Այսպէս է ասում Տէրը. «Խոնարհուեցէ՛ք Աստծու հզօր ձեռքի տակ, որպէսզի ժամանակին նա ձեզ բարձրացնի։ Ձեր բոլոր հոգսերը նրա վրայ գցեցէ՛ք, որովհետեւ նա է, որ հոգում է ձեր մասին» (Պետրոս 5:6-7)

Ինչ է սերը. սիրել՝ ուրիշին բարին կամենալ

Յուրաքանչյուրին՝ իր չափով: Ամենևին էլ պարտադիր չէ, որ այն, ինչ ինձ դուր չի գալիս, ոչ ոքի դուր չի գա: Եվ հակառակը՝ ամենևին էլ փաստ չէ, որ այն, ինչ ինձ է դուր գալիս, անպայման քեզ էլ պետք է դուր գա: Այդ պատճառով էլ ազատ ընտրության հնարավորություն ունենք՝ ինչ լսել, ինչ հաղորդում դիտել, ինչ սիրել, ինչպիսի երաժշտություն լսել: Մենք անկարող ենք ուրիշներին փոխել: Այդպես չէ՞:

Բայց չնայած այդ տարաձայնություններին, հայացքների տարբերությանն ու միմյանցից տարբերվելուն, կա մի բան, որ պետք է բոլորիս միավորի: Դա սերն է: Եվ թող այն չցամաքի մեր հոգիներում: Թող սերը միշտ մեր միջև լինի և իրար միացնող ամրակապի պես մեզ միասին պահի: Այնժամ ոչ մի հարցում հակամարտություն չենք ունենա: Այս կյանքում ոչ ոքի հետ և ոչ մի առիթով թշնամություն չենք անի: Չէ որ ընդհանուր ցավն ու ընդհանուր թշնամին՝ մահն է մեզ միավորում: Եվ կյանքի, հարության, երջանկության և ուրախության ընդհանուր ձգտումը: Մենք բոլորս, մարդիկս, ամենախորունկ իմաստով կապված ենք միմյանց այդ հիմնարար գաղափարներով:

Եկեք սիրենք միմյանց, չնայած, որ տարբեր ենք: Յուրաքանչյուրն իր բնավորությունն ունի: Բայց Քրիստոս ի՞նչ ասաց: «Եթե դուք միմյանց սիրեք, դրանով մարդիկ կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք» (Հովհ. 13:35): Նա չասաց օրինակ՝ բոլորը կիմանան, որ Իմ աշակերտներն եք, եթե բոլորդ նույն երաժշտությունը լսեք, եթե բոլորդ նույն հայացքներն ունենաք կամ նույն կերպ ապրեք: Մեզանից յուրաքանչյուրը սեփական բնավորությունն ունի՝ քոնը ուրիշ է, իմն՝ ուրիշ: Չէ որ Սուրբ Պատարագի ընթացքում էլ յուրաքանչյուրն իր ձևով է աղոթում՝ քո հոգին ցնծում է, իմը՝ հուզվում, ամեն մեկն աղոթքը յուրովի է վերապրում: Այդպես չէ՞: Բայց Պատարագի ժամանակ բոլորս սեր ենք զգում: «Դրանով մարդիկ կիմանան,- ասում է Քրիստոս,- որ դուք իմ աշակերտներն եք, եթե միմյանց սիրեք»: Դա ամենադժվարն է: Ամենադժվարը սերը պահպանելն է:

Սիրելն ամենադժվարն է: Դա սխրանք է:

Իսկ ինչպե՞ս: Ինչպե՞ս կարելի է սիրել, եթե նախօրոք չսովորել: Դժվար է սիրել: Դու սիրո՞ւմ ես: Սիրում ես: Մտքումդ այն մարդիկ են, ում սիրում ես և ասում ես. «Սրան եմ սիրում, այն մեկին, մյուսի հանդեպ թուլություն ունեմ, այս մեկի համար կմեռնեմ…»: Եվ դա սեր է համարվում: Այդ ամենը մենք մի բառով «սեր» ենք անվանում: Իսկ իրականում շատ դժվար է ասել «ես քեզ սիրում եմ»: Դա սխրանք է:

Սերը գագաթ է: Դա հաղթահարում է, այլ ոչ թե առօրյա սովորական մի բան: Մի տեղ մի ծերի՝ վանքի վանահոր մասին կարդացի: Մենաստանում վանականներից մեկի ձեռնադրությանն էին պատրաստվում: Ձեռնադրության օրը վանահայրը վանքի դարպասներից դուրս եկավ և հարգարժան հյուրին՝ միտրոպոլիտին էր սպասում, ով պատրաստվում էր տոնակատարությանը ներկա լինել, և հրավիրված այլ պաշտոնատար անձանց: Բազմաթիվ մարդիկ էին վանահոր կողքով անցնում ու մենաստան մտնում. պարզ հավատացյալներ, վանականներ և այլոք: Հաջորդ օրը, երբ ամեն ինչ ավարտվեց, վանահայրը հավաքեց եղբայրներին և ասաց.

- Թանկագին հայրեր, ես որոշ ժամանակով պետք է լքեմ ձեզ: Պետք է հեռանամ, որպեսզի ավելի լավ տեսնեմ ինձ:

- Հեռանալու ի՞նչ կարիք կա: Մենք ձեզ այնքա՜ն ենք սիրում:

- Այո՛, բայց երեկ մի բան հասկացա:

- Ի՞նչ հասկացաք, Հա՛յր,- հարցրեցին նրանք:

- Երբ դարպասների մոտ կանգնած հյուրերին էի սպասում, որ ձեռնադրությանը պիտի գային, նկատեցի, որ եթե մեծանուն մեկը, որևէ պաշտոնատար անձ էր գալիս, զգում էի, թե ձեռքերս ինչպես են հուզմունքից խոնավանում: Իսկ երբ հասարակ ուխտավորներ էին գալիս՝ ափերս ինչպես միշտ չոր էին մնում: Ես տարբեր մարդկանց տարբեր կերպ էի արձագանքում:

- Այո,- ասացին նրանք,- ի՞նչ կա որ: Մի՞թե բնական չէ:

- Միգուցե ձեզ համար է բնական, սակայն ես՝ ձեր հովիվը, պետք է իմ կյանքում սովորած լինեի բոլորին նույն կերպ սիրել: Եվ ինձ յուրաքանչյուրի հետ հավասարապես հարմարավետ զգալ: Բոլորին սիրել և ոչ ոքից չվախենալ, չնսեմանալ որոշ մարդկանց առջև և համարձակ չլինել մյուսների հետ: Ես կարծես Աստծո սիրտը պետք է լինեմ, Աստծո մեջ լինեմ: Այդ պատճառով էլ որոշ ժամանակով կհեռանամ, որպեսզի ավելի լավ տեսնեմ ինքս ինձ: Այստեղ՝ առօրյա գործերի և ղեկավարման մեջ տարավարժվել եմ իմ ներսը նայելուց:

Եվ նա որոշ ժամանակով հեռացավ մենաստանից, որպեսզի իր ներսը քննի, և գտնի հարցերի պատասխանները՝ իսկ ինքը սիրո՞ւմ է, ի՞նչ է սիրում, արդյո՞ք պարզ ու վճիտ է բոլորի համար, անկե՞ղծ է բոլորի հետ, բա՞ց է բոլորի համար:

«Սիրում եմ» հաճախ նշանակում է «քո կարիքն ունեմ»: Իսկ դա արդեն սեր չէ:

Օրինակ՝ ասում ես. «Սիրում եմ»: Բայց «սիրում եմ« երբեմն նշանակում է «քո կարիքն եմ զգում»: Եվ այդժամ դա արդեն սեր չէ հանուն սիրո: Այո՛, որոշ մարդիկ իսկապես մեզ անհրաժեշտ են: Բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ մենք նրանց սիրում ենք: Սիրել նշանակում է բարին ցանկանալ նրան, ում սիրում ես: Հոգ տանել նրա մասին: Եթե տեսնում եմ, որ նա կարող է առաջադիմել որևէ հարցում, ապա հաջողություն եմ ցանկանում նրան, եթե նույնիսկ դա «ձեռնտու» չէ ինձ:

Այսպես մտածիր. «Ուզում եմ, որ իմ երեխան զարգանա, որովհետև սիրում եմ նրան և կարևոր չէ, թե ուր կգնա դրա համար: Թող աշխարհի որ երկիրն ուզում է, գնա: Չէ որ սիրում եմ նրան և բարին եմ ցանկանում: Իսկ եթե նրա համար բարին թևերն ուղղելն ու ինձնից թռչել հեռանալն է, ապա ես հարգանքով կվերաբերվեմ այդ քայլին: Որովհետև սիրում եմ նրան: Բայց այնքա՜ն եմ զգալու նրա պակասը: Աչքերս նրան չեն տեսնելու, ձեռքերս նրան չեն դիպչելու, չեն շոյելու, չեն գրկելու: Իմ սիրելի զավակն իմ կողքին չի լինելու»:

Երբ իսկապես սիրում ես, ապա առաջին հերթին մտածում ես նրա մասին, ում սիրում ես, նրա բարօրության մասին: Դժվար է: Ահա՛ թե ինչ պատմեց ինձ մի երիտասարդ: Նրա հայրը շատ էր ուզում, որ որդին համալսարան ընդունվի: Նա ուզում էր դա «հանուն որդու բարօրության» (նա այդպես էր կարծում): Որդուն ասում էր. «Ուզում եմ, որ ընդունվես: Ես սիրում եմ քեզ, տղա՜ս: Քո իսկ բարօրության համար ենք ասում, անհանգստանում ենք քեզ համար»: Իսկ պատանին պատասխանում էր. «Իսկ մի՞թե չեմ անում այն, ինչ կարող եմ: Անում եմ: Կջանամ: Բոլոր ուժերս գործի կդնեմ»: Խեղճը ջանում էր, պատրաստվում, բայց վերջ ի վերջո քննությունից կտրվեց: Չընդունվեց: Եվ նրա հայրը, զայրույթի մոլուցքով բռնված (չէ որ, երբ զայրանում ենք, ապա երբեմն մեր իսկական դեմքն ենք բացահայտում և արտահայտում ենք այն, ինչ իրականում զգում ենք, ցույց ենք տալիս, թե իրականում ով ենք), նրան ասաց. «Վե՛րջ, ամեն ինչ կորած է: Կյանքում անհաջողակի մեկն ես լինելու: Ես վաղն աշխատանքի կգնամ և ի՞նչ պիտի ասեմ նրանց, ում երեխաներն ընդունվել են: Գործընկերոջս աղջիկն ընդունվել է: Վաղն ինչպե՞ս եմ նրա աչքին երևալու և ասելու, որ դու կտրվել ես»: Որդին հասկացավ հոր ասելիքը. «Հայրս միշտ ասում էր, որ սիրում է ինձ, իսկ այժմ արժեզրկվեցի նրա աչքին: Հենց չընդունվեցի, հայտնեց, որ ինձ չի սիրում: Կտրվեցի քննությունից և նա ինձ արդեն գործընկերոջ դստեր հետ է համեմատում և հանդիմանում, որ վաղը իմ փոխարեն ամաչելու է իր աշխատավայրում»:

Բայց մի՞թե սերը պայմաններ է դնում: «Ես քեզ սիրում եմ, եթե ընդունվես», «ես քեզ սիրում եմ, եթե չստիպես ինձ կարմրել»: «Դե լա՜վ,- կասեք ինձ,- միևնույն է սիրում ենք մեր երեխային, մի՛ չափազանցրու»: Այո՛, բայց տեսար չէ՞, թե նա ինչ ասաց: «Վաղն ինչպե՞ս եմ հարևաններիս աչքին երևալու: Մարդկանց ի՞նչ եմ ասելու: Ընտանիքիս իրական դեմքն ինչպե՞ս եմ ցույց տալու և ասելու, որ որդիս այս տարի չի ընդունվել»: Իսկ, ըստ էության, ի՞նչ է կատարվել: Մի՞թե մարդու արժեքը կախված է նրանից, թե արդյո՞ք ընդունվել է, դիպլոմ ունի կամ ոչ: Մի՞թե մարդուն սիրելու համար պետք է, որ նա գիտությունների հանդեպ ընդունակություններ ունենա: Ո՛չ, թանկագի՛նս: Ես մարդուն սիրում եմ անկախ այն բանից, թե ինչով է զբաղվում, ինչպես որ Տերն է մեզ սիրում:

Մի երեխայի հարցրեցի. «Աստծուն ինչպե՞ս ես զգում, երբ մեղք ես գործում»: Եվ երեխան պատասխանեց. «Զգում եմ, որ Նա զարմանքով, ափսոսանքով ինձ է նայում ու բարկանում է ինձ վրա»: Մեկ ուրիշն ասաց. «Զգում եմ, որ Աստված պատժելու է ինձ»: Իսկ սրբերն ասում էին. «Երբ մեղք ենք գործում և երբ մեղք ենք գործել մեր կյանքում, զգացել ենք, որ Աստված մեզ ավելի ջերմորեն, ավելի ամուր ու մեծ սիրով է գրկում, որովհետև այդ պահին ավելի ուժգին ենք Նրա կարիքը զգում»:

Աստված Իր յուրաքանչյուր արարածին սիրում է: Նա և՛ քեզ է սիրում, և՛ ինձ: Ոչ միայն այն ժամանակ, երբ առաքինությամբ ենք ապրում, այլ նաև այն ժամանակ, երբ միջակ ենք ապրում, սխալներ ենք գործում և ընկնում:

Նույնիսկ, երբ դու անառակ որդի ես դառնում, այդ ժամանակ էլ է Աստված սիրում քեզ: Դու այդ ժամանակ էլ արժեքավոր ես Նրա աչքին ոչ այն պատճառով, որ լավն ես կամ վատը, այլ որովհետև դու Նրա սիրո, Նրա ձեռքերի արարումն ես: Դու արժեք ունես և մի ճանապարհով ես ընթանում, որի վրա մարտնչում ես, պայքարում: Եվ Աստված քեզ չի դատում դրա համար, որովհետև գիտի, որ այն, ինչ այսօր ես, ընդամենը մի ակնթարթ է, կյանքիդ մի որոշակի փուլ, իսկ միգուցե՝ փորձություն, որը հաղթահարում ես և փորձում փոխվել: Քեզ չի հաջողվում: Բայց Աստված միևնույն է սիրում է քեզ: Դու կտավի ես նմանվում, որին նայում է Քրիստոս և տեսնում, թե ինչպես ես տքնում Նրա շնորհի հետ համագործակցել, վերցնել Նրա վրձինն ու Նրա դիմապատկերը պատկերել սրտումդ, Աստծո պատկերը, Քրիստոսի սիրո պատկերը: Բայց չես կարողանում: Սխալներ ես թույլ տալիս՝ այստեղ խզբզում ես կտավի վրա, այստեղ ջնջում ես խզբզոցը, այստեղ ամեն ինչ գլխիվայր ես շուռ տալիս: Եվ Աստված ի՞նչ է ասում դրան ի պատասխան. «Ես վերջում ավարտուն նկարին եմ սպասում: Ես ոչ մի տեղ չեմ շտապում: Գիտեմ, որ այսօր սխալվել ես: Բայց գիտեմ նաև, որ կտավդ դեռ ստեղծման փուլում է, և քո վերաբերյալ ոչ մի ենթադրություն չեմ անում: Ես քեզ հարգում եմ: Ես քեզ ոչ ոքի հետ չեմ համեմատում,- ասում է Աստված,- չեմ հիշեցնում քեզ, որ սրբեր, հրեշտակներ ու հրեշտակապետներ ունեմ, որ հիասքանչ հոգի և հրաշալի սիրտ ունեցող Աստվածածինը կողքիս է: Չեմ կշտամբում քեզ, չեմ ասում՝ ինչո՞ւ ես այսպիսին ու այսպիսին»: Ո՛չ, Աստված նման բան չի ասում: Նա մեզ չի համեմատում: Նա յուրաքանչյուրին սիրում է:

Չգիտեմ, տեսե՞լ ես արդյոք, թե նկարիչը, զանազան փուլեր անցնելով, ինչպես է նկարը ստեղծում, կամ ավելի շուտ՝ սրբապատկերը: Նախ նա նախաներկն է դնում, հետո աստիճանաբար՝ գույները, ստվերները, կարմրաներկը: Այդ ամենն աշխատանքի սկզբնական փուլերում է տեղի ունենում, և դեռևս տեսանելի արդյունք չի լինում: Չի կարելի միանգամից պատրաստի սրբապատկեր ստանալ և այն եկեղեցի տանել: Սրբապատկերը դեռ ավարտուն չէ: Այդպիսի պատկերը նույնիսկ քո սենյակում չես կարող կախել: Այն ավարտված չէ: Բայց միևնույն ժամանակ չի կարելի այն անօգուտ համարել: Չի կարելի դրա արժեքը նվազեցնել, չի կարելի այն մի կողմ նետել: Որևէ եզրակացություն չի կարելի անել դրան նայելով (այն դեռ ընթացքի մեջ է): Բայց այն նույնիսկ անավարտ վիճակում է արժեքավոր:

Տերը մեզ այդպես է սիրում: Որովհետև տեսնում է, որ մենք մարդ ենք և կամաց-կամաց ջանում ենք Նրան նմանվել և Նրա սիրուց սեր վաստակել, Նրա կյանքից՝ կյանք, Նրա լույսից՝ լույս: Եվ Նա գիտի դա և մեզ գիտի: Այդ պատճառով էլ սիրում է մեզ: Երբ մարդուն չես սիրում, կարելի է ասել, որ չես ճանաչում նրան: Ով գիտի, թե իրականում ինչ է կատարվում մեկ այլ մարդու հետ, ապա սիրում է նրան: Նա, ով գիտի, որ «ուրիշ մեկն իմ թշնամին չէ, իսկ եթե նույնիսկ թշնամիս է, ապա մեղքն իմ մեջ է», կսիրի նրան՝ այդ մարդուն: Դու կսիրես նրան, ով քեզ անտանելի ցավ է պատճառել, ով վիրավորել է քեզ, եթե հասկանաս, որ խնդիրը նրա մեջ չէ, այլ քո ներքին վիճակի, որը դեռևս բժշկված չէ: Դա բաց վերք է, որը դեռ չի սպիացել: Դա քո ցավն է, որ դեռ չի մեղմացել:

Մենք թշնամիներ չունենք: Չկա այդպիսի թշնամի, որի վրա արժե ուժերը ծախսել և ատել նրան: Այս աշխարհում չկա այդպիսի թշնամի: Եթե դու լավ զննես այն մարդու կյանքը, ով քեզ մեծ չարիք է պատճառել, և փորձես պատասխանել, թե ինչու և ինչպես է դա արել, ինչ շարժառիթներ է ունեցել, ինչպես է իրեն զգացել, ինչպիսին են եղել նրա մանկության տարիները, ինչու է այդ սահմանագծին հասել, ապա կտեսնես, որ նա քո թշնամին ու հակառակորդը չէ:

Այդ պատճառով էլ Քրիստոս ասում է. «Մի՛ վախեցեք նրանից, ով կարող է ձեզ արտաքնապես փորձության ենթարկել, քանի որ ոչ ոք չի կարող ձեր հոգին գայթակղության մատնել»: Ոչ ոք չի կարող քեզ վնասել: Երբ զգում ես, որ ինչ-որ մեկը վնասել է քեզ և ատում ես նրան այդ պատճառով, իրականում նա չէ, որ վնասել է քեզ: Այլ հենց քո մեջ ինչ-որ բան այն չէ, ինչ-որ այլ բան է քեզ գայթակղում:

Այդ պահերին Աստծուն հարցրու.

- Տե՛ր Աստված, Դո՞ւ էլ ես ատում այն մարդուն, ում ես ատում եմ:

Եվ Քրիստոս քեզ կասի.

- Ո՛չ: Ես նրան ներել եմ: Գողգոթայի վրա: Բայց ոչ միայն այն ժամանակ, Ես այժմ էլ ներում եմ բոլորին և սիրում:

- Բայց ինչպե՞ս, Տե՛ր: Ինչպե՞ս կարող ես նրան սիրել:

Իսկ Աստված քեզ կպատասխանի.

- Ես տեսնում եմ բաներ, որոնք դո՛ւ, զավա՛կս, դեռ չես նկատել: Ես տեսնում եմ, որ նա էլ է շատ տանջվում: Տեսնում եմ, որ նա քեզ հետ այդպես է վարվել ոչ այն պատճառով, որ վատն է, այլ այն, որ վախենում է ու պաշտպանվում:

- Ինչպե՞ս թե վախենում է, Տե՛ր Աստված: Նա այնքան չարիք է պատճառել ինձ… Դու գիտես, թե որքան տառապանք է պատճառել ինձ: Ես նրա պատճառով տեղս կորցրեցի: Նա վրեժ էր լուծում ինձանից, դատարաններով գնաց…

