Այսպէս է ասում Տէրը. «Ով որ այս պատուիրաններից, փոքրերից անգամ, մի բան ջնջի եւ մարդկանց այդպէս ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ փոքր պիտի համարուի. իսկ ով կատարի եւ ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ նա մեծ պիտի համարուի» (Մատթեոս 5:19)

Երկխոսությունը հավատքի, բանականության և գիտությունների միջև

[...] Գիտության և հավատքի միջև երկխոսությունը նույնպես մաս է կազմում ավետարանման գործին, որը նպաստում է խաղաղությանը։ Գիտապաշտությունն ու պոզիտիվիզմը մերժում են «որպես ճանաչողության վավերական կերպեր ընդունել դրութենական [պոզիտիվ] գիտություններին բնորոշ կերպերից տարբերվող կերպերը»(1)։ Եկեղեցին առաջարկում է մի ա՛յլ ճանապարհ, որը պահանջում է համադրություն կատարել փորձառական գիտություններին բնորոշ մեթոդոլոգիաների պատասխանատու գործածման և մյուս գիտությունների միջև, ինչպիսիք են փիլիսոփայությունը, աստվածաբանությունը, և ինքնին հավատքը, որը մարդկային էակին վերամբարձում է մինչև խորհուրդը, որը գերազանցում է բնությանն ու մարդկային իմացականությանը։ Հավատքը չի վախենում բանականությունից. ընդհակառակն, փնտրում է նրան և վստահություն ունի նրա նկատմամբ, որովհետև «բանականության լույսը և հավատքի լույսը՝ երկուսն էլ բխում են Աստծուց»(2), և չեն կարող հակասել միմյանց։ Ավետարանումն ուշադիր է գիտական ձեռքբերումներին՝ դրանք հավատքի և բնական օրենքի լույսով լուսավորելու համար, որպեսզի միշտ հարգանք դրսևորեն մարդկային անձի կենտրոնականության ու գերագույն արժեքի հանդեպ, մարդկային անձի գոյության բոլոր հանգրվաններում։ Ամբողջ հասարակությունը կարող է հարստանալ այս երկխոսության շնորհիվ, որով նոր հորիզոններ են բացվում մտքի առաջ և ընդարձակվում են բանականության հնարավորությունները։ Սա նույնպես ներդաշնակության և խաղաղության հաստատման ուղի է։

Եկեղեցին մտադիր չէ արգելակել գիտությունների հիանալի զարգացումը։ Ընդհակառակն, ուրախանում է և մինչև իսկ բերկրանքով վայելում է, ճանաչելով այն վիթխարի ունակությունը, որն Աստված տվել է մարդկային մտքին։ Երբ գիտությունների զարգացումը, - ակադեմիական խիստ ճշտապահանջությամբ մնալով իր յուրահատուկ առարկայի ոլորտում և դրանից դուրս չգալով, - ակնհայտ է դարձնում մի որոշակի եզրակացություն, որը բանականությունը չի կարող հերքել, հավատքը չի հակառակվում դրան։ Է՛լ ավելի ակնհայտ է փաստը, որ հավատացյալները չեն կարող պահանջել, որ իրենց հաճելի գիտական մի կարծիք, որը և ո՛չ իսկ բավականաչափ փաստվել ու ապացուցվել է, ձեռքբերի հավատքի դոգմայի կշիռ։ Եվ սակայն, որոշ առիթներով, գիտնականներից ոմանք խախտում են իրենց մասնագիտության ֆորմալ առարկայի սահմանները և կորցնում են իրենց հավասարակշռությունը հաստատումներով կամ եզրակացություններով, որոնք գիտական բուն բնագավառին բնավ չեն վերաբերվում։ Այդպիսի դեպքերում բանականությունը չէ այն, ինչ նրանք առաջադրում են, այլ՝ մի որոշակի գաղափարախոսություն [իդեոլոգիա], որը ճանապարհը փակում է անկեղծ ու վավերական, խաղաղ ու պտղառատ երկխոսության դիմաց։ [...]

Ն.Ս. ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊ, Առաքելական Հորդորագիր «ԱՎԵՏԱՐԱՆԻ ԲԵՐԿՐԱՆՔԸ» («EVANGELII GAUDIUM»), 242-243.

(1) Սբ. Հովհաննես Պողոս Երկրորդ, Կոնդակ «Հավատք և բանականություն» («Fides et ratio»), 88: AAS 91 (1999), 74.
(2) Սբ. Թովմա Աքվինացի, «Ընդդեմ հեթանոսների» («Summa contra Gentiles»), I, VII; հմմտ. Սբ. Հովհաննես Պողոս Երկրորդ, Կոնդակ «Հավատք և բանականություն» («Fides et ratio»), 43: AAS 91 (1999), 39.

Աղբյուր՝ Mashtoz.org