Այսպէս է ասում Տէրը. «Իսկ վերին իմաստութիւնը նախ՝ սուրբ է եւ ապա՝ խաղաղարար, հեզ, բարեացակամ, լի ողորմածութեամբ եւ բարի գործերով, մաքուր խղճմտանքով, առանց կեղծաւորութեան: Արդարութեան պտուղը խաղաղութեամբ է սերմանւում նրանց համար, ովքեր խաղաղութիւն են անում» (Հակոբոս 3:17-18)

Հովհաննես Թումանյան 150

Հովհաննես Թումանյանը մեկն էր այն հեռատես ու ամենատես մտավորականերից, ով Մեծ եղեռնի տարիներին անձնուրաց նվիրվեց իր ժողովրդին և նրա արդար դատի լուծմանը:

Ամենայն Հայոց բանաստեղծը ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին (նոր տոմարով՝ 19-ին), Լոռվա Դսեղ գյուղում: Լոռին կամ ինչպես ասում էին հնում՝ Գուգարաց աշխարհը, պատմական Հայաստանի ամենաչքնաղ վայրերից է: Ինչպես Ավետիք Իսահակյանն է գրում. «Լոռին նահապետական մի ինքնամփոփ աշխարհ է, հեքիաթի, առասպելի մի վիպաշխարհ, դյուցազնական աշխարհ. նրա ամեն մի անկյունը՝ ավանդավեպ, ամեն մի քարը՝ խոսող հերոսական անցյալից»:

Ահա այս բնաշխարհում է անցել Թումանյանի մանկությունը:

Ըստ տոհմական ավանդության՝ Թումանյանները Լոռու Մամիկոնյանների տոհմի շարունակողներն են եղել: Թումանյանն իրեն ևս համարել է Մամիկոնյաններից սերված և նրա նամակների մի մասը վերնագրված է «Հովհաննես Թումանյանց Մամիկոնյան» կնքադրոշմը:

Թումանյանը մեծ ընտանիք ուներ: Նրա չորս որդիները և վեց դուստրերը կրթված, զարգացած մարդիկ են եղել, ովքեր այս կամ այն չափով կրել են իրենց հոր տաղանդի արտացոլքը: Հովհաննես Թումանյանը տառաճանաչ է դառնում հոր, ապա՝ հորեղբոր մոտ: Հայրը՝ տեր Թադևոսը, որդուն տանում է Էջմիածին` Գևորգյան ճեմարանում սովորելու, բայց տեսնելով սաների գունատ ու մեռելատիպ դեմքերը հետ է բերում Ջալալօղլու /այժմ Ստե¬փանավան/ նորաբաց երկսեռ դպրոց: Ջալալօղլու դպրոցը լուրջ դեր է խաղում Թումանյանի կյանքում. այստեղ նա սկսում է իր գրական առաջին փորձերը, գրում է երգիծական, հայրենասիրական և սիրային ոտանավորներ:

1883 թվականի սեպտեմբերին Թումանյանը Թիֆլիսում էր: Ընդունվում է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի 2-րդ դասարան, որտեղ սովորում է երեք տարի: Այդ տարիների ընթացքում Թումանյանը անհագ ծարավով սկսում է կարդալ ռուս, եվրոպացի և հայ դասակաների ստեղծագործությունները: Ապագա բանաստեղծի համար կարևոր է եղել Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի», Րաֆֆու «Սամվել» վեպերը, Մ. Նալբանդյանի գեղարվեստական ստեղծագործություններն ու հոդվածները:

Թումանյանի տանն է հիմնվել «Վերնատուն» գրական խմբավորումը. այնտեղ են հանդիպել նշանավոր դեմքեր Աղայանն ու Պռոշյանը, Կոմիտասն ու Փափազյանը և այլք:

Մեր պատմության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Թումանյանի ազգային և որբախնամ գործունեությունը:

