ հրատարակված 1935-ին: Դուք այսօր էլ փորձում եք նորից քար դնել մեր մագաղաթյա մատյանների վրա, Նարեկացու ու Անդրանիկ Զորավարի վրա:

Դուք գրում եք, թե «Եղբայրությունը» թույլ չի տալիս, որ «մյուսների վրա արև առնի»: Սա պարզապես զրպարտություն է: Սայլը բոռալու տեղ սայլվորն է բոռում:

Ուշքի եկեք:

Աղբյուր՝ ՄԻՐՀԱՎ