- Այո՛,- Ասում է Տերը,- բայց հավատա, եթե կարողանայիր նրա հոգու վախը տեսնել, սրտի տագնապը, անհանգիստ խիղճը, ապա չէիր ատի նրան: Դու նրան կսիրեիր: Քո մեջ կզգայիր այն, ինչ գթասրտություն է կոչվում: Զավա՛կս, նա քո սիրո կարիքն է զգում: Նա աջակցության կարիք է զգում, այլ ոչ թե՝ վրեժխնդրության: Սովորիր այնպես «վրեժ լուծել», ինչպես Աստված է քեզնից «վրեժ լուծում»: Նա վրեժ չի լուծում, այլ միշտ սիրով է պատասխանում և դա զինաթափ է անում:

Հասկացի՛ր, որ նույնիսկ նա, ում դու չես հանդուրժում, արժանի է քո բարությանն ու ներմանը: Միակ բանն այն է, որ մենք անկեղծ չենք: Եվ մեր վերքը ցույց տալու փոխարեն, հաճախ ստորություններ ենք անում: Բայց վատ մարդ չկա, հասկացի՛ր: Բավական է միայն ստոր մեկի հոգու անհրաժեշտ ստեղնը սեղմես և դրանից սիրո մեղեդի կլսվի: Թվում է, թե դու ոչ այն ստեղն ես սեղմում, որ անհրաժեշտ է: Եվ այդ պատճառով էլ խառնաղմուկ է հնչում, հիստերիկ ձայներ, հայհոյանք, կծու խոսքեր են լսվում: Բայց այդ մարդու ներսում զարմանահրաշ աշխարհ կա, որը մենք դեռ չենք կարողացել բացահայտել, այնպես անել, որ այն տեսանելի դառնա շրջապատի մարդկանց համար: Գիտեմ, դժվար է: Դժվար է, որովհետև ինքներս մեր կյանքում մեծ սեր չենք ունեցել: Ես քեզ առաջարկում եմ մեկ այլ մարդու սիրել, իսկ դու ասում ես. «Ինչպե՞ս նրան սիրեմ: Ախր ինքս դեռ մեծ սեր չեմ ապրել իմ կյանքում»: Եվ այդպես մեզանից շատերը. մենք սերը մեր անձնական կարիքներով ենք փոխարինել:

Մի երիտասարդ ինձ ասաց բառեր, որոնք մեծ տպավորություն գործեցին ինձ վրա.

- Ես մի աղջկա եմ շատ սիրում, հարգում եմ նրան, հիանում նրանով և շատ եմ ուզում նրա հետ լինել:

- Եվ ի՞նչ ես անում դրա համար,- հարցրեցի նրան:

- Ոչինչ: Նա երբեք չի իմանա զգացմունքներիս մասին:

- Ինչո՞ւ:

- Որովհետև նա ուրիշին է սիրում: Իսկ քանի որ ես նրան իսկապես սիրում եմ, ոչինչ չեմ ասում զգացմունքներիս մասին և երբեք նրա կյանք չեմ ներխուժի: Այժմ մենք ավարտում ենք համալսարանը, և ես ցանկանում էի մոտենալ նրան, խոսել հետը, առաջարկել ընտանիք կազմել: Սակայն, երբ հասկացա, որ նա ուրիշի մասին է մտածում՝ նրան հանգիստ թողեցի: Ես սիրում եմ նրան և այդ պատճառով էլ չեմ խոսում նրա հետ: Ես նրան սիրում եմ և այդ պատճառով էլ՝ խուսափում եմ:

Ա՛յ սա սեր է կոչվում: Մտածել այն մարդու բարօրության մասին, ում սիրում ես: Իսկ քանի որ տվյալ դեպքում բարօրությունը նրա սիրտը չփորփրելն է, հարգանքով վերաբերվելը այն ուղուն, որով մարդը ցանկանում է ընթանալ, ապա սերը քեզ դրդում է աներևակայելի արարքների, սերդ արցունքի ես վերածում, մարգարտահատիկի, ցավի, որը կենդանի ջուր կբխեցնի և Աստվածային օրհնությամբ կլվանա սիրտդ: Եվ թող թվա, թե սերդ չես արտահայտում և ցույց չես տալիս այն, բայց իրականում սերդ ավելի խորունկ է դառնում: Դու չափազանց դյուրընկալ և իրական մարդ ես դառնում, բանաստեղծական ու ազնիվ: Եվ մի օր դա կհատուցվի: Անկասկա՛ծ:

(Շարունակելի)

 Ծայրագույն վարդապետ Անդրեյ (Կոնանոս)

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am