Թումանյանի ազգային գործունեությունը ցեղասպանության տարիներին առանձնանում է հատկապես մշակույթի գործիչների պատմության մեջ: Այն բացառիկ է, եզակի, ընդ որում ոչ միայն հայ մշակույթի, այլ նաև համաշխարհային պատմության մեջ. անձնազոհության այդպիսի օրինակներ քիչ են մեր պատմության մեջ ինչպիսին է Թումանյանի օրինակը: Նա գիտակցաբար իր կյանքը վտանգի ենթարկելով ընտրում է այդ ճանապարհը՝ ամբողջությամբ նվիրվելով իր ժողովրդի ճակատագրին՝ չբաժանվելու պայմանով, իր ողջ ընտանիքի հետ կիսելով հային բաժին հասած յուրաքանչյուր դառնություն: Թումանյանն իր ամբողջ ներաշխարհարով կապվում է հայոց պատմական ճակատագրին, այլևս երբեք չբաժանվելու պայմանով:

1903 թվականին փակվեցին հայկական դպրոցները, գրավվեցին հայոց եկեղեցապատկան կալվածքները, ծայր առան զինված խռովություններ: Իսկ արդեն 1905-1907թթ. սկսվեց ռուսական առաջին հեղափոխությունը և հայ թուրքական արյունալի ընդհարումները:

Թումանյանն այստեղ անձամբ մասնակից եղավ հայ ժողովրդի ճակատագրի տնօրինման գործին: Նա իր ձեռքն առավ իրար դեմ կանգնած ժողովուրդներին հաշտեցնելու դերը, զենքը ձեռքին դուրս եկավ ասպարեզ: Ինչպես ինքն է գրում իր օրագրերում «…Ինչպես պիտի ծիծաղեիք, երբ ինձ տեսնեիք լեռներում պատրոնդաշները գցած, զինված ոտից գլուխ, հարյուրավոր ձիավորներով ու ճերմակ դրոշակով»:

1908 թվականի դեկտեմբերին հակապետական գործունեության մեղադրանքով հայտնվեց Մետեխի բերդում՝ հայ-թուրքական ընդհարումների ժամանակ իր ազնիվ ու անձնվեր գործունեությունը ծավալելու պատճառաբանությամբ: Ինչպես ինքն է իր նամակներից մեկում գրել «Էսպես է եղել աշխարհիս բանը՝ լավությունն էլ է պատժվում, էն էլ ավելի շատ…»: Ճակատագրի հեգնանքով նրա ծննդյան 40-ամյակը բանտում լրացավ. Այդ առթիվ գրել է «Վայրէջք» բանաստեղծությունը: Բանտում է ստեղծվել հայ գրականության ամենածիծաղաշարժ ու ամենատխուր էջերից մեկը՝ «Մի կաթիլ մեղրը»:

Բանաստեղծի իմաստուն ու վեհ ըմբռնումները տարիներ հետո դառնալու էին նրա քառյակները:

Բանտում յոթ ամիս անցկացնելուց հետո գրավով ազատվում է մինչև դատավարություն: Սակայն 1911-ի նոյեմբերին նորից ձերբակալվում:

1914 թվականին, երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, հայ ժողովրդին և նրա բանաստեղծ զավակին սպասում էին էլ ավելի զարհուրելի, դժոխային ժամանակներ: Թումանյանն այդ օրերին ընտանիքի, հարազատների և մտերիմների հետ գտնվում էր Ձաղվերում: Նա շուտափույթ վերադառնում է Թիֆլիս և անդամակցում 1914թ. հոկտեմբերին ստեղծված «Պատերազմից վնասվածներին օգնող կոմիտեի»-ին, որը մշակութային և հոգևոր գործիչների մասնակցությամբ ծավալում է լայն գործունեություն:

1914-1915թթ. Թումանյանի հասարակական ողջ գործունեությունը կապվում է հիշյալ ընկերության կենտրոնական կոմիտեի հետ: Դեռ պատերազմից շատ առաջ «Հայոց հարցն ու իր լուծումը» հոդվածում Թումանյանը գրել էր. «Եվ նա՝ Թուրքիան, դիմել է, դիմում է և կդիմի ամենահրեշավոր միջոցների՝ վերջ դնելու էդ ժողովրդին իր հարցի հետ միասին, հայի հայրենիքի ու ազգային իրավունքների խնդիրը ընդմիշտ փակելու համար»:

Ի խորին դժբախտության հայ ժողովրդի՝ այդպես էլ եղավ: Թումանյանն այն սակավաթիվ գործիչներից էր, որ եղավ ռազմաճակատում, իր ընկերների հետ շրջեց պատերազմի վայրերում:

Ամենայն հայոց բանաստեղծը երկու անգամ եղավ Արևմտյան Հայստանում՝ 1914 և 1915 թվականներին: Նա իր աչքերով տեսավ Ցեղասպանությունը: Այդ տարիների ընթացքում իր հետ պահում էր օրագրեր, որոնք այսօր էլ ցեղասպանության պատմությունը կերտելու համար վավերագրեր են, ընդ որում շատ կարևոր:

Օրագրերում վերակենդանանում է ծանր տարիների պատկերը. «Կոտորածներ, թուրքերի դաժանություների վկայություններ, հայ որբերի ճակատագրեր: Եվ այս ամենը արտացոլված հայրենիքի ապագայով մտահոգված հայ երիտասարդ, հայ մարդու խոհերում»:

Երբ 1915 թվականի ապրիլին Թիֆլիս է հասնում կոտորածի բոթը, Թումանյանն առաջինն է ձեռնամուխ լինում հայ գրողների ընկերությանը կոչ գրել, հրապարակել և աշխարհի տարբեր երկրների գրողներին իմաց տալ: Բռնկուն բնավորության տեր Թումանյանն այնքան է ոգևորվում, որ հրապարակում է մայիսի 10-ին «Վան ու Երևան» հոդվածը: Մեծ լավատեսն այնպես էր մտածում, թե ամեն ինչ վճռվեց հօգուտ հայության:

Հուլիսի 23-ն էր. Թիֆլիսի ամառանոցում հյուծված, հիվանդ Թումանյանին է հասնում բոթը՝ Վանը հանձնվել է թշնամուն և ծովածավալ գաղթականությունը բռնել է Իգդիրի և Էջմիածնի ճամփան:

1915-ին է գրել «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը: Ո՞վ կարող էր 1915-ին ասել՝ իմ նոր հայրենիք, հզոր հայրենիք: Այդ տարիներին բոլորի շուրթերից անեծք էր հնչում, մռայլություն էր տիրում, իսկ Թումանյանն ասում էր՝ «Ու պոետներ, որ չեն պղծել իրենց շուրթերն անեծքով, պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով»:

Նա պետք է լիներ այնտեղ, որտեղ իր հայ ժողովուրդն էր: Հուլիսի 30-ին Թումանյանն իր դստեր հետ արդեն Էջմիածնում էր:

Նա անմիջապես ստանձնում է գաղթականների և որբերի օթևանի, խնամքի, նրանց սնունդով ապահովելու գործին: Թումանյանի հաստատուն ջանքերի շնորհիվ բացվում է 5 հիվանդանոց` 500 մահճակալով, որբանոց` 3000 երեխայի համար: Թումանյանն այդ փոքրիկ, բախտահալած որբերի պաշտպանն ու գուրգուրացողն է եղել, և նրանց կողմից անվանվել է «մեծ բանաստեղծ հայրիկ»:

Իր օրագրում Թումանյանը վկայում է, որ որբանոցի երեխաներից հիվանդանում էին միայն նրանք, ովքեր իրենց այցելող ծնողներ ունեին, այսինքն՝ վարակը թափանցում էր դրսից։ «Երեխաների մեջ հիվանդության դեպքեր պատահում են գրեթե բացառապես նրանց մեջ, որոնք հեր ու մեր ունեն, գնում են գալիս.... որբերի մեջ ոչ մի հիվանդություն չկա»:

Թումանյանին, այդ օրերի մղձավանջն ավելի լավ ոչ ոք չէր կարող ներկայացնել ինչպես ինքն է պատմում իր «Էջմիածնում ծոցատետրային» գրառումները, «Հիշողություններ Էջմիածնի որբանոցից» հրապարակումը և Զապել Եսայանի գրած նամակը, Վահան Թոթովենցի, Նվարդ Եգիբյան Բաղդասարյանի, Նվարդ Թումանյանի հուշերը: «Էջմիածինն այն ժամանակ մահաստան էր: Որևէ մշակութային գործիչ այդտեղով չէր անցնում: Հանճարեղ Սարյանը, որ դրամական օգնություն էր Էջմիածին հասցրել, մի քանի րոպե այնտեղ գտնվելով՝ ուշագնաց է լինում»:

Երեխաներից շատերը նրան հայրիկ էին կոչում: Թումանյանի գրառումներից. «Երեխաներից ոմանք էնպես են սովորել, որ ճաշելուց հետո էլ փեշերս բռնում են (թեև հագնված են, պատսպարված և կերակրված) հայրիկ ես որբ եմ, նա հեր ունեմ, նա մեր» : «…Որ ասում էին նոր շորեր պիտի կարենք ձեզ համար, էստեղից-էնտեղից գլուխ էին բարձրացնում. - Հայրի՛կ, ինձ համար կարմիր հալավ կարեցե՛ք…»

Շատ ուշագրավ են Նվարդ Թումանյանի հուշերը. «Օգոստոսի 19-ի գիշերն էր: Արարատյան դաշտի անմոռանալի ծանր գիշերը… Հայրիկս սև թիկնոցով, կեպին գլխին, շտապ դուրս եկավ սենյակից՝ գաղթականությունը շենքերում պատսպարելու, վազում էր կետից կետ, վրանից վրան… մի մեռնողից դեպի ուրիշ մեռնողը: Կարգադրում էր, հրամայում, հայհոյում, կշտամբում, ժպտում, շոյում, զայրանում: Մի օր էլ, տեղատարափ անձրևին, նա վազեց, բռնի կերպով բաց արավ նոր կառուցվող հայրապետական վեհարանը, որը մինչ այդ անձեռնմխելի էր: Գաղթականները լցվեցին ներս: Զայրացած կաթողիկոսը կշտամբում է պոետին, ասելով. - Դուք գիտեք , որ ես Ամենայն Հայոց Կաթողիկոսն եմ… Թումանյանը պատասխանում է.- Գիտեք , որ ես էլ Ամենայն Հայոց Բանաստեղծն եմ»:

Սա թերևս ամենամեծ գնահատականն է, որին ակամա արժանացրել է ինքն իրեն բանաստեղծը: Եվ Ամենայն Հայոց բանաստեղծն է, որ ուներ իր ժողովրդին հոգեհանգիստ կարդալու բարոյական մեծ իրավունքը.

Կանգնեցի խոժոռ, մենակ ու հաստատ, Մասիսի նըման,
Կանչեցի թըշվառ էն հոգիներին՝ ցըրված հավիտյան
Մինչև Միջագետք, մինչև Ասորիք, մինչև Ծովն հայոց,
Մինչև Հելլեսպոնտ, մինչև Պոնտոսի ափերն ալեկոծ:

Եվ իր վերջին հանգիստը կարդալու իր ազգի անբախտ զոհերին

- Հանգե՛ք, իմ որբե՛ր... իզո՛ւր են հուզմունք, իզո՛ւր և անշահ...
Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպես կը մնա... Էջմիածնում անցկացրած բանաստեղծի օրերրը տառապալից են եղել:

Լեոն գրել է. «Հովհաննես Թումանյանն այդ դժոխքի մեջ է գործում, բարեբախտաբար չի գժվում»:

Իսկ Զապել Եսայանի գրված նամակում ասվում է՝ չի գժվում, բայց ահա թե ինչ օրն է ընկնում. «… մի ծանր թախիծ ճնշում է է սիրտս շարունակ: Շատ բան է խորտակվել ինձ համար աշխարհում, և աշխարհքը շատ ցավերով է լցված արդեն: Շատ բան կա, որ էլ չեմ սիրում, բաներ էլ կան, որ սիրում եմ, բայց տեսնել չեմ կարող: Օրինակ, էն օրվանից հետո, որ տեսա մորս՝ սպանված եղբորս դիակի վրա, և մյուս սպանված եղբորս էլ թաքցրեցինք, որ նա չիմանա, այլևս չեմ կարողանում տեսնել նրան-իմ մորը»:

Թումանյանը երախտագիտությամբ է մտաբերում մղձավանջային օրերին, անսահման անձնվիրությամբ որբախնամ գործին նվիրված հայ կանանց: «…Հիշում եմ էն մանկական կմախքների խիտ-խիտ ու երկար շարքերը, երբ կերակրելու համար նստեցնում էին վերահսկող տիկիններն ու օրիորդները, որոնք ազատարար ոգիների նման, անդադար պտտվում էին նրանց վրա, ոտից գլուխ ճերմակ վերնաշապիկներ հագած, ցավից՝ ու անտանելի ծանր օդից ու հոտից գունատված, դալկացած տիկիններն ու օրիորդները…»:

Այդ պահապան հրեշտակների թվում էր նաև Թումանյանի դուստրը` Նվարդը, ով արհամարհելով ամեն մի դժվարություն, անձնվիրաբար ծառայում էր իր ժողովրդի փրկության գործին: Եղբորը` Արտիկին, գրած նամակից. «Հայրիկն ու ես պատրաստվում ենք, հիմա գնալու ենք Երևան: Որբանոցի երեխաներից հարյուր քսանհինգ հոգի պիտի փոխադրել Երևան, քառասուներեք ծծկեր երեխա կա, պահող չկա: Գաղթականներն արդեն ցրվում են. որբերը նորից շատացել են… Ճեմարանը հիվանդանոց են դարձրել: Հայրիկը շատ գոհ է… հոգնել է, բայց գործը կիսատ թողնել չի կարող»:

1915 թվականի գարնանը Հովհաննես Թումանյանը ձեռնամուխ է լինում նաև մանկապատանեկան հայրենագիտական խաղեր ստեղծելուն: Այդ մասին բանաստեղծը գրում է նամակներից մեկում. «…Էսպես վշտի ժամանակ մարդիկ կան, որ իրենց գինուն են տալիս, մարդիկ կան` թղթախաղի կամ զանազան ուրիշ առաքինությունների, ես էլ էս բաներով եմ զբաղվում պարապ ժամանակս: Թե օգուտ չտան, վնաս իսկի հո չեն տալ»:

Այսինքն բանաստեղծը ցանկանում էր, որ խաղերի միջոցով երեխաներն ու պատանիները ճանաչեն ու սիրեն իրենց հայրենիքը. «Սիրեն ոչ թե կույր ազգասերի սիրով, այլ գիտակից, ինտելիգենտ մարդու սիրով, որ սերն ազնիվ լինի, առողջ ու բովանդակալի»: Բանաստեղծի զավակները միմյանց չեն զիջել իրենց նվիրվածությամբ ու ճակատագրի մտահոգությամբ: Երբ 1917թ. դեկտեմբերին, ռուսները հեռանում էին ռազմաճակատից՝ հայերին թողնելով բախտի քմահաճույքին, Անդրանիկը զինվորագրելու կոչ է անում՝ յուրաքանչյուր հայ ընտանիքին զինվոր տալ հայրենիքին ծառայելու համար: Անդրանիկի կոչին առաջին արձագանքողներից մեկը եղավ հենց Թումանյանը:

Թումանյան ասում է. «Չորս որդի ունեմ, չորսն էլ քեզ զինվոր, չորս դուստր ունեմ, չորսն էլ քեզ գթության քույր բանակում»: Անդրանիկին ուղղված Թումանյանի նամակում ասվում է.. «Սիրելի՛ Անդրանիկ, ահավոր մոմենտի առջև ամեն մարդ պետք է ընդհանուրի սեղանին բերի ինչ որ ունի և կարող է` թե՛ վերահաս վտանգը կանխելու, թե՛ բաղձալի խաղաղության հասնելու համար: Ես չորս տղա ունեմ, չորսն էլ Երկրի կառավարության Ազգային խորհրդի և քո տրամադրության տակ են, իսկ չորս աղջիկներս էլ պատրաստակամ գնում են թիկունքի աշխատանքներին, ինչի որ ընդունակ կլինեն»:

Մեծ է եղել բանաստեղծի դերը մի շարք հասարակական կազմակերպությունների գործում: 1917-1918թթ. հայկական գրեթե բոլոր գավառներում գործում էին «Հայրենակցական միություններ», որոնց խնդիրն էր օգնել պատերազմից տուժածներին և գաղթականներին, հավաքել հանգանակություններ, վարել բանակցություններ տարբեր կազմակերպությունների հետ աջակցելու համար: Աշխատանքը կենտրոնացնելու և ճիշտ կազմակերպելու նպատակով 1918թ. մարտին Թիֆլիսում ստեղծվեց «Հայրենակցական միությունների միություն», որի խորհրդի անդամ ընտրվեց Թումանյանը, այնուհետև 1918 թվականի նոյեմբերի 21-ին, Թիֆլիսում գործող մի շարք հայրենակցական միությունների նախաձեռնության և նախապատրաստական որոշակի աշխատանքների արդյունքում, ստեղծվում է «Համաշխարհային պատերազմից հայ ժողովրդի կրած վնասների քննիչ հանձնաժողով», որի նախագահ է ընտրվում Հովհ. Թումանյանը: Նրա գլխավորությամբ հանձնաժողովը կարճ ժամանակաընթացքում կատարում է հերոսական աշխատանք. կողոպտված և անօթևան հազարավոր հայերից հավաքում, խմբավորում, իրավական տեսքի է բերում հսկայածավալ փաստական նյութ և դրանք տրամադրում Փարիզում հրավիրվելիք Խաղաղության կոնֆերանսի պատվիրակությանը:

1923 թվականի մարտի 23-ին, երբ եկել էր ճակատագրական պահը՝ ասել է զավակներին. «Ղոչաղ կացեք…»: Սա եղավ բանաստեղծի արտաբերած վերջին խոսքը:

Թումանյանն ապրեց ոչ այնպես, ինչպես կուզենար, այլ այնպես, ինչպես թելադրում էր իր ժողովրդի ճակատագիրը, անում ամեն ինչ, որ կարող էր՝ առանց իր կարողությունների սահմանն իմանալու:

Քրիստինե Նաջարյան
Կրթական ծրագրերի բաժնի վարիչ


Հովհ. Թումանյան, 1914 թ.

Հովհ. Թումանյան, 1915 թ.

Հովհ. Թումանյան, 1915 թ.

Հովհ. Թումանյանը զավակների հետ, Թիֆլիս, 1914 թ․

Հովհ. Թումանյանը դստեր՝ Նվարդի հետ, Թիֆլիս, 1919 թ․

Թումանյանը դստեր՝ Աշխենի հետ


Թումանյանները Ձաղվերում. ձախից՝ Արեգ, Արփիկ, Համլիկ, Սեդա, Օլգա, Թամար, Հովհ. Թումանյան, Նվարդ, Անուշ, 1914 թ․

Թումանյանը կնոջ՝ Օլգայի հետ, Թիֆլիս, 1915 թ․

Վերնատան անդամները՝ Հովհ. Թումանյան, Ղ. Աղայան, Ավ. Իսահակյան, Դ. Դեմիրճյան, Լ. Շանթ, Թիֆլիս, 1903 թ․

Հ. Թումանյանն ընտանիքի անդամների հետ, Թիֆլիս, 1914 թ

Աջից նստած են՝ Ն. Աղաբալյանը, Ղ. Աղայանը, Ավ. Իսահակյանը, Ռ. Զարգարյանը, Ֆ. Վարդազարյանը, Ն. Մառը, Ստ. Լիսիցյանը, Դ. Դեմիրճյանը,
կանգնած են՝ Լ. Շանթը, Հովհ. Թումանյանը և ընտանիքի անդամները Վերնատան պատշգամբում, 1902 թ․

Թումանյանի ընտանիքը
Ձախից նստած են՝ Արփիկ, Թումանյան, Սեդա, Աշխեն, Օլգա Թումանյան, Թամար, Անուշ
Կանգնած են՝ Արտավազդ, Նվարդ, Արեգ, Մուշեղ, Համլիկ
Թիֆլիս, 1915 թ․

Թումանյանը և դուստրը՝ Նվարդը, գթության քույրերի և որբերի հետ, Էջմիածին, 1915 թ․

Թումանյանը գթության քույրերի հետ, Էջմիածին, 1915 թ․

Էջմիածին, 1915 թ․

Էջմիածին, 1915 թ․

Ցեղասպանությունից փրկված որբերը և նրանց խնամող գթության քույրերը, Էջմիածին, 1915 թ․

Ցեղասպանությունից փրկված որբերը, 1915 թ․

Ճեմարանի շինության մեջ գտնվող որբանոցի առողջ երեխաների ցուցակ կազմված Հովհ. Թումանյանի ձեռքով

Հովհ. Թումանյանին հասցեագրված խնդրագիր, Էջմիածին, 1915 թ

Հովհ. Թումանյանին հասցեագրված խնդրագիր, Արիստակես Աբրահամյանի և ուսուցիչների կողմից, Էջմիածին, 1915 թ․

Հովհ. Թումանյանին հասցեագրված խնդրագիր, Էջմիածին, 1915 թ․

Հովհ. Թումանյանին հասցեագրված խնդրագիր, Սահակ Մարտիրոսյանի կողմից Էջմիածին, 1915 թ․

Հովհ. Թումանյանին հասցեագրված խնդրագիր, Էջմիածին, 1915 թ․

«Համաշխարհային պատերազմից հայ ժողովրդի կրած վնասների քննիչ հանձնաժողով»-ի գործունեության փաստաթուղթ, 1919 թ․

Խաղաղության վեհաժողովի բացումը Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության ժամացույցի սրահում, հունվար, 1919 թ․

Թումանյանի աշխատասեղանը

Թումանյանի աշխատասենյակը

Թումանյանի հավաքածուները

Հ. Թումանյանի թանաքամանը

Հ. Թումանյանի սրտի արկղը

Թումանյանի 50-ամյակի կրծքազարդը

Հովհ. Թումանյանի առաջին գրապահարանը

Թումանյանի կոստյումը

Թումանյանի կոշիկները

Թումանյանի խալաթը

Հովհ. Թումանյանի ձեռնափայտը

1.Լևոն Հախվերդյան, Թումանյանը և հայոց պատմական ճակատագիրը, Երևան, 2000:
2.Հովհաննես Թումանյան, ընտիր երկեր, I հատոր, 1985:
3.Նվարդ Թումանյան, «Հուշեր եւ զրույցներ», Լույս, Երևան, 1969:
4.«Թումանյանը ժամանակակիցների հուշերում», Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն, Երևան, 1969:
5.Սուսաննա Հովհաննիսյան, «Պատմություններ Հովհաննես Թումանյանի կյանքից», Ծիծեռնակ, Երևան, 2010 թ.:
5.Հովհաննես Թումանյան, ընտիր երկեր, VII հատոր, 1985:
6.Անի Եղիազարյան, Հայկական հարցն ու իր լուծումը ըստ Հովհ. Թումանյանի, Երևան, 2015:

Լուսանկարներ՝ ՀՑԹԻ հավաքածու, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան

Աղբյուր՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